«Մայիսի 14-ին հնարավորություն ունեք նոր թափ հաղորդելու դրական այն փոփոխություններին, որոնք սկսվել է ԱԺ ընտրություններին «Ելք» դաշինքի՝ փոքր , բայց շատ կարեւոր արդյունքի արձանագրմամբ, դե ուրեմն գնացեք ընտրատեղամաս, Երեւանում նոր քաղաքապետ ու նոր ավագանի ընտրելով՝ ձեւավորեք իրական հակակշիռ Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի միահեծան իշխանության նկատմամբ»,- այսօր այս կոչով «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը շրջեց Արաբկիր վարչական շրջանում:
Նա արաբկիրցիներին կոչ արեց. «Չհուսահատվեք ժողովուրդ ջան, որովհետեւ Տարոն Մարգարյանի հուսահատության գազելներից, մահվան լիֆտերից, կաթող տանիքներից, փոշու ու աղբի ամպերից ելք կա»:
«Ելք» դաշինքի ավագանու թեկնածու Արայիկ Հարությունյանն էլ խոստացավ ուժեղ վերահսկողություն մայիսի 14-ի ավագանու ընտրությունների ժամանակ. «Առաջիկա ընտրություններին մենք վերահսկելու ենք բոլոր տեղամասերը, որ ապահովենք ձեր ազատ ու գաղտնի ընտրելու իրավունքը, մենք կարեւորում ենք ձեր քվեն, որով կարող եք շեշտակի փոփոխություններ բերել Երեւանում, Հայաստանում: Գլուխներդ բարձր, դուխով գնացեք տեղամաս ու ձեր ձայնը տվեք թիվ մեկ ընդդիմադիր ուժին ու ձեր, ձեր հարեւանների համար ասեք՝ Երեւան ջան, ելք կա»:
Նրա խոսքով, ՀՀ արագ զարգացման համար անհրաժեշտ է, որ ունենանք կրթված մասնագետներ. «Դուք մայիսի 14-ին հնարավորություն ունեք ընտրել այնպիսի քաղաքապետ, որը պատասխանատու տնօրեններ կնշանակի դպրոցներում, որտեղ կրթվում են մեր երեխաները, այլ ոչ թե Տարոն Մարգարյանի նման, որը նշանակում է այնպիսի տնօրենների, որոնք ՀՀԿ-ի համար ապահովում են բոլոր ընտրությունների ձայները: Կարեւորեք ձեր քվեն»:
Կարդացեք նաև
Ավագանու թեկնածուներից Վիկտոր Եդիգարյանն էլ անդրադարձավ, իր բնորոշմամբ, գլխավոր հարցին. «Գլխավոր հարցն այն է ՝ ում է պատկանում Երեւանը ինչ որ կուսակցությա՞ն, թե՞ Երեւանի բնակիչներին… ձեր միջոցով, ձեր տված քվեով հնարավորություն կունենաք մայիսի 14-ին Երեւանի կառավարումը հանձնել Երեւանի բնակիչներին»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ