Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ասաց, որ նիստի ընթացքում ամփոփել են ընտրությունների արդյունքները, քննարկել են Երևանի ավագանու ընտրություններում կուսակցության քարոզարշավի ընթացքը:
«Նախորդ նիստից հետո ես նշեցի, որ շատ հավանական է, որ Հանրապետական կուսակցությունը և Հայ հեղափոխական դաշնակցությունը համագործակցեն: Այո՛, քննարկումները արդեն ավարտական փուլում են, գրեթե ավարտված են: Եվ պետք է նշեմ, որ տեսանելի ապագայում Հայաստանի հանրապետական կուսակցությունը և Հայ հեղափոխական դաշնակցությունը կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ»,- ասաց նա:
Շարմազանովը նշեց, որ ընդհանուր հարցերում երկու կուսակցությունները եկել են համաձայնության. «Մեզ համար էականը մի քանի պորտֆել ավել կամ պակասը չէ, մեզ համար էականը ծրագրային տեսլականի համահունչ լինելն է, պետության, ազգի առջև ծառացած խնդիրների լուծման ուղիներում ընդհանուր տեսլական ունենալն է»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ