Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞վ կտարբերվի վարչապետի ռեստորանը մյուսներից. (Տեսանյութ, ֆոտոշարք)

Ապրիլ 27,2017 18:25

Ինչպես հայտնի է, վարչապետ Կարեն Կարապետյանը Գյումրու պատմական հատվածում՝ «Կումայրի» արգելոցում ներդրումներ կատարելու, հանրապետության ամենակոլորիտով քաղաքը տուրիզմի կենտրոն դարձնելու նպատակով սկսել է ծրագիր իրականացնել։ Նրա ընտանիքն առաջինն էր, որ այս նպատակի համար գնեց Գյումրու հին կառույցներից մեկը՝ «Ջրահարս» ռեստորանի շենքը՝ մտադրվելով այն ռեստորանահյուրանոցային համալիրի վերածել։

Ի դեպ, վարչապետի գնած շենքը Սամվել Բալասանյանին պատկանող գարեջրի գործարանի, նրա «Պոլոզ Մուկուչ» ռեստորանի հարևանությամբ է, այն թաղում է, որտեղ բնակվում է Գյումրու քաղաքապետը ու որտեղ գտնվում է նրա կրտսեր որդու՝ Խաչատուր Բալասանյանի գրասենյակը։

Aravot.am-ը Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանից հետաքրքրվեց, թե կա՞ն Կարեն Կարապետյանի օրինակին հետևողներ։ «Շատերի հետաքրքրասիրությունն է շարժվել՝ և՛ գերատեսչությունների ղեկավարների, և՛ բիզնեսմենների, և՛ մեր նախկին համաքաղաքացիների։ Սկսվել է մեծ պրոցես՝ գույք ձեռք բերելու։ Գալիս են, նայում եմ տները, բանակցում են բնակիչների հետ, կարծիքներ են հայտնում։ Մինի բիզնես ծրագրեր են մշակում այդ ընդհանուր մեծ ծրագրի մեջ, թե ինչ ձևով կարող են իրենք մասնակցել, հաշվարկներ են անում։ Մի քանի հոգի կան, որոնք վերջնականապես կողմնորոշված են, բայց դեռ փաստաթղթային ձևակերպումներ չկան»,-տեղեկացրեց ճարտարապետը։

Մենք նաև հետաքրքրվեցինք, թե «Կումայրի» արգելոցի բնակիչները ինչպե՞ս են արձագանքում ծրագրին, համաձայնվո՞ւմ են իրենց տները վաճառքի հանել։ «Առաջարկողներ շատ կան, նույնիսկ մարդիկ, որոնք մտադրություն չունեին վաճառելու, տեսնելով այս պրոցեսը, զարգացումը՝ գտնում են, որ ավելի նպատակահարմար է վաճառեն, ավելի բարվոք բնակության կացարան ձեռք բերեն, քան մնան այն շինության մեջ, որը իրենք չեն կարող վերականգնել»։

Հարցին, թե բիզնես ծրագրեր առաջարկողները ի՞նչ են ուզում կառուցել՝ «Կումայրի» արգելոցի պատմական շենքերը ձեռք բերելով, ճարտարապետն ասաց՝ հյուրանոցներ, ռեստորաններ, արհեստանոցներ, փոքր խանութներ։ Մեր դիտարկմանը, թե հյուրատներն ու ռեստորանները շատ չե՞ն լինի մեր քաղաքի համար, մեր քաղաքում այդքան տուրիստ այցելո՞ւմ է, որ յուրաքանչյուր քայլափոխի հյուրանոց կամ ռեստորան լինի, քաղաքի ճարտարապետը կրկնեց վարչապետի խոսքերը, թե տուրիստներին պիտի շահագրգռել ու բերել, գրավիչ դարձնել տարածքը, որ նրանք այցելեն Գյումրի։

Վարչապետի ծրագրով «Կումայրի» արգելոցի տարածքում գտնվող Ռուսթավելի փողոցի վերականգնումը բավական մեծ աղմուկ հանեց Գյումրիում։ Այս քաղաքի բնակիչներն անհանգստացած են՝ չլինի՞ սալապատման փոխարեն փորձեն ասֆալտապատել քաղաքի պատմական այս հատվածը։ Նշենք, որ այս փողոցի սալաքարերը տեղափոխել են Սամվել Բալասանյանին պատկանող «Սև Բերդ» ամրոցի տարածք, իսկ փողոցում ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում։ Քաղաքի ճարտարապետը վստահեցնում է, որ աղմուկն անտեղի է, ավելի բարձր որակի սալահատակ է արվելու՝ գրանիտից, որը բերվելու է Իջևանի հանքավայրից։ Ըստ Հենրիկ Գասպարյանի, այդ փողոցի սալաքարերն այնքան էլ բարձր որակի չէին, թեև որոշ քարեր կվերականգնեն ու կօգտագործեն։ Ըստ նրա, մրցույթ է հայտարարվելու սալապատման համար։

Մենք եղանք վարչապետի գնած կառույցում, որտեղ շինաշխատանքերը դադարեցված էին։ Ըստ ճարտարապետի, այնտեղ մաքրման աշխատանքներ են կատարվել, նաև նախագծի նախնական էսքիզային փուլն է ավարտված, գծագրերն են պատրաստվում։ Թե ինչո՞վ կտարբերվի Կարեն Կարապետյանի ռեստորանը մյուսներից, Հենրիկ Գասպարյանն ասում է․ «Դե արդեն կազմակերպողների խնդիրն է, նայած թե ինչպես կկազմակերպեն»։

Հիշեցնենք՝  վարչապետը խոստացել է վերականգնել պատմական շենքի հին ֆասադը, որը վնասվել էր 1926 թվականի երկրաշարժից։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Sona says:

    Տարհանումից հետո փողոցի սալաքարերը պահեստավորման նպատակով տեղափոխվել են Սև Բերդի հարակից տարածք (հողը, որի վրա պահեստավորվում են սալաքարերը՝ համայնքապատկան է և գտնվում է Սև Բերդի հետնամասում):

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930