Ապրիլի 26-ին Իջեւանի «Պրոգրես» ՀԿ-ն ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջեւանի բաժնի անչափահասների գործերով խմբի տեսուչների հետ սահմանամերձ Սեւքարի դպրոցում միջոցառում է կազմակերպել, որի նպատակն էր բարձրացնել դեռահասների իրազեկման մակարդակը կոռուպցիայի, թմրամոլության եւ թրաֆիկինգի վերաբերյալ:
Նշված թեմայով ելույթ են ունեցել «Պրոգրես» ՀԿ նախագահ Գեղեցիկ Գուլակյանը, ոստիկանության Իջեւանի բաժնի անչափահասների գործերով խմբի տեսուչներ, ոստիկանության մայոր Աշոտ Մխիթարյանը եւ ոստիկանության ավագ լեյտենանտ Անուշ Մովսիսյանը:
Նրան նշել են, որ հաճախ ընտանիքներում, ուսումնական հաստատություններում անչափահասների կողմից կատարվող իրավախախտումները կոծկվում են, որը հետագայում հանգեցնում է նոր հանցագործությունների: Անչափահասների գործերով խմբի տեսուչները սեւքարեցի դպրոցականներին հորդորել են զերծ մնալ իրավախախտումներից:
Կարդացեք նաև
Անչափահասների գործերով խմբի տեսուչներն ասել են,որ հեռուստատեսությամբ, համացանցով ցուցադրվող ֆիլմերի միջոցով մոլախաղերի, հարբեցողության, դաժանության, անարդարության անուղղակի քարոզչությունը անչափահասների մեջ ձեւավորում է կյանքի իրական արժեքների, օրենքի եւ հանցագործի աշխարհի վերաբերյալ խեղաթյուրված պատկերացումներ ՝ նրանց հոգում սերմանելով հանցագործության մղող ծիլեր: Ցուցադրվել են թրաֆիկինգի,կոռուպցիայի եւ թմրամոլության մասին ֆիլմեր, որին հաջորդել է աշակերտների խմբային աշխատանքը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ