Լրահոս
Օրվա լրահոսը

Ակնկալում ենք «Ավրորայի» պատասխանը

Ապրիլ 28,2017 15:30

Հայտնի են արդեն 2017թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդները

Ինչպես օրեր առաջ մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրին «Ավրորայի» համահիմնադիրները, հավակնորդներն ընտրվել են բացառիկ ազդեցության, խիզախության եւ ցուցաբերած նվիրվածության համար՝ փրկելով մարդկային կյանքեր եւ իրականացնելով մարդասիրական գործունեություն: Նրանք են.
Ֆարթուն Ադան եւ Իլվադ Էլման, Ջամիլա Աֆղանի, Մուհամադ Դարվիշ, Դենիս Մուկվեգե եւ Թոմ Քաթինա: Մայիսի 28-ին հավակնորդները մեծարման կարժանանան «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության ժամանակ Երեւանում, որտեղ հայտնի կդառա 2017թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիրը: Դափնեկիրը կստանա $100,000 պարգեւ՝ շարունակելու իր գործունեությունը, ինչպես նաեւ $1,000,000 դրամաշնորհ, որը բացառիկ հնարավորություն կտա շարունակելու նվիրատվության շղթան՝ աջակցելով իրեն ոգեշնչած կազմակերպություններին:

ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի ավագ գիտաշխատող, բ.գ.թ., դոցենտ Ջեմմա Բառնասյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով դիմել է լրատվամիջոցներին, մասնավորապես՝ «Առավոտ» օրաթերթի լրագրող Ռուզան Մինասյանին, մի առաջարկով, որն ակնկալում ենք կդառնա «Ավրորայի» համար հետագա քննարկվելիք հարցերից մեկը:

Մասնավորապես. «Սիրելի՛ Ռուզան Մինասյան, դու եւ քո գրչակից լրագրողները առանձնակի հարգանքով եւ ակնածանքով եք խոսում Ռուբեն Վարդանյանի կողմից «Ավրորա» մրցանակաբաշխության առաջիկա գործընթացի մասին։ Գովելի այդ մրցանակաբաշխության մեջ առկա է մի շա՜տ մեծ բացթողում… Ինչպես միշտ, մենք ավելի շատ ուզում ենք նախապատվությունը տալ օտարներին։ Աշխարհով մեկ ցրելով մրցանակաբաշխության ֆոնդը՝ կարելի էր, չէ՞, մի փոքր էլ մեր բյուրավոր հոգսերին ուղղորդեինք այն։ Ցեղասպանագետ Վերժինե Սվազլյանը 60 երկարուձիգ տարիներ մեկիկ-մեկիկ գտել ու գրառել է ցեղասպանությունից վերապրածների հուշերը՝ զոհաբերելով իր առողջությունն ու սուղ նյութական միջոցները։ Ինչո՞ւ այդպիսի հսկայածավալ աշխատանքը պիտի լինի այդ հզոր կամքի տեր հայուհու խղճուկ աշխատավարձի ու թոշակի հաշվին։ Թե՞ այլոց պես նա էլ պիտի ճչա ու գոռա՝ ի ցույց դնելով իր հերոսական աշխատանքը։ Նա 80-ն անց է ու դեռ շարունակում է իր տիտանական ջանքերը՝ համալրելու իր կուտակած հազարավոր վկայություններից կազմված հատորները, որոնք մեծ դժվարությամբ տասնյակ լեզուներով են թարգմանվել մի կերպ հայթայթված նվիրատվություններով։ Ո՞ւր է մեր արժանապատվությունը։ Այդ հսկա հատորները պիտի աշխարհին պատմեն Հայոց ցեղասպանության մասին՝ մոտեցնելով համաշխարհային հանրության կողմից ճանաչման եւ հայոց պահանջատիրությանը արդարացի լուծում տալու խնդիրը։ Խնդրում եմ նոմինանտների մեջ Վերժինե Սվազլյանին էլ տեղ տալու հարցում լրագրողական աշխարհի անմիջական միջամտությունը եւ մասնակցությունը»:

Ի դեպ, ՖԲ օգտատերերից շատերն այս առաջարկը համարեցին արդարացված: Մասնավորապես, բանասիրական գիտությունների դոկտոր Թամար Հայրապետյանն արձագանքել էր այսպես. «Հրաշալի եւ խիստ արդարացի առաջարկ է: Տիկին Վերժինեն միայնակ կատարել է մի ամբողջ գիտահետազոտական ինստիտուտի չափ աշխատանք: Բացեք ականատեսների վկայությունները, վերապրողների սերունդները Սվազլյանի գրքերում գրառված հիշողություններով իմանում են իրենց գերդաստանների արյունոտ պատմությունները, որոնք ամբողջովին փաստագրություն են` անուններով, տեղանուններով, սարերի, դաշտ ու ձորերի եւ մարդկանց տառապանքների մանրամասն նկարագրություններով»:

 

Սեփ. լր.

«Առավոտ»

27,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930