Լրահոս
Օրվա լրահոսը

Բանավեճ` հայ և ադրբեջանցի պատվիրակների միջև` Լապշինի հարցով. (Տեսանյութ)

Ապրիլ 27,2017 18:12

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստի ընթացքում ԵԽԽՎ Գերմանիայի պատվիրակության անդամ Բեռնդ Ֆաբրիտիուսը ներկայացրեց «Ինտերպոլի համակարգի չարաշահումն ու ավելի խիստ իրավական երաշխիքների անհրաժեշտությունը» զեկույցը:

Նա հայտարարեց, որ բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ արդարացիորեն չեն վարվել. «Լապշինը նման վերաբերմունքի է արժանացել իր` ԼՂ ճամփորդության պատճառով: Բայց, այնուամենայնիվ, ինտերպոլի ներքին համակարգերը լավ են աշխատել, և այս դեպքը ցույց է տալիս, որ ապահովվել է թափանցիկությունը և ինտերպոլի համակարգի գոյությունը կարող է օգնել խուսափել թյուրիմացություններից առանց վնասելու հետաքննությանը»:

Պարոն Ֆաբրիտիուսը կոչ արեց պատվիրակներին կողմ քվեարկել իր ներկայացրած զեկույցին, քանի որ այն կարևոր է ինտերպոլի համակարգի չարաշահումներից խուսափելու համար: Զեկուցողը եզրափակեց. «Ինտերպոլը, մարդու իրավունքների պաշտպաններն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Եվրոպայում մեկ կողմում են գտնվում, և ես սպասում եմ այս ձևաչափի միասնական քննարկման»:

Զեկույցի ներկայացումից հետո ծավալված քննարկման ընթացքում, երբ պատվիրակները կարճ ելույթներով էին հանդես գալիս, հեռակա բանավեճ ստացվեց ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանի և Ադրբեջանի պատվիրակության անդամ Վուսալ Հուսեյնովի միջև:

Նաիրա Կարապետյանը հայտարարեց, թե ԵԽ անդամ Ադրբեջանը Ինտերպոլի անունը օգտագործում է նման դեպքերի համար, և «կցանկանայի ձեզ ներկայացնել մի քանի այդպիսի դեպքեր: Օրինակ, Ադրբեջանը վերջերս դիմել է Բելառուսին` բլոգեր Ալեքսանդր Լապշինին ձերբակալելու համար»:

Այնուհետև ընդգծեց. «Ինտերպոլի չարաշահման այս անպատժելիության հետևանքն էլ ավելի ծիծաղելի է . Լապշինի արտահանձնման դեպքից 2 շաբաթ անց Ադրբեջանը միջազգային հետախուզում հայտարարեց Եվրախորհրդարանի 3 պատգամավորների, ովքեր Սահմանադրական հանրաքվեի դիտարկման համար այցելել էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն»:

Ի պատասխան Վուսալ Հուսեյնովը հավաստիացրեց, թե հայ գործընկերները փորձում են խեղաթյուրել փաստերը. «Կոչ եմ անում հայ գործընկերներին չխճճել այստեղ ներկա լսարանին»: Այնուհետև պնդեց, որ Լապշինը հանցագործ է. «Առանց Ադրբեջանի իշխանությունների թույլտվության նա այցելել է Ադրբեջանի տարածք, որն օկուպացվել է Հայաստանի կողմից»:

Ելույթների ավարտից հետո Բեռնդ Ֆաբրիտիուսը, արձագանքելով Նաիրա Կարապետյանին, հայտարարեց, թե Լապշինի գործով ինտերպոլի համակարգը չարաշահվել է բոլոր կողմերից, այդ իսկ պատճառով կարևորեց, որ հետագայում միայն կարմիր գծով ծանուցման դեպքում ինտերպոլը ինֆորմացիա տրամադրի:

Իսկ ադրբեջանցի պատվիրակին ի պատասխան հիշեցրեց, որ ինքը հավատարիմ է մնում իր կարծիքին, որն արտահայտել էր զեկույցը ներկայացնելիս:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930