Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընդդիմությունը խոշորացույցով է ման գալիս ճանճը գտնելու, որպեսզի փիղ դարձնի»

Ապրիլ 28,2017 17:00

Մարտին Վարդազարյանը՝ քաղաքապետարանի ծառայողական մեքենաների, Երեւանի դիմագծի, Փոստանջյանի եւ Փաշինյանի նախընտրական խոստումների մասին:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, ինչպես հայտնի է, այլեւս չի առաջադրվել ՀՀԿ-ի ցուցակով Երեւանի ավագանու ընտրություններում: Նա որոշակի դժգոհություններ էր հայտնել, նաեւ բողոքել կենտրոնի դիմագծի հետ կապված՝ ասելով, որ այդ դիմագիծն ընկել է ոչ միայն նորակառույցներով, այլեւ հների վրա հարկեր ավելացնելով. «Մենք չկարողացանք դադարեցնել, կասեցնել դա ու տեսնում ենք՝ ինչ տեմպերով են դրանք շարունակվում: Թույլտվություններն էլ պետք է որոշակի սահմանափակումներ ունենան՝ թե՛ շենքի սեյսմիկ անվտանգության, թե՛ էսթետիկայով պայմանավորված, բայց մենք Երեւանի կենտրոնում տեսնում ենք՝ մեկը կտուրը բացում է, բուխարի ավելացնում ու վեցերորդ հարկում նստած խորոված է պատրաստում»:

Այս եւ Երեւանի այլ խնդիրների հետ կապված «Առավոտը» զրուցեց ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, ՀՀԿ ավագանու թեկնածու Մարտին Վարդազարյանի հետ:
Թե ինչքանով է բավարարում Երեւանի կենտրոնի դիմագիծը Մարտին Վարդազարյանին՝ նա պատասխանեց. «Բոլոր նորաձեւ շինարարությունները մի բան խոստանում են, որ պիտի կառուցվի, հետո ուրիշ բան է ստացվում: Ճիշտն ասած, դուրս չի գալիս, որովհետեւ այն Երեւանը, որ ես էի սիրում, այսպիսին չէր, 5 հարկանի շենքերով էր՝ տուֆից: Եթե նոր շինարարությունը չի խանգարում ճարտարապետական մտահղացմանը՝ կարող են տեղ գտնել, բայց եթե արդեն թերություն է դառնում, ինձ դուրեկան չի»:

Հարցին՝ Երեւանի ավագանին, հատկապես ՀՀԿ խմբակցությունն ինչքանո՞վ է լավ աշխատել, դա Ձեզ համար ժամանակի վատնում չէ՞ր, ինչպես Հրանտ Թոխատյանի համար է եղել, Մարտին Վարդազարյանը պատասխանեց. «Չէ, ես չեմ կարծում, որ դա ժամանակի վատնում է, որովհետեւ առիթներ են լինում, որ մարդկանց խոսքը տեղ հասցնելու համար լինում ես որպես միջնորդ: Նման դեպքեր եղել են, որ արդյունավետ են եղել: Ինձ աշխատանքը գոհացնում է այնքանով, որ ամեն ինչ իսկապես արվում է հանուն Երեւանի: Ես դա ասում եմ որպես անկուսակցական: Այն հանգամանքը, որ մանկապարտեզները դարձան անվճար, դպրոցների ջեռուցումը վերանորոգվեց, աղբահանության աշխատանքներ են տարվում, կանաչապատմանն էի ես ամեն տարի մասնակցում՝ ծառատունկին, միառժամանակ հետո այդտեղով անցնում ես եւ տեսնում ես՝ արածդ անտեղի չի: Այնպես որ՝ շատ բաներ են արվում հօգուտ երեւանցիների: Համապատասխան մարդկանց բնակարաններ են հատկացվում, վերջիվերջո՝ բոլորին չի բավարարի: Լավ բաներ կան, բայց, ցավոք, մարդիկ ուշադրություն դարձնում են թերի մնացած այն խնդիրներին, որոնք բացասական են ընկալվում, եւ այլ տրամադրություն են ստեղծում: Լավ բաների մասին երբեք չի գրվում, եւ ոչ ոք չի ասում»:

Մեր դիտարկմանը, որ անվճար մանկապարտեզների մասին ասացիք, բայց ընդդիմությունը դժգոհում է, որ 8000-ից ավելի երեխաներ հերթագրված են, դեռ չծնված՝ երեխային հերթագրում են, ու հերթը չի հասնում այդ անվճար մանկապարտեզներում, Մարտին Վարդազարյանը պատասխանեց. «Իսկ դուք կցանկանայի՞ք, որ ձեր երեխան գնար մանկապարտեզ, որտեղ 50 տեղ է, բայց երեխաների թիվը՝ 200»:
Մեր դիտարկմանը, որ Երեւանի քաղաքապետարանը մանկապարտեզների տարածքները վարձակալությամբ է տվել, դրա համար են երեխաները դուրս մնում, Վարդազարյանը պատասխանեց. «Այո, նոր տարածքներ նույնպես հատկացվում են՝ նորմալ մանկապարտեզներ բացելու համար, դա էլ է արվում: Այդպիսի ծրագրեր էլ կան: Հետո՝ գրախանութներ են վերականգնում: Մենք ժամանակին շատ կարդացող ազգ էինք, իսկ գրախանութները պակասել են: Հետո էլ ասում են՝ կապիտալիզմը սենց-նենս: Բա էս է կապիտալիզմը»:

Մարտին Վարդազարյանը չի կարծում, որ Երեւանում վիճակն այնքան վատ է, որքան ներկայացնում է ընդդիմությունը, թե կանաչ տարածքներ չեն մնացել, թե սխալ որոշումներ են ընդունվում, ամեն ինչ վատ է: Նրա խոսքով՝ «Ընդդիմությունը խոշորացույցով է ման գալիս ճանճը գտնելու, որպեսզի փիղ դարձնի: Դրա փոխարեն հարկավոր է այդ ուղղությամբ աշխատել, ոչ թե միայն փնովել: Ընդդիմություն հասկացությունը ոչ թե հակառակը պիտի լինի, այլ համատեղ ուշադրություն դարձնել բացերի վրա: Նրանք կարծես ուրախանում են, եթե ինչ-որ թերություն են գտնում: Իսկական ընդդիմությունը պետք է լինի հանուն, այլ ոչ թե դեմ: Այն, ինչ ես զգում եմ իմ ներսում, ինձ դուր չի գալիս: Ընդդիմության հետ պետք է լինի համագործակցություն, ոչ թե հակադրություն: Նպատակը պետք է լինի հանուն Երեւանի, ոչ թե՝ այ տեսեք, սա արեցին: Դա ճիշտ ճանապարհը չի՛: Քաղաքի մաքրությունը վա՞տ է: Ամեն տեղ չի գուցե, բայց քաղաքը մեծանում է, եւ հսկայական աշխատանք է արվել: Դրա մասին այսպիսի խոսք կա՝ ոչ թե մաքրել, այլ չկեղտոտել, հիմքը դա պետք է լինի: Եվ հետո՝ դժգոհության առիթներ ամեն քայլափոխի մարդ կարող է իր համար հորինել: Իսկ այն, որ կախված է իրենցից՝ որպես քաղաքացի, չեն անում»:

Մենք հետաքրքրվեցինք՝ ընդդիմության նախընտրական ծրագրերին ծանո՞թ եք, օրինակ՝ «Երկիր Ծիրանին» առաջարկում է տրամվայները հետ բերել, «Ելքը» առաջարկում է հեծանվային ուղիներ բացել, Մարտին Վարդազարյանը պատասխանեց. «Քաղաքի տարբեր մասերում կան հեծանվային ուղիներ, բայց հեծանվորդներն այնտեղ չեն քշում, չգիտես ինչու: Չեմ նկատել: Հեծանվորդները գերադասում են քշել մայթերով: Իսկ տրամվայը վերադարձնելը, գուցե, կարելի էր չհրաժարվել, ինչպես եվրոպական շատ քաղաքներում է, բայց Երեւանում պատկերացրեք, որ այս նույն փողոցներով տրամվայ էլ շարժվեր, ինչպիսին կլիներ վիճակը: Խցանումները ավելի շատ կլինեին, վթարները կլինեին շատ: Իսկ հիմա մենք ունենք գեղեցիկ փողոցներ, անցումներ, ստորգետնյա անցումներ, շրջանցող ճանապարհներ: Շատ բաների հարկավոր է նայել այնպես, ինչպես կա, ոչ թե մտացածին քարոզներ անել: Դե հիմա պատկերացրեք՝ տրամվայը վերադարձնելու համար այս բոլոր փողոցները նորից պետք է քանդել ու գծերն ավելացնել»:

«Ելքն» առաջարկում է իր ծրագրում քաղաքապետարանի ծառայողական մեքենաների թիվը 70 տոկոսով կրճատել, քաղաքապետարանի հաստիքացուցակն օպտիմալացնել, Դուք այդտեղ խնդիր չե՞ք տեսնում, ասում են, որ Ազգային ժողովին սպասարկող ծառայողական մեքենաների չափ մեքենաներ են սպասարկում քաղաքապետարանին, Մարտին Վարդազարյանը պատասխանեց. «Իսկ քաղաքապետարանի ավտոկայանատեղին դուք տեսե՞լ եք: Ավտոպարկը շենքի հետեւի կողմն է, կարող եք գալ եւ հաշվել՝ քանի՞ մեքենա է այնտեղ կանգնած: Դա չափազանցված է: Ասում են՝ եթե ուզում ես քո ստին հավատան, շատ մեծ սուտ ասա: Որքան սուտը մեծ, այնքան ավելի հավատալի է: Եվ հետո, ինչ եք կարծում՝ քաղաքապետը, բաժինների աշխատողները, որոնք շտապ պետք է ինչ-որ տեղ գնան, ինչ-որ հարցով զբաղվեն, նրանք պետք է տաքսի՞ բռնեն կամ վազելո՞վ գնան»:

Զրույցի վերջում Մարտին Վարդազարյանը խորհուրդ տվեց մարդկանց՝ հանեք սեւ ակնոցները. «Ցանկացած երկրում, ցանկացած իշխանության դեմ միշտ գտնվում են ոչ հիմնավորված մեղադրանքներ: Ընդդիմախոսությունն էլ պետք է լինի ոչ թե դեմ, այլ հանուն: Ես հուսով եմ, որ այդ մշակույթը կձեւավորվի նույնպես: Դա սկսում է նրանից, որ ծխախոտի մնացորդը թեկուզ չգցեն մայթին»:

 

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

27,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930