Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեդիագրագիտության կարեւորությունն ակնհայտ է»

Ապրիլ 28,2017 15:00

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանի դիտարկումները` ոլորտի եւ ԿԳՆ-ի հետ կնքված հուշագրի մասին

Վերջերս Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի եւ ԿԳ նախարարության միջեւ հուշագիր ստորագրվեց` հանրակրթության եւ բարձրագույն կրթության ոլորտներում մեդիագրագիտության կարեւորման եւ տարածման ուղղությամբ համագործակցության մասին: Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանն «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով հուշագրին, հայտնեց. «Այն իրականում մի փուլի ավարտ է ու մեկ այլ` նոր փուլի սկիզբ, որովհետեւ այս հուշագրով չէ, որ պետք է սկսենք մեդիագրագիտության հետ կապված գործունեությունը: Երկար տարիներ դրանով զբաղվել ենք, փորձել ենք նաեւ ԿԳ նախարարության հետ համագործակցել, ու այդ համագործակցությունը շատ դրական է եղել մասնավորապես Կրթության ազգային ինստիտուտի մասնագետների հետ: Նրանք շատ են օգնել մեզ, որպեսզի մեթոդաբանությունը, որ դրված է մեր ստեղծած Մեդիագրագիտության ձեռնարկի եւ դասավանդման հիմքում, մոտեցվի դպրոցին եւ ուսուցչին: Հուշագիրն ինչ-որ առումով մեր աշխատանքի ընդունումն է եւ մեդիագրագիտության կարեւորումը, մանավանդ այսօր առկա է հսկայական քանակով ոչ ճշտված տեղեկատվություն, ինտերնետային տարբեր կայքերի ազդեցություն երեխաների վրա: Այս ամենը բերում է նրան, որ մեդիագրագիտության կարեւորությունն ավելի ակնհայտ է դառնում»:

Տիկին Սարգսյանը տեղեկացրեց, որ վերջին 5 տարիների ընթացքում շուրջ 300 ուսուցիչ է վերապատրաստվել ու մեդիագրագետ դարձել` մայրաքաղաքից եւ մարզերից: «Մենք հիմնականում բաց մրցույթներ ենք հայտարարում, ու մարդիկ դիմում են: Նկատի ունենալով ուսուցիչների բարդ ժամանակացույցը եւ աշխատանքային ծանրաբեռնվածությունը, հնարավորինս փորձում ենք հարմարվել իրենց, Լոռու մարզում, Սյունիքում, Երեւանում եւ երեւանամերձ մարզերում տարբեր ձեւաչափերով աշխատել ենք, հիմնականում վերապատրաստումը 3-5 օր է տեւում: Ձեռնարկը, որ առաջին հերթին ուսուցչի համար է, ներառում է 10 դասընթաց: Այն ենթադրում է, որ ուսուցիչը պետք է ամեն օր դասին պատրաստվի, նոր օրինակներ բերի, փորձի վերլուծել, թե լրատվությունն ինչպես է տարբեր հարթակներում հայտնվում եւ այլն: Միեւնույն ժամանակ ուսուցիչը պետք է լրահոսով հետաքրքրված լինի, որովհետեւ առանց դրա բարդ եւ անիմաստ կլինի առարկան»,-նշեց Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրենը:


Հետաքրքրվեցինք` արդյոք գնո՞ւմ են իրենց վերապատրաստած ուսուցիչների «հետքերով», կա՞ հետադարձ կապ: «Բնականաբար` այո, հետադարձ կապը մի քանի ճանապարհով է ապահովում: Օրինակ, մի խումբ վերապատրաստելուց հետո փոքր դրամաշնորհների մրցույթ հայտարարեցինք, 5 դրամաշնորհ տվեցինք` 200 հազար դրամի չափով, որպեսզի իրենք ստացած գիտելիքները ներդնեն դպրոցում: Վերադառնալով այն թեմային, որ այս պահին մեդիագրագիտությունը որպես առանձին առարկա առայժմ չկա, նշեմ, որ հուշագիրը չի պարտադրելու, որպեսզի ինքն առանձին առարկա լինի, որովհետեւ դպրոց նոր առարկա ներմուծելու խնդիրը շատ ավելի բարդ է:

Այս տարիների ընթացքում մենք այնպես ենք արել, որ մեդիագրագիտությունը մտնի դպրոց եւ դառնա տարբեր առարկաների մաս, ասենք՝ ֆակուլտատիվ պարապմունքներին, ակումբային, դասղեկի դասերին: Մանավանդ, մարզային շատ դպրոցներում մեդիա կենտրոններ կան, եւ հետաքրքրությունը լրագրության հանդեպ բավականին մեծ է: Շատ կարեւոր է, որ ցանկացած բովանդակություն ստեղծելուց, լսելուց, սպառելուց, մարդը, երիտասարդը, երեխան ուղղակի քննադատաբար մոտենա դրան, կասկածի ենթարկի, փորձի գտնել գործիքներ տեղեկատվությունը ստուգելու համար, պարզի՝ արդյոք դա տեղեկատվությո՞ւն է, թե՞ քարոզչություն: Այսօր հսկայական ծավալի հոսքեր կան, եւ պատճառներից մեկն այն է, որ բովանդակություն ստեղծում են շատ ավելի մեծ թվով մարդիկ, քան լրագրողները: Խոսքի ազատության տեսանկյունից լավ է, որ վերահսկողություն չկա, մյուս կողմից էլ, այդ ամենը մարդուն տարբեր վտանգների առաջ է կանգնեցնում»,-հավելեց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի Մեդիագրագիտություն դասընթացի ձեռնարկին, Նունե Սարգսյանի խոսքով, այն բաղկացած է 10 թեմայից, ինչը, սակայն, չի նշանակում, որ այն զուտ 10 դասից է բաղկացած. 10 թեման կարող է տեւել 2 օրից մինչեւ 6 ամիս, քանի որ ամեն թեման զարգանալու, խորանալու եւ ավելի շատ նյութ իր մեջ ներառելու պոտենցիալ ունի: Ձեռնարկի օգնությամբ ուսուցիչները կկարողանան պատանիներին բացատրել, թե ինչպես է աշխատում մեդիա ոլորտը, ինչով է լրատվությունը տարբերվում քարոզչությունից ու գովազդից, ինչ հիմնական հասկացություններ կան, ինչ հնարքներ են օգտագործում լրատվամիջոցները, եւ ինչպես պետք է քննադատաբար օգտվել մեդիայից: Ձեռնարկը ներառում է տասը թեմաների տեսական նյութեր, հղումներ ու հուշումներ ուսուցիչների համար, ինչպես նաեւ դիդակտիկ նյութեր, առաջադրանքներ, որոնք կարող են կիրառվել դասավանդման ընթացքում:
Ձեռնարկի մաս են կազմում 2 սկավառակները, որոնցից մեկում սոցիալական գովազդ է, ֆիլմեր, զանազան նյութեր, մյուսում «մեդիամարտ» խաղն է, որը տիկին Սարգսյանի ձեւակերպմամբ, առանձին կյանքով է ապրում, այն հետաքրքիր է եւ երեխաների, եւ մեծահասակների համար, շատ բաժիններ թեստային ձեւաչափով են, վերջում էլ փոքրիկ թեստով հնարավոր է ստուգել գիտելիքները: Այսպես կոչված, մեդիա մարտը հանձնողը դառնում է մեդիա մարդ: «Խաղը ինովատիվ է, ամենեւին չի հնացել: Իմիջիայլոց, վերջին երկու տարվա ընթացքում թարգմանվել է ուկրաիներեն, բելառուսերեն, մոլդովերեն եւ օգտագործվում է այդ երկրներում, որպես ոչ ֆորմալ կրթության գործիք»,- հավելեց մեր զրուցակիցը:

Անդրադարձ եղավ նաեւ այն խնդրին, որ բուհերում միջին եւ բարձր տարիքի դասախոսներից շատերը մեդիագրագետ չեն: Տիկին Սարգսյանն ասաց, որ բուհերի հետ էլ են աշխատանք տարել, մասնավորապես պիլոտային դասընթաց են ստեղծել Բրյուսովի անվան համալսարանի հետ, Սլավոնական եւ Մանկավարժական համալսարաններում են աշխատել: Վերջինս Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ձեռնարկի հիման վրա իր կուրսն է ստեղծել:

Նունե Սարգսյանը հատկապես վերապատրաստվող ուսուցիչների պարագայում կարեւորում է կարծրատիպերի հաղթահարումը, նաեւ մտահոգություն է հայտնում, որ կա նաեւ ռեսուրսների սղություն, որպեսզի դասընթացը կազմակերպվի, թեեւ ամեն ինչ դյուրինանում է, եթե կա մոտիվացիա:

 

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Նունե Սարգսյանի լուսանկարը Jnews.am կայքից:

 

«Առավոտ»

27,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930