Ինչո՞ւ Կոնգրես-ՀԺԿ դաշինքը չի միացել «ԵԼՔ» եւ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի դիմումին, կամ որքանո՞վ էիք համոզված, որ նրանք դիմելու են`դուք չդիմեցիք, երբ վերջիններս քարոզարշավի փուլում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովում վիճարկում էին մանկապարտեզների եւ դպրոցների տնօրենների 124 հայտնի ձայնագրությունները`ՀՀԿ-ի համար ձայներ ապահովելու մասին: Այս հարցն այսօր Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանն ուղղեց Կոնգրես-ՀԱԿ դաշինքի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանին: Այդ ձայնագրությունը, հիշեցնենք, դաշինքը կցել է իր դիմումին:
Լեւոն Զուրաբյանն ասաց, որ քանի որ «ԵԼՔ»-ն ու «ՕՐՕ»-ն արդեն դիմել էին, իրենք գերադասեցին բարոյական աջակցության տարբերակը, քանի որ անիմաստ էր համանման եւս մեկ դիմում ներկայացնել:
«Ես կմտածեի, որ` գեղ կանգնի, գերան կկոտրի»,- հայտնի ասացվածքը մեջբերեց Ալվինա Գյուլումյանը:
«Թե՞ կարծում եք, որ դիմումների քանակը կարող էր ապահովել արդյունավետությունը»,- հակադարձեց Լեւոն Զուրաբյանը:
Կարդացեք նաև
Փաստաբան Տիգրան Եգորյանն էլ հավելեց, որ Կոնգրես- ՀԺԿ դաշինքի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը հայտարարել էր դաշինքի`այդ դիմումներին միանալու մասին, սակայն, ԿԸՀ-ն որոշել էր, որ դաշինքը նման իրավունք չունի:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ