Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Աջափնյակում գարշահոտությունը վերացրել էին Տարոն Մարգարյանի գալուց առաջ

Ապրիլ 28,2017 16:30

Երեկ մինչ Մարգարյան 2-րդ նրբանցքի 6-րդ շենքի տարածքում նախապատրաստվում էին Երեւանի ավագանու թեկնածու, ՀՀԿ-ական Տարոն Մարգարյանին դիմավորելու, շենքի մյուս ծայրում տարածքի պատասխանատուները, ըստ բնակիչների, ջրալվացմամբ փորձում էին վերացնել այն գարշահոտը, որն արդեն մի քանի օր է՝ տարածվել է շրջակայքում` կոյուղու խցանման պատճառով:


«Շենքի բնակիչները գժվան զանգելով, ի՞նչ են լվանում, եթե «կանալիզացիան» փակ ա, շան հոտ ա լցվել, ու մարդ պատուհան չի կարողանում բացել: Կանալիզացիան լցվում ա շենքի տակ, պատերը ճաքել են, 10-րդ շենքի ջուրը լցվում ա նկուղները, շենքը արդեն փլվում ա, դռները չեն փակվում: Մի հատ ցնցում լինի Երեւանում, մարդ չի մնա, կոյուղիները ահավոր վիճակում են` չեն վերանորոգվում, խոնավությունը, տհաճ հոտն էլ մի կողմից»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց տեղի բնակիչ Նելլի Սարգսյանը: Նա թեպետ արտահայտեց իր սերը Տարոն Մարգարյանի հանդեպ, բայց մի շարք խնդիրներ էլ թվարկեց: Ասաց, որ իրենց շենքերը 70-ական թվականների են, չեն վերանորոգվել, ամրացման խնդիր ունեն, տրանսպորտում մարդիկ իրար շալակ են երթեւեկում, իսկ քաղաքի ծայրամասերն էլ աղբի մեջ կորել են:

«Ամեն մի ասածը որ անեն, իհարկե՝ գոհ կլինենք»,- Տարոն Մարգարյանի ելույթը լսելով՝ մեզ հետ զրույցում այսպես ասաց Վարդուշ Պետրոսյանը. «Որպես բնակիչ տեսնում ենք, որ քաղաքը ընդհանուր առմամբ գեղեցկացել է, բայց բնակելի տարածքների հարմարավետությունը այդքան էլ լավ չէ: Վերեւի հարկերի տանիքը կաթում ա, ուշադրություն չեն դարձնում, որ փոխեն: Ով անձնական միջոցներով կարողանում է՝ նա է փոխում, թե չէ՝ այդպես էլ մնում է: Ճանապարհները` ոչինչ, սենց ընտրություններ ա եղել, առիթները օգտագործվել ա` նորոգել են»: Տիկին Վարդուշը մեզ հետ զրույցում պատմեց, որ վերջերս իրենց տուն մի աղջիկ էր եկել` հարցման, թե Սերժ Սարգսյանին որքան տոկոսով եք վստահում, նա պատասխանել է` զրո, բայց այ, Տարոն Մարգարյանին ասաց, որ 100 տոկոս է վստահում: Բնակչուհին ասաց, որ լավ մարդ է, Տարոն Մարգարյանին սիրում է, քանի որ «պտուղը ծառից հեռու չի ընկնում». «Հայրն էլ էր լավ մարդ, նա էլ հոր պես համեստ, իր գործն է անում»:

Մի բնակիչ էլ նշեց, որ իրենց խաբել են եւ երեխաների համար խոստացված մեծ ֆուտբոլի դաշտի փոխարեն կառուցում են փոքր դաշտ. «102 դպրոցի մոտ ուզում էինք մեծ չափերով դաշտ լինի, որ երեխաները կարողանան մարզվել նորմալ պայմաններում, բայց փոքր են սարքում, ու այդպիսի պայմաններում դժվար լավ ֆուտբոլիստներ դառնան, ու այնպես չի, որ տարածքի խնդիր կա»:


Մարգարյան 3-րդ նրբանցքի 13 շենքի 9-րդ բնակարանի բնակիչ Ռոզա Գրիգորյանն էլ չնայած Տարոն Մարգարյանին մոտեցավ իր խնդրանքը ներկայացնելու, բայց մտածելով, որ չի կարողացել խնդիրը հստակ ներկայացնել քաղաքապետին, մամուլով հնչեցրեց` ասաց, որ ամուսնու մահվանից հետո չի կարողանում տունը իր անունով դարձնել, քանի որ անվանափոխության համար մեծ գումարներ են պետք: Տիկին Ռոզայի որդին արտագնա աշխատանքի է, նա էլ թոռների եւ հարսի հետ է բնակվում:

Բնակիչներ էլ կային, որոնք գոհ էին քաղաքապետի աշխատանքից` մատնացույց անելով իրենց վերանորոգվող շքամուտքերը:

 

ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

«Առավոտ»

27,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930