Լուսահոգի կոմպոզիտորի ստեղծագործությունները
հնչել են հեղինակավոր բեմերից
Մայիսի 1-ին Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը Հայաստանի պետական կամերային նվագախումբը (Վահան Մարտիրոսյան՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր) եւ Հայաստանի պետական կամերային երգչախումբը (Ռոբերտ Մլքեյան՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր) հանդես կգան հիշատակի համերգով՝ նվիրված հայկական արդի երաժշտության ամենայուրօրինակ եւ ինքնատիպ կոմպոզիտոր Հարություն Դելլալյանի ծննդյան 80-ամյակին: Որպես մենակատարներ ելույթ կունենան Հայկ Մելիքյանը՝ դաշնամուր, Նարինե Դելլալյանը՝ ջութակ, Հարություն Մուրադյանը՝ ալտ եւ Արշավիր Իսահակյանը՝ գալարափող:
Կհնչեն Դելլալյանի Requiem Canticles Կանանց երգչախմբի համար, TOPOPHONO Կոնցերտ լարային նվագախմբի, դաշնամուրի եւ գալարափողի համար եւ Մոցարտի ԿՈՆՑԵՐՏԱՆՏ ջութակի, ալտի եւ կամերային նվագախմբի համար ստեղծագործությունները:
1985թ. առաջին անգամ Հարություն Դելլալյանի ,Նվիրում Կոմիտասինե սոնատով նրա ստեղծագործությունները սկսեցին հնչել միջազգային բեմերից։ Հարություն Փափազյանի կատարմամբ այն հնչեց նյույորքյան հայտնի Քարնեգի համերգասրահում եւ պսակվեց մեծ հաջողությունով՝ սկիզբ դնելով նրա ստեղծագործությունների միջազգային կատարումներին։ 1986թ. Բոստոնի Sinfonova կամերային նվագախմբի գեղ. ղեկավար Արամ Ղարաբեկյանի խնդրանքով գրում է TOPOPHONO կոնցերտը, որի առաջին կատարումը տեղի է ունենում սեզոնի բացման համերգին՝ Բոստոնի Jordan Hall-ում։
1987թ. Կալիֆոռնիայի կինոյի եւ հեռուստատեսության խորհրդի կողմից Հարություն Դելլալյանը պարգեւատրվում է SUPER STAR եւ Ոսկե Փառապսակով։ Կամերային նվագախմբի համար գրված TOPOPHONO կոնցերտը ճանաչվում է ամերիկյան երաժշտության փառատոնում կատարված եւ տարվա լավագույն ստեղծագործությունը։
Ցավոք, նրա ստեղծագործական կյանքը կարճ էր՝ ընդամենը 13 տարի…Դելլալյանի հայտնի ստեղծագործություններից են թավջութակի եւ դաշնամուրի, ջութակի եւ դաշնամուրի սոնատները, ֆագոտի MEDIUM սոնատը, կլարնետի եւ դաշնամուրի MEDITATION-ը, երգեհոնի ,Հաղթական Ռեքվիեմըե, ,Երբ իջնում է մթնշաղըե վոկալ շարքը, Լռության րոպե acapella կանանց երգչախմբի համար, ,Հուշարձան նահատակներինե կանտատ- ռեքվիեմը, TOPOPHONO կոնցերտը՝ գրված կամերային նվագախմբի համար, ECLOGA ֆլեյտայի եւ կամերային նվագախմբի համար կոնցերտը, երեք սիմֆոնիաները:
Սեփ. լր.
«Առավոտ»
27,04.2017