Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու գլխավոր ճարտարապետը՝ Շիրակի դատախազին․«Սարսափելի փոփոխություններ չէին, որ քրեական գործ հարուցեցիք» (Տեսանյութ, ֆոտոշարք)

Ապրիլ 28,2017 11:58

Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրու «Կումայրի» արգելոցի տարածքում գտնվող Ռիժկովի ճեմափողոցի պատմամշակութային անշարժ հուշարձանները (շենքերը) փոփոխելու և վերանորոգելու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Որպես հիմք հանդիսացել է ՀՀ վերահսկիչ պալատի՝ Շիրակի մարզի դատախազությանը ներկայացված հաշվետվությունը։

«ՀՀ վերահսկիչ պալատը Շիրակի մարզի դատախազություն է ներկայացրել հաշվետվություն, ըստ որի, առանց համապատասխան թույլտվության փոփոխվել է Ռիժկով փողոցի՝ պատմամշակութային արժեք հանդիսացող և պետական պահպանության տակ գտնվող 4-րդ շենքի ճակատային մասը։ Հաշվի առնելով, որ հաշվետվությունը բովանդակային առումով առերևույթ պարունակել է հանցագործության հատկանիշներ մատնանշող տվյալներ, Շիրակի մարզի դատախազության հանձնարարությամբ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նմանատիպ փոփոխություններ են կատարվել նաև պատմամշակութային արժեք հանդիսացող և պետական պահպանության տակ գտնվող 2-րդ, 5-րդ, 6-րդ շենքերում: Կառույցն օգտագործող տնտեսվարողներն ինքնակամ իրականացրել են վերանորոգման աշխատանքներ, որոնց արդյունքում վնասվել է պատմամշակութային անշարժ հուշարձան հանդիսացող հուշարձան-շենքերի նախաստեղծ կերպարն ու ճարտարապետական ոճը, կոնստրուկտիվ համակարգը՝ խախտելով նաև հուշարձանի անվտանգ շահագործման պահանջները»,- նշված է հայտարարության մեջ։

Մենք այս թեմայով լսել ենք նաև Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանի պարզաբանումը, որը նշել է, թե խոսքը Ռիժկովի ճեմափողոցում գտնվող բոլոր շենքերի ձևափոխման, ինքնակամ կառուցված սրճարանների, խանութների մասին է։

Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանն, Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս թեմային, ասաց․ «Ես մամուլից եմ ծանոթացել, որ քրեական գործ է հարուցվել դատախազությունում Ռիժկովի ճեմափողոցի հարցով։ Այնտեղ գրված է, որ առերևույթ հանցագործություն թվացող ինչ-որ նշաններ կան, բայց հստակեցված չէ ինչի մասին է խոսքը, որովհետև, ինչքան ես գիտեմ, այս տարիներին ոչ մի փոփոխություն ճակատների վրա չեն կատարվել։ Դա վաղեմություն ունեցող, նախկինում կատարված փոփոխություն է, բայց էդ փոփոխությունները էդպիսի սարսափելի չեն, որ էդ աստիճանի հասնի։ Այսինքն` ճակատային մասերում կատարված են երեսպատման աշխատանքներ կամ պատուհանների փոփոխություններ, եթե դրանք ի նկատի ունեն, դրանք հիմնականում կատարվել են սեփականատերերի կողմից ժամանակի ընթացքում, մեզ մոտ թույլտվություններ ամեն դեպքում փոփոխությունների վերաբերյալ վերջին շրջանում չեն տրվել։ Նման փաստաթղթեր մեր արխիվներում չեմ հանդիպել, որպեսզի կոնկրետ ասեմ, որ թվին ինչ փոփոխություն է կատարվել, իսկ եթե պարզվի, որ որոշ դեպքերում թույլտվություն տրվել է, ապա տրվել է օրենքով սահմանված կարգով։ Օրենքը չի բացառում, որ փոփոխություններ կատարվեն, կարող է և անհրաժեշտություն լինի փոփոխություններ կատարելու»։

Ըստ ճարտարապետի, բնականոն է, որ քաղաքի կենտրոնական ճեմափողոցում հասարակական օբյեկտները շատ լինեն։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930