Այս օրերին Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի Ասոցիացիաների տանը ցուցադրվում են սևանցի նկարիչ-մանկավարժ, արդեն 10 տարի Հ. Իգիթյանի անվան գեղագիտական դաստիրակության կենտրոնի Սևանի մասնաճյուղի դասատու, «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ի նախագահ Գոհար Մնացականյանի լուսանկարչական աշխատանքները, որոնք կրում են «Գրենոբլը` հայուհու աչքերով» խորագիրը:
Ցուցահանդեսով ներկայանալու գաղափարը ծնվել է դեռևս անցյալ տարի աշնանը, երբ Գոհարը Սևան-Գրենոբլ ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում, որպես «Ֆրանս-ֆորմասիոն ինտերնասիոնալ» կազմակերպության ծրագրերի` Սևան քաղաքի համակարգող` այցելել էր Գրենոբլ քաղաք:
«Ամեն տեսակ գործունեությունից զատ իմ ամենասիրելի զբաղմունքներից է լուսանկարչությունը: Ֆոտոխցիկն իմ 3–րդ ու ամենակարևոր աչքն է դարձել, որը միշտ ինձ հետ է: Դուրս գալ տանից առանց ֆոտոխցիկի, նման է դուրս գալ առանց կոշիկի: Եվ ահա իմ Գրենոբլ այցելության ժամանակ էլ իմ մշտական ընկերն ու 3-րդ աչքն ինձ հետ էր, որը օգնեց իմ հիշողությունները, քաղաքի կոլորիտն ու գույները ֆիքսել և հավերժացնել»,- ասում է Գոհարը:
Լուսանկարչուհու աչքն ու ապարատը որսացել են ֆրանսիական իրականության բոլոր ծալքերը` հաճախ աննշան ու սովորական, որոնք միևնույն ժամանակ նոր էին, հետաքրքիր ու տարբերվող:
Գոհարի նախասիրությունը, որ վաղուց վերածվել է նաև պրոֆեսիոնալ մոտեցման, չէր կարող վրիպել «Հայաստան. փոխանցում և զարգացում» կազմակերպության նախագահ Կատրին Փունարջյանի ուշադրությունից: Հենց նա էլ առաջարկել է տեղում կազմակերպել լուսանկարների ցուցադրություն:
Սևան վերադարձից հետո Գոհարը մեկ անգամ ևս աչքի է անցկացրել գրենոբլյան պատկերաշարը և առավել հաջողվածներն ուղարկել հասցեատիրոջը:
Մնացածը, ինչպես ասում են, ցանկության, տեխնիկայի և ժամանակի հարց էր:
«Հայաստան. փոխանցում և զարգացում» կազմակերպության նախագահ Կատրին Փունարջյանի փոխանցմամբ` ապրիլի 26-ին Գրենոբլի Ասոցիացիաների տանը բացվել է սևանցի Գոհարի լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը, որտեղ ներկայացված է 20 աշխատանք: Դրանք բացահայտում են Գրենոբլը դրսի հայացքով: Ֆրանսիացիների համար հետաքրքիր է, թե հատկապես ինչ են լուսանկարում դրսի մարդիկ, հայի համար առավել ինչն է տպավորիչ և առանձնահատուկ:
Ցուցահանդեսը կշարունակվի մինչև հունիսի 2-ը և հնարավորություն կտա այցելուներին բացահայտելու իրենց քաղաքը հայուհու աչքերով, որը նաև Գոհարի հիմնական հաղորդագրությունն է. «Ես պարզապես առաջարկում եմ Գրենոբլին նայել իմ հայկական աչքերով ու իմ «պատուհանից»:
«Ցուցադրությունն ունենալու է շարունակություն կամ այլ ընթացք» հարցին Գոհար Մնացականյանը պատասխանում է. «Կա գաղափար այն տեղափոխել նաև Սևան` սևանցիներին հաղորդակից դարձնելով գրենոբլյան իրականությանը: Ունեմ նաև մեկ այլ գաղափար` Գրենոբլում ներկայացնելու Հայաստանը, մասնավորապես Սևանը լուսանկարչական շարքի միջոցով»:
ԱՐՄԻՆԵ ՂՈՒԿԱՍՅԱՆ