ՀՀ Փաստաբանների պալատում այսօր լրագրողների հետ հանդիպմանը փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը պարզաբանումներ ներկայացրեց երեկ փաստաբան Տիգրան Աթանեսյանի հետ կապված միջադեպի շուրջ: Հիշեցնենք՝ ըստ Տիգրան Աթանեսյանի՝ Սիմոն Բաբայանն իր գործընկերոջ հետ հարձակվել են իր վրա:
Սիմոն Բաբայանը ներկայացրեց դեպքի նախապատմությունը: Ըստ նրա՝ փաստաբաններ Երվանդ Վարոսյանը, Տիգրան Աթանեսյանը եւ Արմեն Սողոմոնյանը տեւական ժամանակ իրենց սոցցանցային էջերում վիրավորել են իրեն եւ պալատի աշխատակիցներին, կասկածի տակ դրել փաստաբանների դպրոցի երիտասարդ փաստաբաններից մեկի գործունեությունը, ինչը չի ողջունել Սիմոն Բաբայանը:
«Խմբերից մեկում Տիգրան Աթանեսյանն իմ ու ընտանիքիս ուղղված սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել: Ցանկացա հանդիպել եւ պարզաբանում պահանջել: Արսեն Հարությունյանի հետ հանդիպեցի նրան իր գրասենյակում: Վերջինս հայհոյեց իմ անձը ու հարվածեց: Տեղի ունեցավ վիճաբանություն: Արմեն Սողոմոնյանը հարվածեց Արսեն Հարությունյանին, որը ստացավ դիմածնոտային կոտրվածք»,-պատմեց Սիմոն Բաբայանը:
Կարդացեք նաև
Նրա խոսքով՝ Տիգրան Աթանեսյանը ստահոդ տեղեկություններ է հրապարակել, թե առաջին հարվածողն ու հայհոյողը Բաբայանն է եղել. «Տղայական հողի վրա քաշքշուկի մտադրություն չի եղել, բայց պետք էր պարզաբանում պահանջել հայհոյանքներ տեղած Տիգրան Աթանեսյանից»:
Ըստ Սիմոն Բաբայանի՝ Արմեն Սողոմոնյանին ինքը անձամբ հարված չի հասցրել. «Իմ քաշքշուկը Տիգրան Աթանեսյանի հետ է տեղի ունեցել, հարվածներ չեմ հասցրել»: Թե որտեղից Արմեն Սողոմոնյանի վնասվածքը, Սիմոն Բաբայանը դժվարացավ ասել. «Մեզանից որեւէ մեկը ոչ մի սուր կտրող ծակող գործիք չի ունեցել, նման նպատակ էլ չի եղել»:
Այլ մանրամասները՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ