Դավիթ Սիմոնյանը «Քաշաթաղ» հասարակական կազմակերպության նախագահ Ռոբերտ Սիմոնյանի որդին է:
Նա Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի դատավճռով ճանաչվել էր անմեղ եւ արդարացվել էր՝ կատարված հանցագործությանը նրա մասնակցությունն ապացուցված չլինելու եւ նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները սպառված լինելու հիմքով։
Արդարացման դատավճիռի դեմ բողոք էր բերել դատախազ Մ. Նալբանդյանը, որը պահանջել էր ամբողջությամբ բեկանել դատավճիռը եւ Դ. Սիմոնյանին մեղավոր ճանաչել խարդախությամբ ուրիշի գույքին տիրանալու համար, նրան դատապարտել ազատազրկման 6 ամիս ժամկետով եւ տուգանք` նվազագույն աշխատավարձի 400-ապատիկի չափով: Ըստ բողոքաբեր դատախազի, առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Դավիթ Սիմոնյանին արդարացնելով, ճիշտ իրավական գնահատականի չի արժանացրել վերջինիս կողմից կատարված արարքը եւ արդյունքում եկել է ոչ ճիշտ եզրահանգման: Նշենք, որ Դ. Սիմոնյանի նկատմամբ ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը:
Գործը բեկանվել էր, ուղարկվել կրկին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, ուր օրեր առաջ դատավոր Արմեն Բեկթաշյանը հրապարակեց դատավճիռը եւ դատավճռից հետո վեց ամսով ազատազրկվեց, ու արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ տեղափոխվեց Դավիթ Սիմոնյանը:
Կարդացեք նաև
Ինչպես տեղեկացրել ենք, այս գործով տուժողներից էր Բաքվում գտնվող երբեմնի ակտիվիստ Վահան Մարտիրոսյանը: Նրա նախաքննության ժամանակ տված ցուցմունքն էլ դրվել էր քրեական գործի նյութերում: Արդարացման դատավճռում այս ցուցմունքը դատավորը պատշաճ ապացույց չէր համարել, գնահատել էր անթույլատրելի ապացույց, իսկ վերաքննիչ քրեական դատարանն էլ արձանագրել էր. «Դատարանի այն պնդումը, թե անթույլատրելի ապացույց ճանաչված Վ. Մարտիրոսյանի նախաքննական ցուցմունքները միակ եւ վճռորոշ ապացույցն են, իսկ մնացած ապացույցներն ինչպես առանձին-առանձին վերցված, այնպես էլ համակցությամբ բավարար չեն ապացուցված համարելու համար, որ ամբաստանյալը կատարել է իրեն մեղսագրված արարքը, արդարացված չէ, քանի որ քրեական գործով ձեռք բերված եւ դատաքննության ընթացքում պատշաճ կերպով հետազոտված թե մյուս ապացույցների համակցությունը, թե ամբաստանյալի կողմից դատաքննության վերջում տված անհեթեթ հայտարարությունը, որ Վ. Մարտիրոսյանին խոստացել է տալ քաղաքական գործիչ հանդիսացող հոր նյութերից եւ նրա հետ ունեցած հեռախոսազանգերն ու կարճ հաղորդագրությունը վերաբերում են այդ պայմանավորվածությանը, թե Վ. Մարտիրոսյանից հափշտակություն կատարելու եղանակի եւ տեղի նույնությամբ համընկնումը Դ. Սիմոնյանի կողմից նախկինում կատարած հափշտակությունների հետ իրենց համակցությամբ բավարար կերպով հիմնավորում են նշված դրվագով Դ. Սիմոնյանի մեղքը եւ առավել քան բավարար են դատարանի մոտ ներքին համոզմունք ձեւավորելու եւ մեղադրական դատավճիռ արձակելու համար»։
Ըստ Դ. Սիմոնյանի պաշտպան, Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Անժելա Հոբոսյանի, համաձայն «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մեկնաբանությունը՝ կապված «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3(դ) ենթակետի հետեւության. «Եթե մեղադրյալին դատավարության որեւէ փուլում հնարավորություն չի տրվել հարցեր ուղղելու իր դեմ ցուցմունք տված անձին, ապա նա զրկվում է արդար դատաքննության իրավունքից»:
Դատավճռի հիմքում դրվել էր նաեւ այս հետեւությունը: Ուշագրավ է, որ մեջբերվել էր նաեւ ՄԻԵԴ-ի «Սադակը եւ ուրիշներն ընդդեմ Թուրքիայի» վճիռը, ուր մասնավորապես ասված էր. «Անձի դատապարտումը չի կարող ամբողջապես կամ վճռական չափով հիմնվել այնպիսի անձի հայտնած տվյալների վրա, որին հարցեր ուղղելու համարժեք հնարավորություն պաշտպանության կողմը չի ունեցել»:
Ի դեպ, այս կապակցությամբ էլ, Վերաքննիչ դատարանն էլ հղում կատարելով «Գաբրիելյանն ընդդեմ Հայաստանի գործին»՝ «արդարացրել էր» իր բեկանման որոշումը. «Վկայի բացակայությունը երկրից ինքնին բավարար չէ «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3 կետի (դ) ենթակետի պահանջները բավարարված դիտելու համար։ Նշված պահանջների իմաստով պետությունը պոզիտիվ պարտականություն ունի ձեռնարկել քայլեր՝ մեղադրյալին հնարավորություն ընձեռելով հարցաքննելու իր դեմ ցուցմունք տված վկաներին։ Հետեւաբար, վկայի բացակայության դեպքում դատարանները պետք է ձեռնարկեն ողջամիտ բոլոր ջանքերը՝ նրա ներկայությունն ապահովելու համար, այդ թվում՝ հանձնարարեն իրավասու մարմիններին հնարավոր բոլոր միջոցներով պարզել վկայի գտնվելու վայրը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ դիմեն նաեւ միջազգային իրավական օգնության»։
Դատարանը հաստատված համարեց այն, որ «Դավիթը տուժող Էռնեստ Մկրտչյանին «Այֆոն 5 էս» մոդելի բջջային հեռախոս եւ «Սամսունգ» տեսակի դյուրակիր համակարգիչ վաճառելու պատրվակով Ագաթանգեղոս փողոցի թիվ 7 շենքի բակում խաբեությամբ վերցրել է 40.000 ՀՀ դրամ գումար, ապա բջջային հեռախոսն ու համակարգիչը գրավառուից վերցնելու եւ Է. Մկրտչյանին տրամադրելու առիթով մտել է Ագաթանգեղոս փողոցի թիվ 7 շենք եւ հեռացել` հափշտակելով տուժողի 40.000 ՀՀ դրամ գումարը։ Այս տուժողը առաջին անգամ նախորդ դատարանում հայտնել էր, թե ամբաստանյալը հատուցել է իր վնասը ու հաշտվել են իրենք, հետեւաբար, խնդրել է իր մասով ամբաստանյալի նկատմամբ դադարեցնել քրեական հետապնդումը»։
Հիշեցնենք, որ տուժող ճանաչված Վահան Մարտիրոսյանի ցուցմունքով էլ, որը նա տվել էր մինչեւ Բաքու մեկնելը, 90.000 ՀՀ դրամով դյուրակիր համակարգիչ գնելու նպատակով՝ մաս-մաս վճարելու պայմանով։ 2015թ. ապրիլի 22-ին 077-02-18-55 բջջային հեռախոսահամարով իրեն է զանգահարել նախկինում անծանոթ Դավիթ Սիմոնյանը, ներկայացել է Տիգրան անվամբ եւ առաջարկել է իրենից գնել «Սամսունգ» մոդելի դյուրակիր համակարգիչ՝ 60.000 ՀՀ դրամ նախապես վճարելու պայմանով։ Ապրիլի 23-ին պայմանավորվել են հանդիպել Խորենացու փողոցում գտնվող «Կիվի» սուպերմարկետի մոտ։ Դավիթ Սիմոնյանն իրեն ասել է, որ համակարգիչը գտնվում է Ագաթանգեղոս փողոցի 7-րդ շենքում, իր մորաքրոջ տանը եւ նախ եւ առաջ ինքը պետք է նրան տա 60.000 ՀՀ դրամ գումար, ապա միայն վերցնի համակարգիչը եւ հանձնի իրեն։ Դավիթին տալիս է 60.000 ՀՀ դրամ գումարը, իսկ նա բարձրացավ վերեւի հարկ ու այլեւս անհասանելի էր:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ»
27,04.2017