Ապրիլի 27-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Լիբանանի պլանավորման պետական նախարար Միշել Փարավոնին՝ տիկնոջ և ուղեկցող պատվիրակության հետ:
Ողջունելով հյուրին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց լիբանանյան նախարարի այցը Հայաստան: Նախարարը, մասնավորապես, նշեց. « Ձեր այցը նոր ուղիներ կբացի հայ-լիբանանյան հարաբերություններում՝ և՛ կառավարման, և՛ բիզնես ոլորտներում: Մեր նախարարության խնդիրներից է Սփյուռքին տեղեկացնել մեր որդեգրած ներդրումային քաղաքականության, նրա օրենքների վերաբերյալ: Մեր կայքում 100-ից ավելի բիզնես ծրագրեր ենք դրել և փորձելու ենք դրանք տարածել նաև օտար բարեկամների շրջանում: Պետք է նպաստենք Լիբանանի և Հայաստանի միջև տուրիզմի զարգացմանը: Պետք է Լիբանանի հանրությանը ներկայացնել Հայաստանի առավելությունները»:
Միշել Փարավոնը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, շեշտեց, որ սիրով և ոգևորությամբ է այցելում Հայաստան։ Նա նշեց. « Սա իմ երկրորդ այցելությունն է Հայաստան, առաջին անգամ եղել եմ 1999 թվականին: Այս անգամ ավելի տպավորված եմ: Հայաստանում մի քանի կարևող բան նկատեցի՝ անվտանգություն, քաղաքական կայունություն: Բարելավված են ներդրողների պայմանները: Պետք է համագործակցություն լինի պետական և մասնավոր հատվածների միջև: Տնտեսության զարգացման համար կարևոր է նաև Հայաստանի ընդգրկվելը Եվրասիական տնտեսական միության կազմում և Իրանի հետ տնտեսական ազատ գոտին: Լիբանանի բիզնեսի համար նախընտրելի են Հայաստանի հետ գործնական կապերը: Այդ բոլոր հարցերը քննարկելու համար պետք է տնտեսական ֆորում կազմակերպել»:
Քննարկվեցին նաև սիրիացի փախստականների տեղավորման, նրանց կրթական և առողջական հարցերի լուծման ուղիներին վերաբերող հարցեր: Կարևորվեց հայ-լիբանանյան կապերի ամրացումը և համագործակցությունը տնտեսական, կրթական, մշակութային ոլորտներում:
Կարդացեք նաև
ՀՀ սփյուռքի նախարարություն