Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ ինչպե՞ս պատահեց, որ դաշնակցական լծակներն օգտագործվեցին ՀՀԿ-ի օգտին»

Ապրիլ 27,2017 17:58

Այսօր Սահմանադրական դատարանում շարունակվող Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննության ժամանակ, ՍԴ անդամ Կիմ Բալայանը դաշինքի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանին հարցրեց`մասնակցել եք նոր Ընտրական օրենսգրքի մշակման աշխատանքներին, Ձեր կարծիքով ինչպիսի՞ն պիտի այն լիներ:

Լեւոն Զուրաբյանն ասաց, որ ինքն այս օրենսգրքի հեղինակը, համահեղինակը չէ, անգամ հիշեցրեց, որ թե ինքը, թե ՀԱԿ խորհրդարանական խմբակցությունը խորհրդարանում «դեմ» են քվեարկել դրան:

«Եթե նկատի ունեք 4+4+4» ձեւաչափի քննարկումները, ապա դա մի փաթեթ էր, որը վերաբերվում էր միայն տեղամասերում օրինականության վերահսկման մեխանիզմներին»,- մանրամասնեց Լեւոն Զուրաբյանը` հիշեցնելով, որ այդ փաթեթի վրա աշխատել են հինգ քաղաքական ուժեր, նաեւ հասարակական հատվածի ներկայացուցիչներ: Նա նկատեց, որ այս համաձայնագրի ուժի մեջ մտնելը դեռ չի նշանակում`կոնսենսուս ԸՕ-ի շուրջ:

Նա մանրամասնեց նաեւ, որ իր կարծիքով, ԸՕ-ում մի շարք փոփոխություններ են պետք անել ու իրենք այդ մասով իրենց կարծիքը ներկայացրել են դեռ 2012 թվականին, բայց իրենց առաջարկած փոփոխությունները չեն անցել: Ասաց նաեւ, որ գործող օրենսգրքի գլխավոր խնդիրը վարկանիշային համակարգի հետ է կապված: Դա իրենք համարում են հատուկ հնարք, որը թույլ է տալիս ընտրակաշառքի բաժանումը, վարչական ռեսուրսի կիրառումը դնել կոնկրետ թեկնածուների վրա: Իրենք նաեւ համարում են, որ նախագրանցման ինստիտուտ պետք է գործի, այսինքն, ընտրողների ցուցակները նորից ստեղծվեն`նախագրանցման միջոցով: Հիշեցնենք, դա այսպես կոչված վրացական տարբերակն էր, ինչի մասին անընդհատ խոսում էր Արամ Մանուկյանը:

Կիմ Բալայանին նաեւ հետաքրքրում էր վարչական ռեսուրսի կիրառումը: Մասնավորաբար, դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների մասով նա նկատեց, որ նրանք ենթարկվում են կամ ԿԳՆ-ին, կամ`տեղական իշխանության մարմնին`մարզպետին: Ամենահետաքրքիրն այդ իմաստով, Շիրակի մարզն է`քանի որ եւ մարզպետն է ՀՅԴ-ական, եւ ԿԳ նախարարը: «Այդ ինչպե՞ս պատահեց, որ դաշնակցական լծակներն օգտագործվեցին ՀՀԿ-ի օգտին»,- հարցրեց Կիմ Բալայանը: Դահլիճում ծիծաղ առաջացավ:

Լեւոն Զուրաբյանն ասաց, որ կպատասխանի`նկատի առնելով նրա անցյալը: Կիմ Բալայանը նախկին դաշնակցական է: «Բայց դա անցյալ է»,- հակադարձեց Կիմ Բալայանը: «Չէի ուզենա վիրավորել Ձեր զգացմունքները, բայց թույլ տվեք ասել, որ այսօր, այո, ՀՀԿ-ն լիովին տիրապետելով պետական իշխանության լծակներին եւ տիրապետելով իշխանության ռեսուրսը` իրեն կարող է թույլ տալ`հաշվի չնստել Դաշնակցության հետ…»,- ասաց Լեւոն Զուրաբյանը:

ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն ընդհատեց Լեւոն Զուրաբյանին`հորդորելով չանցնել ներկուսակցական հարաբերությունների պարզաբանմանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930