«Ցավոք սրտի, մենք արդեն նյութական ապացույցներ ենք ստանում քաղաքացիների կողմից կատարած ձայնագրությունների, գաղտնալսումների միջոցով: Ի՞նչ եք կարծում, մեր քաղաքական ուժերը, քաղհասարակությունը, քաղաքացիները պետք է զուգահեռ ստեղծեն դատախազություն, ոստիկանություն, քննիչներ, որպեսզի իրենք կարողանան այս ամեն ինչը բացահայտել, թե՞ ժամանակն է, որ ոստիկանությունը, դատախազությունն անցնեն իրենց պարտականությունների կատարմանը եւ այս ամենն իրենք բացահայտեն»,- այսօր Սահմանադրական դատարանում շարունակվող Կոնգրես-ՀԺԿ դիմումի քննարկման ժամանակ կարծիք հայտնեց ՀԱԿ-ի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը:
Նրա դիտարկումն ուղղված էր դատախազության ներկայացուցիչ Կարեն Բիշարյանին: Լեւոն Զուրաբյանին հետաքրքրել էր, թե «ՍԱՍ» ընկերության ժողովի հայտնի ձայնագրության հետ կապված ի՞նչ է պարզել դատախազությունը: Կարեն Բիշարյանը հայտարարեց`իրավապահ մարմինները պատշաճ կատարում են իրենց պարտականությունները:
«Քրեական գործ է հարուցվել: Ամենամեծ ցանկություն պարագայում անգամ որևէ տվյալ չեմ կարող հրապարակել, ընթանում է նախաքննություն, իրավունք չունեմ որևէ տվյալ հրապարակել»,- պատասխանեց Կարեն Բիշարյանը:
Մանրամասները`տեսանյութում
Կարդացեք նաև
Լեւոն Զուրաբյանը նկատեց` տարբեր գնահատականներով այդ ժողովին մասնակցել է 200-400 մարդ, որտեղ կոպտորեն, մասսայաբար, բոլորի աչքի առաջ խախտվել են մարդկանց իրավունքները. ինչպե՞ս իրավապահ մարմինները բացարձակապես ոչ մի բան չեն իմացել համարյա բաց կատարվող իրադարձություն մասին:
«Քրեական հետապնդման մարմինների դաշտում նյութ չի եղել, որ նման ժողով է լինելու, որպեսզի ձեռնարկվեն օպերատիվ-հետախուզական միջոցներ»,- պատասխանեց Կարեն Բիշարյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ