Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱ ԳՆԱՑ ՄԵՆԱԿ

Ապրիլ 28,2017 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ 

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք տասնութերորդ

Գլուխ ութսուներկուերորդ

ՆԱ ԳՆԱՑ ՄԵՆԱԿ

Եվ հայրս թարս նայեց Ֆելոյին, հետո Ֆրունզիկին ասաց՝ «փաստորեն, էդ ավտոյիդ համարը  վրեդ տասը մանեթից ավել նստացրինք, այ Ֆրունզ», եւ Ֆրունզիկը հորս ասաց՝ «որ ասում եմ՝ ես էդ արաղի հետ ոչ մի կապ չունեմ, չես հավատո՞ւմ» եւ լիմոնադների շշերին նայելով ավելացրեց՝ «էս լիմոնադների հետ էլ ոչ մի կապ չունեմ» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «արաղն ու լիմոնադները Ֆելոն լրիվ իրա հաշվին ա առել», եւ հայրս թարս նայեց Ֆելոյին  ու հարցրեց՝ «ճիշտ ա՞ ասում», եւ Ֆելոն նայեց հորս, մեղավոր ժպտաց  ու ոչինչ չասաց, եւ հայրս ձայնը բարձրացնելով Ֆելոյին հարցրեց՝ «քեզ ո՞վ ա խնդրել, որ էս արաղներն ու լիմոնադներն առնես», եւ Ֆելոն նայեց ինձ, հետո հորս ասաց՝ «լիմոնադներն Արմենչոյի համար եմ առել», եւ հայրս թարս նայեց Ֆելոյին ու գոռալով հարցրեց՝ «կարող ա՞ արաղն էլ ես Արմենի համար առել», եւ Ֆելոն թարս նայեց հորս, մի քիչ մտածեց ու նեղսրտած ասաց՝ «որ աշակերտդ եմ, էդ չի նշանակում, որ կարաս վրես գոռաս» եւ մի քիչ  էլ մտածեց ու ավելացրեց՝ «արաղն էլ մենք կխմենք», եւ հայրս թարս նայեց Ֆելոյին ու ավելի ուժեղ  գոռաց՝ «դու ո՞ր օրվա արաղ խմողն ես, արա՛», եւ Ֆելոն թարս նայեց հորս ու ասաց՝ «նորից կրկնե՞մ», եւ հայրս բարկացած գոռաց՝ «ղալաթ կանես, որ կկրկնես» եւ մի քիչ մտածեց ու Ֆելոյին հարցրեց՝ «կարող ա՞ Ֆրունզը խմած գնա ներկայացման», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «բա ո՞նց ա Հրաչյա Ներսիսյանը ներկայացումներից առաջ խմում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ասում են՝ վարպետը ներկայացումներից առաջ միշտ խմում ա», եւ Ֆրունզիկը զարմացած հարցրեց՝ «ո՞վ ա ասում», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ժողովուրդը», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «սուտ ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «էդ փչոցները վարպետի թշնամիներն են տարածում», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ինձ էլ թվում էր՝ վարպետը թշնամի չունի», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «տաղանդավոր մարդը չի կարա թշնամի չունենա», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «բայց ինքը ոչ թե տաղանդավոր ա, այլ՝ հանճարեղ» եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «առավել եւս» ու էդ ասելով՝ Ֆրունզիկը գրպանից մի հինգանոց ու մի երեքանոց հանեց, մի քիչ մտածեց, երեքանոցը հետ դրեց գրպանն ու հինգանոցը Ֆելոյին մեկնելով ասաց՝ «եթե էս փողը չվերցնես, ես էդ քյաբաբին մատով չեմ կպնի», եւ Ֆելոն զարմացած նայեց Ֆրունզիկին ու ասաց՝ «արդեն վիրավորում եք, ընկեր Մկրտչյան» եւ Ֆրունզիկի հինգանոցով ձեռքը հրելով ավելացրեց՝ «որ ինձ սպանեք էլ՝ էդ փողը չեմ վերցնի», եւ հայրս Ֆրունզիկին ասաց՝ «դու գործ չունես, Ֆրունզ ջան. ես էդ փողն իրա վրա չեմ թողնի», եւ Ֆելոն թարս նայեց հորս ու ասաց՝ «դու կրկնակի ես վիրավորում, Ուստա Հակոբ» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «մի հատ էլ որ խոսաք՝ կթողնեմ կգնամ», եւ Ֆրունզիկը զարմացած նայեց Ֆելոյին ու ասաց՝ «որ էդպես ա՝ ե՛ս կգնամ» ու էդ ասելով՝ Ֆրունզիկն արհեստանոցից դուրս եկավ, եւ հայրս Ֆելոյի վրա գոռաց՝ «ի՞նչ ես ցցվել. գնա համոզի՝ հետ բեր», եւ Ֆելոն առանց երկար մտածելու՝ արհեստանոցից դուրս թռավ եւ բավական ժամանակ չվերադարձավ, եւ երբ բավական ժամանակ անց վերադարձավ, հայրս հարցրեց՝ «հը՞, չկարեցա՞ր համոզես՝ հետ բերես», եւ Ֆելոն մեղավոր կմկմաց՝ «չգտա» եւ կմկմալով ավելացրեց՝ «չկա ու չկա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «բայց ավտոն իրա տեղում կանգնած ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «ուր որ գնացել ա, առանց ավտո ա գնացել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «գնամ ավտոյի մոտ կանգնեմ ու սպասեմ՝ մինչեւ հայտնվի», եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «ուր էլ որ գնացել ա, շուտ թե ուշ գալու ա ավտոյի մոտ», եւ հայրս մի քիչ մտածեց ու գոռաց՝ «դե գնա՛. ո՞ւմ ես սպասում»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930