Լրահոս
Օրվա լրահոսը

Մահացածի փոխարեն քվեարկելու համար՝ 500 հազար դրամ տուգանք

Ապրիլ 28,2017 13:06

Տավուշի մարզի Պտղավան գյուղի բնակիչ, Պտղավանի միջնակարգ դպրոցի դասվար, 1969թ. ծնված Արփինե Փաշիկի Թանդարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. սեպտեմբերի 18-ին ՀՀ տեղական ինքնակառավարման ընտրությունների՝ խոշորացված Այրում համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրությունների ժամանակ, հանդիսանալով թիվ 40 ընտրատարածքի թիվ 40/05 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամ, ունենալով ընտրացուցակը լրացնելու իրավասություն, գործով չպարզված թեկնածուի օգտին քվեարկելու նպատակով ընտրացուցակում լրացրել է Պտղավան գյուղի մահացած բնակիչ Վասիլի Ղեւոնդովի նույնականացման քարտի տվյալները եւ նրա փոխարեն կատարել քվեարկություն:

Ամուսնացած, բարձրագույն կրթությամբ Արփինե Թանդարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 153 հոդվածի հատկանիշներով («Կեղծ տվյալներ հայտնելու, կեղծ փաստաթղթեր ներկայացնելու կամ որեւէ այլ եղանակով մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը»): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Այդ քրեական գործով դատավարությունը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում սկսվել է 2017թ. մարտի 30-ին: Մինչ դատաքննությունը սկսվելը՝ ամբաստանյալ Ա. Թանդարյանը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով, հայտարարելով, որ միջնորդությունը կայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետեւանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ: Դատարանը բավարարել է այդ միջնորդությունը:

Դատարանն Ա. Թանդարյանի նկատմամբ պատիժ նշանակելիս, որպես նրա պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող հանգամանքներ, հաշվի է առել այն, որ նա խոստովանել է իր մեղքը եւ անկեղծորեն զղջում է կատարածի համար, նախկինում ոչնչով արատավորված չէ, բնութագրվում է դրական, խնամքին ունի մինչեւ տասնչորս տարեկան մեկ երեխա:

Դատարանը համարել է, որ նրա պատասխանատվությունը եւ պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան: 2017թ. ապրիլի 7-ին Իջեւանում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ Սամվել Մարդանյանը վճռել է Արփինե Թանդարյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով եւ նրան դատապարտել 500 հազար դրամի չափով տուգանքի:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930