Լրահոս
Օրվա լրահոսը

«Կա՛մ դուք նրան ցույց եք տալու իր տեղը, կա՛մ սպասելու եք, որ նա ձեզ ցույց տա այդ տեղը». Վահե Գրիգորյանի ազդեցիկ ելույթը՝ ՍԴ-ում (Տեսանյութ)

Ապրիլ 28,2017 11:00

«Բարձր դատարան, Հայաստանի հանրապետությունը երկիր մոլորակի վրա գտնվող այն պետություններից է, որն առաջին՝ միապետություն չէ, ըստ Սահմանադրական կարգի եւ երկրորդ՝ բոլոր դատավորները նշանակվել կամ վերանշանակվել են ՀՀԿ նախագահի կողմից: Նա ունի բացասական հայեցողությամբ ընտրելու դատավորներ: Մենք գործ ունենք մի կուսակցության հետ, որը վերահսկում է իշխանության 3 ճյուղերը: Ծայրահեղ հակասահմանադրական իրավիճակ է»,- այսպես փաստաբան Վահե Գրիգորյանն այսօր Սահմանադրական դատարանում, որտեղ վիճարկվում են ԱԺ ընտրությունները՝ բավականին ազդեցիկ ելույթ ունեցավ, որն ընդունվեց դահլիճում բուռն ծափերով:

Վահե Գրիգորյանը ՍԴ դատավորներին հորդորեց, որ ավելի լայն համատեքստում քննեն գործը. «Քանի որ ընտրական գործընթացը կոնկրետ միայն տեխնիկական գործընթաց չէ, այն տեղի է ունենում քաղաքական մշակութային ավելի լայն համատեքստում ու այս դատարանը չի կարող անտեսել այդ համատեքստը, մանավանդ, երբ այդ համատեքստի մեջ գլխավոր խաղացողներից մեկը ՀՀԿ-ն է՝ քաղաքական մրցակցության մասնակիցը: Մենք խոսում ենք մի կուսակցության մասին, որը օրինական հիմունքներով վերահսկում է հանրապետության օրենսդիր մարմինը: Ես չեմ խոսում հանցավոր կամ ապօրինի սխեմայի մասին: Այն ունի բավարար մանդատներ, որ կանխորոշի այդ մարմնի բոլոր գործողությունները: Օրինականությունը, որ դուք ասում եք, այդ մարմնի կայացրած ակտերի համապատասխանությունն է, այլ խոսքով՝ այդ կուսակցության կամքին համապատասխանությունն է: Նույն կուսակցությունը, բոլորովին օրինական հիմքերով վերահսկում է նաեւ գործադիր իշխանությունը՝ վերից վար: Նույն կուսակցությունը վերահսկում է նաեւ նախագահի՝ լայն իրավասություններով օժտված ինստիտուտը, որը, ինչպես գիտեք, միջամտություններ ունի իշխանության բոլոր երեք ճյուղերի վրա, բնականաբար՝ դատական իշխանության մասով ավելի չափավոր»:

Վահե Գրիգորյանը կանգ առավ դատական իշխանության վրա, թե որքանով է ՀՀԿ-ի վերահսկողությունը մեծ դատական համակարգի վրա: Նրա խոսքերով՝ դա ավելի քան շոշափելի է: Փաստաբանը նշեց, որ դատական իշխանությունը գործադիր իշխանությունից կախվածության մեջ է. «Մեկ կուսակցությունն է գերիշխում իշխանության բոլոր 3 ճյուղերի նկատմամբ: Ի՞նչ նշանակություն ունի սա այս դատավարության նկատմամբ:

Երեկ պարոն Թոխյանը իմ գործընկերոջը հարցրեց, որ շարունակաբար ՍԴ-ն սահմանել է ապացույցների կանոններ, ստանդարտներ, դիմելու համար ընդունելության նվազագույն չափանիշներ, ինչո՞ւ դրանք չեն պահպանված: Բա՛րձր դատարան, եթե այս դատարանը շարունակելու է ընդհանուր կոնտեքստն անտեսելով՝ պնդել այն նույն ստանդարտները, որոնք ընդունվել են այն կանխավարկածով, որ ՀՀ-ում ժողովրդավարական հաստատությունների գործունեության արդյունավետությունը գոյություն ունի, ապա այս դատավարությունը չի կարող բավարարել որեւէ՝ նույնիսկ ընտրական վեճերին վերաբերող արդարության նվազագույն պահանջը: Եթե անտեսվելու է ընդհանուր կոնտեքստը, որտեղ քաղաքական մրցակիցը վերահսկում է բոլոր կողմերին, եկեք ավելի պարզ խոսենք, պարոն Թոխյան, այն ստանդարտները, որոնք առաջադրվել են իմ վստահորդին, հետեւյալն են.

Գոյություն ունեն X, Y, Z ապացույցները, որոնք հնարավորություն կտան ՍԴ-ին խորությամբ ուսումնասիրել վեճը եւ կայացնել համապատասխան որոշում, X ապացույցը տալու է ՀՀԿ-ն, Y ապացույցը կստանաք ՀՀԿ-ից, Z ապացույցը ձեզ կշնորհի ՀՀԿ-ն: Բերեք մեզ այդ ապացույցները, մենք մեր բարձր արդարադատության բարձրությունից կքննարկենք՝ զրկե՞նք այդ կուսակցությանը իշխանության շարունակականությունից, թե՞ ոչ:

Սա ապացուցման չափազանց բարձր ստանդարտ է: Սա ապացուցման բեռի բաշխման չափազանց անարդար մոդել է: 20 տարի միայն այն փաստը, որ որեւէ դիմող իր ջանքերի առավելագույն գործադրմամբ երբեք չի կարողացել ձեր այդ ստանդարտի նույնիսկ նվազագույնը բավարարել, դա առնվազն պիտի դատարանին հուշի, որ դա եղել է առնվազն չափազանց բարձր ստանդարտ»:

Իր խոսքի վերջում Վահե Գրիգորյանն ասաց, որ այս ատյանը, ունենալով բոլոր սահմանադրական լիազորությունները, իհարկե, այն ատյանը չի, որտեղ պետք է քննարկվի քվեախցի կահավորման օրինականության հարցը, ինչն արվեց, բայց կողմերը օբյեկտիվորեն ստիպված գալիս, իջնում են այդ մակարդակին. «Շատ ասելիք ունեմ: Սահմանադրության 5-րդ հոդվածն այսօր փաստացի գետնին հավասարեցված է՝ օրենքի տառի խստիվ պահպանմամբ: Օրենքի ոչ մի տառ չի խախտվել, բայց 5-րդ հոդվածի տապալումը անխուսափելիորեն հանգեցնելու է արդեն 6-րդ հոդվածի առաջ գալուն՝ արդեն ոչ ՀՀ-ի, մենք գիտենք որ պետության: Անգիր գիտենք այդ: Մենք բոլորս գիտենք ինչի մասին է խոսքը: Միակուսակցական ամբողջատիրության դիակը վաղուց բախում է այս դատարանի դռները, կա՛մ դուք նրան ցույց եք տալու իր տեղը, կա՛մ դուք սպասելու եք, որ նա վերակենդանացած ձեզ ցույց տա այդ տեղը»:

Նա ասաց, որ այս հարցերի մասին գիտի յուրաքանչյուր տաքսու վարորդ, յուրաքանչյուր քաղաքացի. «Բարձր դատարան, այս դատարանը վերջին ատյանն է, որը կարող է փակել այդ դռները»:

Երբ դահլիճից հնչեցին ծափեր, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը Վահե Գրիգորյանին հորդորեց. «Լավ կլինի, որ այս ոգեւորված ունկնդիրների համար նաեւ սեմինարում նման ելույթ ունենաք: Մենք այդ հնարավորությունը տվել էինք մարտի 2-ին: Ձեր ելույթի այն մասերով հանդերձ, ինչը չկարողացաք այստեղ անել, կարող եք դարձնել հոդված: Մենք սիրով նաեւ կտպագրենք Սահմանադրական դատարանի տեղեկագրում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930