Լրահոս
Օրվա լրահոսը

Որ ոլորտների հաշվին են ավելացել խոշորների վճարները. «Հայոց Աշխարհ»

Ապրիլ 28,2017 12:55

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի խոշոր հարկատուների ցանկը։

Հայաստանում գործող հազար խոշոր ընկերությունները պետական բյուջե են վճարել շուրջ 175 մլրդ դրամ։ Նախորդ տարվա համեմատ խոշորների վճարներն ավելացել են 11,7 տոկոսով։ Ըստ այդմ, առաջին հազար հարկատուների մասնաբաժինը հարկային եկամուտներում կազմել է գրեթե 68,6 տոկոս, ինչը 0,8 կետով բարելավվել է։
Ինչպես հայտնի է, այս տարի պետական բյուջեի հարկային եկամուտների հավաքումը բավականաչափ հաջող է ընթանում։ Առաջին եռամսյակի արդյունքներով, պետական գանձարան է մուտք արվել 255 մլրդ դրամ։ Այն 24,5 միլիարդով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը։ Ավել հավաքված գումարից 18,4 միլիարդը ապահովել են խոշոր հարկատուները։

Հարկային պարտավորությունների առումով նկատելի է հանքարդյունաբերության ոլորտում գործող ընկերությունների կատարած վճարների դինամիկայի փոփոխությունը։ Մի բան, որ պայմանավորված է հիմնականում հանքահումքային ապրանքների, մասնավորապես պղնձի միջազգային գների բարձրացմամբ։ Նախորդ տարվա համեմատ այն տոննայի հաշվով գրեթե հազար դոլարով թանկացել է։ Դա էլ նպաստել է ոլորտում գործող ընկերությունների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ավելացմանը։
Առաջին եռամսյակի արդյունքներով, Հայաստանի ամենախոշոր հանքարդյունաբերական ձեռնարկությունը, ի դեմս «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի», կատարել է ավելի քան 4,7 մլրդ դրամի հարկային պարտավորություն։ Այն դեպքում, երբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կոմբինատը պետական բյուջե էր վճարել 2 միլիարդից պակաս գումար։

«Կապանի լեռնամետալուրգիական կոմբինատի» պարտավորությունները կազմել են 3 մլրդ դրամ՝ 2016թ. 569 միլիոնի դիմաց։ Շուրջ 740 մլն դրամով ավել հարկ է վճարել «Թեղուտը»։ Առաջին եռամսյակում այս ընկերությունը պետբյուջե է փոխանցել գրեթե 2,2 մլրդ դրամ։

«Գրանդ Հոլդինգի» կազմում ընդգրկված հիշյալ հինգ ընկերությունները միասին առաջին եռամսյակում պետական բյուջե են փոխանցել ընդհանուր առմամբ ավելի քան 10 միլիարդ դրամ, ինչը հայրենական արտադրության ոլորտում գործող ընկերությունների շարքում աննախադեպ բարձր ցուցանիշ է։

Դրանով հոլդինգի վճարած հարկերը զիջում են միայն խոշորների ցանկը գլխավորող «Գազպրոմ Արմենիային», որը, սակայն, գործում է բոլորովին այլ դաշտում։ Վերջինս, առաջին եռամսյակի արդյունքներով, պետական բյուջե է փոխանցել շուրջ 16,8 մլրդ դրամ։
Ընկերության կատարած պարտավորություններն ավելացել են 1,2 միլիարդով, ըստ ամենայնի, պայմանավորված գազի ներմուծման ծավալների աճով։ Ինչպես հայտնի է, այս տարի կապույտ վառելիքի ներքին սպառումը Հայաստանում զգալիորեն ընդլայնվել է։ Ավելացել են նաեւ «Տրանսգազի» վճարները. ընկերությունը պետական բյուջե է փոխանցել ավելի քան 2 մլրդ դրամ։

Առաջին եռամսյակում վճարած հարկերի մեծությամբ չորրորդը գործարար Ս.Ալեքսանյանին պատկանող ընկերությունն է, սակայն ոչ թե հայտնի «Ալեքս Գրիգը», այլ նորահայտ «Ալեքս Հոլդինգը»։ Վերջինս գործունեություն է սկսել ծավալել անցած տարվա երկրորդ կեսից։ Արդեն այս տարվա սկզբին դարձել է խոշորների առաջատարներից մեկը՝ վճարելով գրեթե 4,5 մլրդ դրամ։

Իհարկե, դա տեղի է ունեցել հիմնականում «Ալեքս Գրիգի» հաշվին, որը նախորդ տարվա 3,3 միլիարդի փոխարեն, այս տարի համեստ՝ ընդամենը 385 մլն դրամի հարկ է վճարել։ Այլ կերպ ասած, հերթական անգամ Ս.Ալեքսանյանը որոշել է մեկ ընկերությունը փոխարինել մյուսով։

Գործարարին պատկանող «Ս եւ Գ» ընկերությունը պետական բյուջե է փոխանցել շուրջ 440 մլն դրամ, ինչը նախորդ տարվանից ավել է 70 միլիոնով։

Հարկային պարտավորությունների փոփոխական դրսեւորումներ են արձանագրվել հեռահաղորդակցության շուկայում գործող ընկերությունների մոտ։ «Ղ¬Տելեկոմի» եւ «ԱրմենՏելի» վճարած հարկերը շարունակել են նվազել։ Անկումը մեծ է հատկապես երկրորդի դեպքում։ Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ «ԱրմենՏելը» 1,2 մլրդ դրամով պակաս պարտավորություն է ձեւավորել։ Թեպետ այն շարունակել է մնալ հեռահաղորդակցության շուկայի ամենախոշոր հարկատուն՝ վճարած շուրջ 2,2 մլրդ դրամով։ «Ղ¬Տելեկոմը» պետական գանձարան է փոխանցել 1,8 մլրդ դրամ։
Ի տարբերություն նշված երկու ընկերությունների, դրական դինամիկա է արձանագրվել «Յուքոմի» մոտ։ Չնայած վճարված հարկերի մեծությամբ այն շարունակում է զիջել «Ղ¬Տելեկոմին» եւ «ԱրմենՏելին», այնուհանդերձ արագորեն մոտենում է նրանց։ «Յուքոմի» վճարած հարկերը վերջին մեկ տարվա ընթացքում ավելի քան կրկնապատկվել են՝ 530 միլիոնից հասնելով 1,2 մլրդ դրամի։

 

Ս. Բեգլարյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930