Լրահոս
Օրվա լրահոսը

Արմենուհի Կյուրեղյան. «Եթե դու պատգամավոր ես, դա դեռ չի նշանակում, որ դու ամեն ինչ գիտես»

Ապրիլ 27,2017 16:37

Ապրիլի 2-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքների համաձայն Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունից մանդատ է ստացել նաեւ Լոռու մարզը ներկայացնող Արմենուհի Կյուրեղյանը: Կուսակցության միակ կին պատգամավորը քաղաքականություն մտնելու առաջարկը ստացել է ՀՅԴ Գերագույն մարմնի կողմից, եւ չի մերժել:

«Ես հասկացա, որ քաղաքական կուսակցություններն այսօր ունեն շատ կարեւոր դեր որոշումների կայացման գործընթացներում, բայց կանայք ավելի շատ ներգրավված են հասարակական ոլորտում: Եվ ստացվում է, որ այն լավ մտքերը, արդյունավետ գաղափարները, որ ծնվում են հասարակական ոլորտում, մնում են այդ ոլորտում: Իսկ որոշում կայացնողն այդ հասարակական ոլորտից դուրս է: Եվ, որպեսզի որեւէ արդյունք ստանաս, ես մտածեցի, որ ամենաարդյունավետը կուսակցությունում ներգրավվածությունն է»:

Մասնագիտությամբ մաթեմատիկոս, Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի Լոռու մարզային կենտրոնի ղեկավար, նաեւ Վանաձորի համայնքի ավագանու անդամ Արմենուհի Կյուրեղյանը կարծում է, որ կանայք մինչ քաղաքականություն մտնելն են հանդիպում խնդիրների. «Կանայք խնդիրներ ունենում են մինչեւ այդ ոլորտում հայտնվելը: Որովհետեւ ի վերջո դժվարը հենց հայտնվելն է: Նախ քո մեջ որոշում կայացնելը, հետո նաեւ, որ կողքիններդ, շրջապատդ ընդունի քեզ որպես քաղաքական գործիչ, որպես անհատ, եւ որպես կարողություններ ունեցող մարդ: Որպեսզի կանանց ներգրավվածության անհրաժեշտությունը զգա հասարակությունը, անհրաժեշտ է, որպեսզի կանայք այնտեղ լինեն, եւ հասարակությունն ու հանրությունը տեսնի, որ ինքը նույնպես քաղաքական գործունեության մեջ կարող է ակտիվ դերակատարություն ունենալ»:

Aravot.am-ի հետ զրույցում պատգամավորն ասում է, որ քաղաքականության մեջ կանանց ներգրավվածության վերաբերյալ տարիների ընթացքում հասարակության մտածողության մեջ որոշակի փոփոխություններ կան, սակայն մոտեցումը լիովին չի փոխվել: Նրա կարծիքով խորհրդարանում կնոջ ներկայությունը պարտադիր է:

«Կանայք պետք են ոչ միայն կանանց հիմնախնդիրները ներկայացնելու համար, այլ հանրությանը վերաբերող ցանկացած խնդրի լուծման համար, կանանց մոտեցումներն առաջ քաշելու համար: Միեւնույն հարցի շուրջ կանայք կարող են ունենալ տարբեր մոտեցումներ ու լուծումներ: Նույն հարցին կինն այլ տեսանկյունից է նայում, տղամարդն՝ այլ: Իսկ կայացած որոշումը վերաբերվում է ամբողջ հանրությանը: Որոշումը կլինի ավելի առողջ ու արդյունավետ, եթե տարբեր տեսանկյունները հաշվի առնելով են կայացվում դրանք»:

Արմենուհի Կյուրեղյանը խոստանում է՝ ԱԺ մտնելուց հետո, առաջին հերթին բարձրաձայնելու է կանանց խնդիրները. «Ես, նաեւ մեր կազմակերպությունը պետք է հետեւողականորեն պայքարենք, որպեսզի նախ քվոտաները աճեն: Որովհետեւ մենք ունենք 25%-ի ներկայացվածության քվոտա, բայց իրականում այդ 25%-ը կարող է ապահովել կանանց ներկայության ընդամենը 12,5%-ը, որովհետեւ մյուս 12,5 %-ը պետք է ռեյտինգայինով լինի: Իսկ մենք գիտենք, որ ամբողջ հանրապետությունում ընդամենը մեկ կին կարողացավ ռեյտինգով անցնել: Մեր կուսակցությունը, մենք պետք է պայքարենք այս արատավոր ռեյտինգային համակարգից ազատվելու ուղղությամբ: Ես պետք է փորձեմ աշխատել նաեւ, որպեսզի կանանց ներկայացվածությունը նշանակովի պաշտոններում մեծանա»:

Լոռու մարզի առաջ ծառացած խնդիրներից ամենակարեւորն, ըստ պատգամավորի՝ աշխատատեղերի բացակայությունն է: Զրուցակիցս խոստանում է՝ ԱԺ ամբիոնից հնչեցնելու է նաեւ այս հարցը. «Մենք մեր մարզում ընդամենն ունենք հանքաարդյունաբերություն, դրանից շատ ենք կախված: Բայց մենք ունենք հզոր ներուժ, որը կարող է օգտագործվել ՏՏ ոլորտում: Մենք ունենք թեթեւ արդյունաբերության զարգացման լայն հնարավորություններ: Պետք է հնարավորինս ապահովենք այնպիսի ներդրումային ծրագրեր, որոնք կզարգացնեն ՏՏ ոլորտը: Գյուղատնտեսության զարգացման համար բավականին ներդրումային ծրագրեր կարելի է բերել եւ զարգացնել: Ծրագրեր կան, ցանկություններ կան: Եվ ես համոզված եմ, որ մեր կուսակցությունը, նաեւ մյուս կուսակցությունների ներկայացուցիչները դեմ չեն լինելու նման ծրագրերի իրականացմանը, որովհետեւ դրանք կոչված են հանրության կյանքի որակի փոփոխությանը դեպի դրական: Մենք համալիր ենք նայելու բոլոր ոլորտներին»:

Արմենուհի Կյուրեղյանը վստահեցնում է՝ լինելու է հասանելի պատգամավոր. «Ես պետք է մեր հանրությանը դիմեմ, եւ խնդրեմ, որպեսզի հնարավորինս իրենք էլ օգնեն պատգամավորներին վեր հանելու խնդիրները, եւ այդ խնդիրների լուծման իրենց մոտեցումները ներկայացնեն: Եթե դու պատգամավոր ես, դա դեռ չի նշանակում, որ դու ամեն ինչ գիտես, եւ ամեն մի լուծում կարող ես գտնել: Ես, որպես պատգամավոր պետք է ակտիվ համագործակցություն ունենամ բնակչության հետ»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930