Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս է «Ելքը» լուծելու հանրային տրանսպորտի խնդիրները

Ապրիլ 27,2017 16:09

«Ելք» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանը ապրիլի 27-ին «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց դաշինքի առաջարկած լուծումները Երևանի հանրային տրանսպորտի խնդիրների վերաբերյալ:

«Մենք Երևանի վերգետնյա տրանսպորտի խնդիրը բաժանել ենք երեք մասի: 1-ինը վերաբերվում է տրանսպորտի շարժակազմին, այսինքն՝ այն ավտոբուսներին և միկրոավտոբուսներին, որոնք շահագործվում են, որովհետև այս պահին մենք տեսնում ենք, որ ավտոբուսների թիվը համեմատած միկրոավտոբուսների թվին կազմում է 46 տոկոս: Մենք կարծում ենք, որ այս հարաբերակցությունը պետք է կտրուկ կրճատվի և հնարավորինս կարողանանք ազատվել միկրոավտոբուսներից և շատ ավելի կոնկրետ՝ «գազելներից», որովհետև գնահատում ենք, որ «գազելները»՝ որպես տրանսպորտային միջոց հարմարավետ չեն և որևէ կերպ հարմարեցված չեն երևանյան երթևեկությանը»,- ասաց նա:

Դավիթ Խաժակյանը նշեց, որ երկրորդ մասը կանգառներն են, որոնք շատ հաճախ դառնում են խցանումների առիթ կահավորման պատճառով. «Այսքան տարիների ընթացքում չի հաջողվել ամբողջությամբ կահավորել կանգառները պատշաճ կերպով: Նույնիսկ այն կանգառները, որոնք կան Երևանում, որոնց կարող ենք կոչել ամբողջությամբ հագեցած, նկատի ունենալով ցուցանակները՝ կանգառների խցիկները, գծանշումները, դեռևս մեծամասնությունը այդպես կահավորված չեն: Մենք դա կարող ենք տեսնել Կենտրոնում կամ արվարձանների կենտրոնական փողոցներում, բայց կանգառների զգալի մասը կահավորված չէ»:

Դավիթ Խաժակյանը հավելեց, որ պետք է տրանսպորտի համար առանձին ճանապարհային գոտիներ լինեն, ինչը հնարավորություն կտա ապահովել տրանսպորտի երթևեկության կայունությունը. «Այս պահին հասարակական տրանսպորտը ենթարկվում է նույն տիպի խցանումների ինչ-որ մնացած բոլոր ավտոմեքենաները, և դրանով չվացուցակը էապես խախտվում է: Մենք առաջարկում ենք հատկապես այն փողոցներում, որտեղ այդ հնարավորությունը շատ հեշտ է ապահովել, այսինքն՝ առանձնացնել առանձին երթևեկելի գոտի, որը հնարավորություն կտա հանրային տրանսպորտին երթևեկել առանց խցանումների»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930