Փաստաբան Տիգրան Աթանեսյանն ահազանգել է, որ իր գրասենյակում իր եւ փաստաբան Արմեն Սողոմոնյանի վրա հարձակվել են ՀՀ Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը, ՀՀ փաստաբանների պալատի նախագահի խորհրդական Գևորգ Մկրտչյանը, ՀՀ փաստաբանների պալատի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Վրեժ Խաչիկյանը:
Ըստ Աթանեսյանի՝ իրենք ունեն մարմնական վնասվածքներ։ Կողմերից ոչ մեկի հետ մեզ հեռախոսակապ հաստատել չհաջողվեց, իսկ ոստիկանության լրատվական ծառայությունից մեզ փոխանցեցին, որ տեղում աշխատում է ոստիկանների խումբը, այս պահին չեն կարող ասել՝ տուժած կա՞:
«Ահազանգողն ասել է, որ իրեն ու ընկերոջը ծեծի են ենթարկել»,-ասացին մեզ:
Կարդացեք նաև
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն այս առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ. «Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը դատապարտում է ցանկացած բռնություն, ինչպես նաև վիրավորանք և զրպարտություն պարունակող հայտարարությունները և հրապարակումները, առավել ևս, երբ կողմերը փաստաբաններ են։
Անշուշտ ճշմարտությունը պետք է բացահայտվի, իսկ մեղավորները պետք է ենթարկվեն պատասխանատվության։
Միևնույն ժամանակ հորդորում ենք զերծ մնալ զգացմունքային և չստուգված հայտարարություններից և միակողմանի տեղեկատվության հիման վրա կարծիք չձևավորել»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ