2017 թ. ապրիլի 27-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Մ.Մելքոնյանի, շարունակվեց 2013 թ. հունվարի 2-ին «Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացած 2 տարեկան, 3 ամսական Լիա Միսակյանի գործի քննությունը:
Դատական նիստին ներկա էին ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրվող ամբաստանյալներ Լ. Վարդանյանը և Զ. Այվազյանը, վերջիններիս պաշտպաններ Գիվի Հովհաննիսյանն ու Ե. Սարգսյանը, մեղադրող Մ. Շահգալդյանը, տուժողի իրավահաջորդ Գ. Միսակյանն ու վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տ. Սիրադեղյանը:
Նախագահող դատավոր Մ. Մելքոնյանը հիշեցրեց, որ նախորդ դատական նիստը հետաձգվել էր պաշտպան Ե. Սարգսյանին դատարան ինքնաբացարկի միջնորդություններ կայացնելու հնարավորություն տալու նպատակով:
Մինչ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելը՝ Ե. Սարգսյանը միջնորդություն ներկայացրեց գործով կիրառման ենթակա նորմի սահմանադրականությունը որոշելու համար ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ: Միջնորդությունը հիմնավորեց նրանով, որ ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից կայացված դատական ակտում տրված մեկնաբանությունները պարտադիր են դատարանի համար, և այդ իրավիճակում դատարանը չի կարող լինել օբյեկտիվ ու անաչառ, քանի որ համաձայն ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի՝ գործը պետք է քննի ՀՀ Վճռաբեկ դատարանի սահմանած ծավալով:
Կարդացեք նաև
Պաշտպանի կարծիքով՝ վճռաբեկ դատարանը պարտավոր էր զերծ մնալ այդ մասով վերջնական գնահատական տալուց, որպեսզի նոր քննության ընթացքում դատարանին չկաշկանդեր իր հետևություններով, և պնդեց, որ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի վերաբերյալ ՀՀ Վճռաբեկ դատարանի մեկնաբանությունը հակասում է ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածին՝ միջնորդելով դիմել ՀՀ Սահմանադրական դատարան՝ այդ նորմի վերաբերյալ իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը ՀՀ Սահմանադրությանը համապատասխանությունը պարզելու համար:
Մեղադրողն առարկեց միջնորդության դեմ՝ դիրքորոշում հայտնելով այն մասին, որ դատարանն ամենևին կաշկանդված չէ ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշմամբ, և ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու կարիք չկա:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանն էլ դրանում դատաքննությունը ձգձգելու միտում տեսավ՝ նշելով, որ միջնորդության առաջին մասը պարունակում է ինքնաբացարկի միջնորդության հիմքեր, սակայն միջնորդության եզրափակիչ մասը մեկ այլ պահանջ է նախատեսում:
Մանրամասները` այստեղ