Ապրիլի 27-ին Նարեկացի արվեստի միությունում տեղի ունեցավ ՆԱՄ-ի Սևան Նագաշյանի անվան նկարչական դասարանի սաների աշխատանքների ցուցահանդեսը:
Ցուցահանդեսը նվիրված էր Սուրբ Հարության տոնին: Հասմիկ Գասպարյանը՝ նկարչական դասարանի ուսուցչուհին, նշում է. «Նարեկացի արվեստի միության շնորհիվ երեխաները գտնվում են արվեստի միջավայրում: Ամեն տարի կազմակերպում ենք ցուցադրություններ: Այս անգամ որոշեցինք, որ թեման կլինի մարդասիրությունը: Նրանք շատ տաղանդավոր են ու անկեղծ, այդ պատճառով էլ ամեն ինչ ստացվում է: Պարզապես բոլորի հանդեպ անհատական մոտեցում է պետք ցուցաբերել»:
ՆԱՄ-ի տնօրեն Լևոն Իվանյանը կարծում է, որ նմանատիպ նախաձեռնությունները նպաստում են երեխաների մարդկային արժեքների ձևավորմանը. «Ստեղծվել է մի միջավայր, որտեղ պարտադիր չէ, որ բոլորը նկարիչ դառնան: Կարևոր է զարգացնել երեխաների մարդկային և ստեղծագործական հնարավորությունները, և նպաստել նրանց մարդկային տեսակի ձևավորմանը»:
Կարդացեք նաև
Նկարչական դասարանի սան՝ տասնամյա Սեյրան Չախոյանի աշխատանքներից մի քանիսը ևս ներկայացված էին ցուցադրությանը: Դրանցից մեկը կոչվում էր «Imagine»: Սեյրանը նկարել է իր պատկերացրած խաղաղությունը. «Սա դեմք է, որի մի կողմում կռիվ է, մյուսում՝ խաղաղություն: Նկարել եմ՝ նմանեցնելով Ջոն Լենոնին:
Պատկերացնենք, որ ամբողջ աշխարհում խաղաղություն է»: Ինչպես նաև նկարել է գրկախառնված սևամորթ ու սպիտակամորթ երեխաների. «Ես այս պատկերը իրականում տեսել եմ, հետո նկարել: Իսկ նկարի մնացած սիմվոլները ինքս եմ մտածել, որը ամեն մեկի համար մի նշանակություն կարող է ունենալ»:
Մարիամ ԽԱՉԱՏՐՅԱՆ