Գործող քաղաքապետ ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը ապրիլի 27-ին նախընտրական հանդիպում ունեցավ Նոր Նորք համայնքում: Նրան ուղեկցում էին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը, ավագանու թեկնածուներ Նատալյա Լափաուրիին, Լևոն Իգիթյանը եւ մյուսները: Հանդիպման առաջին վայրը Նանսենի այգու հարեւանությամբ էր, ապա 143 դպրոցի մոտ:
Նատալյա Լափաուրիին ասաց, որ իրենք ուրիշների նման ելքեր չեն փնտրում, այլ խնդիրների լուծման բանալիներ են առաջարկում:
Վահե Նիկոյանն էլ նշեց, որ եկել են մասիվցիներին հաշվետու լինելու եւ նրանց վստահության քվեն հայցելու:
«Մենք արել ենք առավելագույնը Երեւանը եւ մասնավորապես Նոր Նորքը ավելի լավը դարձնելու համար» ,-ասաց նա:
Կարդացեք նաև
Տարոն Մարգարյանը նշեց, որ իրենց նոր ծրագիրը իրատեսական ծրագիր է, թիմը նախկին տարիներին աշխատել է «Ավելի լավ Երեւան» ծրագրի վրա, սակայն, նրա ձեւակերպմամբ, ինքը բնավ հակված չէ պնդելու, թե Երեւանը խնդիրներ չունի: Նա նշեց, որ դրանք լուծելու համար անհրաժեշտ է ժամանակ եւ համբերություն, խոստացավ լուծել հատկապես քաղաքային տրանսպորտի խնդիրը, ասաց, որ լինելու են էլեկտրոնային եւ միասնական համակարգով տոմսեր, փոխվելու է քաղաքի կառավարման համակարգը:
Տարոն Մարգարյանի քարոզարշավին նաեւ բազմաթիվ դպրոցահասակ երեխաներ կային` «Հանուն Երեւանի» շապիկներով, եկել էին նաեւ ծերեր ու փոքր երեխաներով կանայք: Մի տղամարդ խնդրեց, որ իր առողջական խնդիրները հոգան, ասաց, որ արյան ճնշում ունի, ոտքերն է ցավում: Բնակիչների մի խումբ էլ ցանկանում էր զուգարանի վերածված այգու խնդրի մասին բարձրաձայնել:
Թիմը նույն ելույթներն ունեցավ քարոզարշավի երկու «կետերում»` Նանսենի այգու, եւ դպրոցի մոտ:
Տարոն Մարգարյանը լուսանկարվեց ընտրողների հետ, հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ