Լրահոս
Օրվա լրահոսը

Թեհրանի պատմական առաջարկները՝ Հայաստանով

Ապրիլ 28,2017 12:00

ԼՂ խնդրի լուծում` «առանց երրորդ կողմի միջամտության»

Ապրիլի 16-ին Թեհրանը Երեւանին եւ Բաքվին կոչ արեց Ղարաբաղյան խնդիրը լուծել «առանց երրորդ կողմի միջամտության»: Հայաստանն ու Ադրբեջանը չպետք է թույլ տան, որպեսզի երրորդ ուժերը միջամտեն Ղարաբաղյան կարգավորմանը՝ Թեհրանում հայտարարեց Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանը:
Իսլամական Հանրապետության պաշտպանական գերատեսչության ղեկավարի այս հայտարարությունները հնչեցին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ բանակցությունների ընթացքում: Ադրբեջանական ռազմական գերատեսչության ղեկավարի եւ իրանցի պաշտոնյաների հետ քննարկման հիմնական թեմաներից մեկն էլ Ղարաբաղյան խնդրի կարգավորումն էր: «Հուսով եմ, որ Հայաստանն ու Ադրբեջանը Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման հարցում վճռական կլինեն եւ երրորդ ուժերի միջամտություն ու ճգնաժամի խորացում թույլ չեն տա»,- դիմելով իր ադրբեջանցի գործընկերոջը՝ շեշտել էր Իրանի պաշտպանության նախարարը:

Հոսեյն Դեհղանն ադրբեջանցի պաշտոնակցի հետ բանակցությունների ընթացքում խոսել է նաեւ տարածաշրջանային խնդիրների մասին` մատնանշելով այն ուժերին, որոնք, ըստ Թեհրանի, վտանգում են տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը. «Ոչ միայն մեր տարածաշրջանը, այլեւ ողջ աշխարհն է այսօր ենթարկվում ահաբեկչական սպառնալիքներին»:

Իրանը վերջին շրջանում բավական լուրջ ակտիվություն է ցուցաբերում տարածաշրջանային գործընթացներում եւ երկկողմ հարաբերություններում համագործակցության ուղղություններ նախանշում՝ շեշտը դնելով նաեւ անվտանգության հարցերին:

Իրանի պաշտպանության նախարարի մտահոգությունները տարածաշրջանային անվտանգության հարցերում թերեւս կապված են ոչ միայն ԴԱԻՇ-ի, այլեւ Ադրբեջան-Իսրայել սերտ հարաբերություններին: Ինչ վերաբերում է ԼՂ խնդրին, ապա պաշտոնական Թեհրանի տեսակետը պարզ է` անկայունությունն անթույլատրելի է, ինչպես նաեւ Թեհրանը դեմ կլիներ ԼՂ գոտում խաղաղապահների տեղակայմանը:

Թեհրանին չի կարող չանհանգստացնել Ադրբեջան-Իսրայել ջերմ համագործակցությունը

Իսրայելի ակտիվացման փորձերը Հարավային Կովկասում, ինչպես նաեւ Ադրբեջան-Իսրայել բավական ջերմ հարաբերությունները պաշտոնական Թեհրանին բնական է, որ դուր չեն գա: Հիշեցնենք, որ անցյալ դեկտեմբերին պաշտոնական այցով Երեւան ժամանած Իրանի նախագահ Հասան Ռոհանիի այցից մեկ ամիս անց պաշտոնական այցով Իրան մեկնեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Հոսեյն Դեհղանի հետ հանդիպմանն ընդգծելով հայ-իրանական հարաբերությունների բարձր մակարդակը՝ երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները երկկողմ հարաբերություններն ընդլայնելու եւ զարգացնելու պատրաստակամություն հայտնեցին: Բացի երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերից, քննարկվել էին նաեւ միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող եւ հակամարտությունների կարգավորմանն առնչվող խնդիրներ: Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին եւ կարեւորելով տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման ուղղությամբ գործադրվող ջանքերը՝ կողմերն ընդգծել էին խնդրի խաղաղ, բացառապես բանակցային ճանապարհով կարգավորման անհրաժեշտությունը:

Վիգեն Սարգսյանի այցը հայ-իրանական բավական հագեցած օրակարգով առանձնացավ: Այդ օրերին անգամ ադրբեջանական մամուլը Վիգեն Սարգսյանի Իրան կատարած այցին մեծ ուշադրությամբ հետեւում էր, եւ որոշ հրապարակումների շեշտադրումներից նկատվում էր, որ Ադրբեջանում բավական մտահոգ են հայ-իրանական բանակցություններով:

Ադրբեջան-Իսրայել գործընկերային հարաբերությունների հիմքում անհանգստանալու առիթ կա` պարզ է բոլորին: Իսրայելը մեծ քանակությամբ զենք է վաճառում Ադրբեջանին: Ապրիլյան պատերազմի ընթացքում կիրառվում էին իսրայելական կամիկաձե անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ): Իսրայելի արտոնագրով Ադրբեջանը արտադրում է անօդաչու թռչող սարքեր: Բազմաթիվ տեղեկություններ են հրապարակվել այն մասին, որ Իսրայելը անօդաչու ինքնաթիռներ է վաճառում Ադրբեջանին: 2014թ. սեպտեմբերին ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առեւտրի վերլուծության կենտրոնը» տեղեկություն հրապարակեց, համաձայն որի՝ 2009-ին պաշտոնական Բաքվի ու իսրայելական Aeronautics Defense Systems-ի միջեւ կնքվել է պայմանագիր Ադրբեջանում հետախուզական ու հարվածային անօդաչու թռչող սարքերի գործարան հիմնելու վերաբերյալ։ Գործարանը շահագործման էր հանձնվել 2011թ. գարնանը։ Նշվել էր, որ այդ գործարանում արտադրվում են Orbiter-2M եւ Aerostar անօդաչուներ: «Ռազմական տեխնիկայի վաճառքի ոլորտում Իսրայելի եւ Ադրբեջանի առեւտուրը կազմել է շուրջ 1,5 միլիարդ դոլար»,- 2014թ. դեկտեմբերին հաղորդեց իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով «The Jerusalem Post» պարբերականին:

Անցյալ տարի ապրիլյան պատերազմից մի քանի օր անց haaretz.com կայքը հայտնեց, որ Իսրայելը մտադիր է նոր անօդաչու թռչող սարքեր վաճառել Ադրբեջանին: Այս մասին հայտնի էր դարձել այդ երկրում գործունեություն ծավալող Մերեց կուսակցության նախագահ Զահավա Գալյոնի՝ Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յալոնին ուղղված նամակից։ Մերեց կուսակցության նախագահը, մասնավորապես, կոչ էր արել երկրի իշխանություններին վերջ տալ Ադրբեջանին ԱԹՍ-ներ վաճառել, որոնք օգտագործվում են ԼՂ հակամարտության շփման գոտում՝ ընդդեմ հայկական զինված ուժերի։

Հիշեցնենք նաեւ, որ անցյալ տարի դեկտեմբերի կեսին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն աշխատանքային այցով ժամանեց Բաքու: Իլհամ Ալիեւը այդ օրերին հայտնեց, որ մինչ օրս պաշտպանական ոլորտում Ադրբեջանն ու Իսրայելը 5 միլիարդ դոլարի պայմանագրեր են կնքել: Նեթանյահուի այցից հետո էլ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի եւ Իսրայելի պաշտպանության նախարարությունների միջեւ համաձայնություն է կայացվել Թել Ավիվի կողմից Բաքվին «Երկաթե գմբեթ» հակահրթիռային համակարգի վաճառքի շուրջ։ Այդ տեղեկությունը հայտնել էր Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը, ինչպես նաեւ հաստատել էին իսրայելական գործակալությունները՝ նշելով, որ համակարգը գնելու Ադրբեջանի շահագրգռվածությունը «ծագել է Հայաստանի կողմից «Իսկանդեր» հրթիռային համակարգի ձեռք բերումից»։

Իրանը կարեւորում է տարածաշրջանային ծրագրերում Հայաստանի մասնակցությունը

Անցյալ շաբաթ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը երկօրյա պաշտոնական այցով Թբիլիսում էր: Վրաց-իրանական բանակցությունները ուշագրավ էին այն առումով, որ տարածաշրջանային տրանսպորտային համագործակցության համատեքստում պաշտոնական Թեհրանն ընդգծեց նաեւ Հայաստանի մասնակցության անհրաժեշտությունը:

Վրաստանի եւ Իրանի արտգործնախարարների հանդիպումից հետո Մոհամադ Զարիֆը հայտարարել է, որ Իրանը ցանկանում է Պարսից ծոցի եւ Սեւ ծովի միջեւ տրանսպորտային միջանցք ստեղծել, որին անպայման պետք է մասնակցություն ունենան Վրաստանը, Իրանը, Ադրբեջանը եւ Հայաստանը:

Նա հայտնել է, որ Վրաստանի իր պաշտոնակցի՝ Միխեիլ Ջանելիձեի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները տարանցիկ բեռնափոխադրումների, արդյունաբերության, բանկային փոխանցումների, գիտության ոլորտներում: Ըստ նրա՝ քննարկվել են նաեւ միջազգային կազմակերպություններում տարածաշրջանային խնդիրների շուրջ համագործակցելու հետ կապված հարցեր:
Մոհամադ Զարիֆի վրաստանյան բանակցությունների արդյունքները թերեւս ամփոփվելու են մի քանի օր անց Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի` Թեհրան կատարած այցի ընթացքում, որը Իրանի արտգործնախարարը Թբիլիսիում արդեն իսկ «պատմական իրադարձություն» էր անվանել:

 

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Ամփոփումը` տպագիր «Առավոտ»-ի այսօրվա համարում:

«Առավոտ», 27.04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930