Սահմանադրական դատարանում ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննության ժամանակ դիմող կողմը երկու միջնորդությամբ է հանդես եկել: Առաջին միջնորդությունը վերաբերվում էր իրավապահ մարմինների անգործությանը:
Դաշինքի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը միջնորդել էր հանձնախումբ ստեղծել՝ փաստեր հավաքի, հետազոտի, ուսումնասիրի, Սահմանադրական դատարան ներկայացնի վերլուծություն`ընտրությունների ժամանակ զանգվածաբար վարչական ռեսուրսի կիրառման, ընտրակաշառքի բաժանման եւ համանման այլ երեւույթների մասին: Միջնորդությամբ խնդրվում էր որպես հանձնախմբի անդամներ ընդգրկել նաև տեղական, միջազգային դիտորդների, ԱԺ ընտրություններին մասնակցած կուսակցությունների, դաշինքների ներկայացուցիչների:
Հաջորդ միջնորդությունը, որը ներկայացրել էր ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, դարձյալ հանձնախումբ ստեղծելու մասին էր, որը 1500 տեղամասում տեղակայված տեսախցիկների տեսանկարահանումների ուսումնասիրություն պետք է իրականացներ:
Այսօր պատասխանող կողմը` ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն առարկեց միջնորդությունների դեմ, ասելով, որ դրանք չեն տեղավորվում ՍԴ-ի մասին օրենքի կանոնակարգումների համատեքստում: Նույն հիմքով առարկեցին նաեւ դատախազության եւ ոստիկանության ներկայացուցիչները:
Կարդացեք նաև
ՍԴ-ն երկու միջնորդություններն էլ մերժեց`պատճառաբանելով, որ ՍԴ-ն չի կարող ստանձնել քաղաքական ուժերի կողմից ընտրական գործընթացին մասնակցող ավելի քան 34 հազար իրավասուբյեկտների, ինչպես նաև իրավապահ, դատական մարմինների գործառույթների իրականացումը, և ընտրական տեղամասերի 40 հազար ժամից ավելի տեսանկարահանումների հետին թվով դիտարկումն ու գնահատումը: ՍԴ-ն գտնում է, որ գործի դատավարության փուլում հնարավոր է եղել ուսումնասիրել ներկայացված նյութն ամբողջ ծավալով, նոր ապացույցների ձեռք բերման անհրաժեշտություն չի առաջացել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Այդ ինչպէս՞ կը պատահի որ,քաղաքական կեանքի նման փորձառու անձեր կամ խմբակցութիւններ ակնկալիքներ ունէին ՍԴ-էն :