Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ունի՞ օրենսդրական բավարար լծակներ, որ ենթադրաբար խախտումների դեմն առնի: «Ինչ որ բան կա՞, որ ձեզ նոր ընտրական օրենսգրքով խանգարում է նաև վերահսկողական ֆունկցիան ավելի ուժեղ կատարել, ինչպես կատարում եք կազմակերպական ֆունկցիան»,- այսօր Սահմանադրական դատարանում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին հարցրեց ՍԴ անդամ Կիմ Բալայանը:
Հիշեցնենք, ՍԴ-ում այսօր շարունակվում էր Կոնգրես-ՀԺԿ-ի դիմումի քննությունը:
Տիգրան Մուկուչյանն ասաց, որ կան խնդրահարույց դրույթներ: «Հանձնաժողովներում նշանակումներ կատարվում են կուսակցությունների կողմից, սակայն դրանից հետո, նույնիսկ այդ անձինք չեն գալիս առաջին նիստերին, չեն մասնակցում դասընթացներին և հիմնականում դասընթացներին մասնակցության բացակայությունը ավելի շատ հանդիպում է խորհրդարանական ընդդիմություն ներկայացնող կուսակցությունների դեպքում և ներազդման որևէ լծակ չկա, որ պատասխանատվության լծակներ կիրառվել:
Հաճախ տեղամասային ընտրական հանձնաժողովում նախագահի պաշտոնների նշանակումներում ունենում ենք դեպքեր, երբ ուղակի տվյալ անձին նշանակած են լինում՝ հաշվի առնելով, որ վերջինս գալու է և ստանալու է աշխատավարձ: Հաճախ ունենում ենք քարտուղար, որը բողոքում է տեսողությունից, որ չի կարող գրանցամատյանի վարում կատարեն»,-ասաց նա` հավելելով, որ երբեմն էլ կատարվում են նշանակումներ, բայց հետո պարզվում է, որ տվյալ անձն անգամ Հայաստանում էլ չէ:
Կարդացեք նաև
Ֆելիքս Թոխյանն էլ հետաքրքրվեց` ի՞նչ օրենսդրական բազա է անհրաժեշտ, որ մարդկանց հավատն ընտրությունների նկատմամբ ամբողջովին վերականգնվի: Տիգրան Մուկուչյանը պատասխանեց`օրենսդրական լիարժեք հնարավորությունը՝ թափանցիկության ապաhովման առումով տրված է:
«Հավատի վերականգման առումով բոլորի մոտ երևի թե պետք է, ըստ էության, դոմինանտ լինի մի քիչ ազնվությունը: Երբ որ իրականում 99 տոկոս աշխատած սարքերի պարագայում ուրախանալ, ոչ թե չարախնդալ` մի տոկոս չաշխատելով: Ազնիվ լինել` թե ի՞նչ է արվել, ո՞ւր ենք հասել և ո՞ւր ենք ուզում գնալ»,- ընդդիմադիր-ընդդիմախոսների բոստանը քար նետեց ԿԸՀ նախագահը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ