Այսօր Սահմանադրական դատարանը հրապարակելու է իր որոշումը՝ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի ներկայացրած դիմումի հետ կապված: ՍԴ-ում վիճարկվում է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ կայացրած որոշումը:
Իր ամփոփիչ ելույթում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ասաց. «Դատավարության ընթացքում հստակ ընդգծվեց մեկ հանգամանք՝ դիմող կողմը ավելի շատ քննարկման առարկա դարձրեց օրենսգրքի դրույթների ընկալման, մեկնաբանման հիմնահարցերը, դրանց վերաբերյալ տարաբնույթ տեսական հիմնախնդիրներ բարձրացնելը՝ բարձր դատարանին չներկայացնելով որեւէ ապացույց: Ներկայացվածը հիմնականում իրավական հիմքերից զուրկ դատողություններ էին»:
Նա ասաց, որ ՀԱԿ-ՀԺԿ-ի դիմումում ներկայացված դատողությունները սնանկ էին, չէին պարունակում փաստարկված ապացույցներ, ներկայացրած իբր թե ապացուցող փաստարկները կամ հավելվածները, մեղմ ասած, իրենցից որեւէ իրավական արժեք չէին ներկայացնում. «ՀՀ պատմության ողջ ընթացքում առաջին անգամ բարձր դատարանում քննվեց ընտրությունների հետ կապված դիմում, որը ոչ միայն փաստարկներում, այլեւ կից ներկայացված փաստաթղթերի տրցակում առկա չէր գեթ մեկ պատշաճ կազմված փաստաթուղթ, որը ներկայացված է դիմողի հետ որեւէ կապ ունեցող իրավահարաբերությունների սուբյեկտի կողմից՝ դիմող, վստահված անձինք, դիմողի ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուներ, հանձնաժողովի անդամներ, դիտորդներ: Մենք այս ընթացքում հանդիպեցինք դիտորդի անունից վերարտադրված մտքերի, բայց ուղղակի դիտորդի կողմից կազմված որեւէ առաջնային փաստաթուղթ անգամ այդ տրցակում առկա չէր»:
Տիգրան Մուկուչյանը խոսեց «Արմենիա» բժշկական կենտրոնի ընտրողների ցուցակից. «Այդ ցուցակը սկսել էին կազմել 1180 հոգուց, կազմվում էր դիմողի լիազոր ներկայացուցիչների մասնակցությամբ, որովհետեւ, ըստ էության, թեկնածուն նաեւ այդ կազմակերպության ղեկավարն էր: Բավականին մեծ ռեսուրսի կիրառման արդյունքում միայն հնարավոր եղավ այդ ցուցակը դարձնել 421 ու այն էլ այն դեպքում, երբ այդ կազմակերպությունը բոլոր ընտրությունների ժամանակ ամենամեծ թիվը, որ ներկայացրել է երբեւէ, եղել է 151 ընտրողը: Դե եթե խոսում ենք ռեսուրսից, խոսենք ամեն ինչի մասին: Եթե չլինեին ԿԸՀ-ի կանխումները, մենք այնտեղից կարող էինք ունենալ 1180 հոգանոց ցուցակ, որում կներառվեին նույնիսկ բուժանձնակազմից մարդիկ եւ այլ անձինք»:
Կարդացեք նաև
ԿԸՀ նախագահն ասաց, որ իհարկե, իդեալական չեն աշխատել, թերություններ եղել են եւ խոսեց մի թերության մասին. «Կար այդպիսի մի թերություն, որը մենք, ցավոք, շատ ուշ հայտնաբերեցինք»:
Մուկուչյանը դատարանին ներկայացրեց ՀԱԿ-ՀԺԿ-ի դիմումում լիազորագրի հետ կապված մի խնդիր, որը ՀԺԿ-ի հետ էր կապված. «ՀԺԿ կուսակցության նախագահի բացակայության ժամանակ նրա պարտականությունների կատարումը նրա առաջարկությամբ դրվում է ՀԺԿ վարչության քարտուղարներից մեկի վրա: Սա նշանակում է, որ ոչ թե միանձնյա է դրվում, այլ՝ որոշմամբ»:
Մուկուչյանը պարզել է, որ ԿԸՀ-ին ներկայացրած լիազորագրի տակ անգամ Ստեփան Դեմիրճյանի ստորագրությունը դրված չէ. «Անհասկանալի ինչ-որ անձի ստորագրություն է դրված, որը չես պատկերացնի, թե ում ստորագրությունն է: Այո՛, գուցե պետք էր սա ժամանակին հայտնաբերել եւ այս դիմումն ընդհանրապես քննության առարկա չդարձնել, որովհետեւ այդ լիազորագիրը չէր կարող համարվել պատշաճ, բայց արդյունքում անգամ իրենց օգտին է դա տեղի ունեցել: Ու ստեղծվում է հին Ռուսաստանի դրուժինաների ինստիտուտը, կարծես տպավորություն է՝ ով առավոտյան զարթնում է, նա էլ դառնում է էդ օրվա ղեկավարն ու նաչալնիկն այդտեղ»:
Մուկուչյանը հիշեցրեց, որ Լեւոն Զուրաբյանն իր խոսքը սկսեց դեժավյուով. «Այո, ես կարծում եմ, ամբողջ կյանքը կարող է դառնալ դեժավյու, եթե շարժվում են ոչ թե առաջ, այլ շարժվում են դեպի հետ: Սա այն դեպքն է, որն, ինչպես ասում են, հստակ կանխորոշում է, բայց ցավոք, բուժում չկա»:
Տիգրան Մուկուչյանը Սահմանադրական դատարանին հորդորեց ԿԸՀ-ի կայացրած որոշումը թողնել ուժի մեջ, քանի որ հայցը հիմնազուրկ է, մերժման ենթակա:
Հարակից պատասխանողները՝ Ոստիկանության եւ դատախազության ներկայացուցիչները եզրափակիչ խոսքի ցանկություն չունեին: Ուստի դատարանը գնաց խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի 13.00-ին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ