Այս տարի Եվրատեսիլում Հայաստանը կներկայացնի Արծվիկը իր Fly with me երգով և այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նա բացեց ելույթի հետ կապված համարյա թե բոլոր գաղտնիքները:
Արծվիկը ոգևորությամբ նշեց, որ սա իր ամենամեծ երազանքներից մեկն է.
«Ես երազ էի տեսել, որ հանկարծ հայտնվել էի Եվրատեսիլի լուսաշող բեմում: Եվ մի քանի օր անց իմացա, որ Հանրային հեռուստաընկերությունը անցկացնում է «Դեպի Եվրատեսիլ» երաժշտական նախագիծը: Ես որոշեցի ամեն ինչ թողնել ու գալ երազանքիս հետևից»:
Կարդացեք նաև
Եվրատեսիլյան հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը պատմեց, որ այս տարի նույնպես աշխատել են շվեդ բեմադրող-ռեժիսոր Սաշա Ժաբաբտիստի հետ.
«Նա շատ լավ մասնագետ է և եվրատեսիլյան մեծ փորձ ունի: Նա գիտի ինչպես հեռուստատեսային, ուղիղ եթերին համահունչ դարձնել կադրերը, լուսավորությունը և ամբողջ ելույթը»:
Fly with me երգի երաժշտության հեղինակներն են Լիլիթ և Լևոն Նավասարդյանները, իսկ խոսքերը հեղինակել են Ավետ Բարսեղյանն ու Դավիթ Ծերունյանը: Լիլիթ Նավասարդյանը իր խոսքում նշեց, որ ցանկացել են երգն ամբողջովին հարմարեցնել արտիստին՝ հաշվի առնելով Արծվիկի ձայնի էթնիկ ելևէջները:
«Այս երգի մեջ աշխարհի բոլոր մշակույթներից քամիներ կան, դուք կգտնեք սլավոնականից մինչև ասիական երաժշտական հնչյուններ»:
Արծվիկի կերպարը վստահված է դիզայներ Ֆաինա Հարությունյանին: Եվ չցանկանալով բացահայտել շոուի հետ կապված մանրամասները՝ Գոհար Գասպարյանը նշեց, որ հագուստը լինելու է մոդեռն, էթնիկ տարրերով ձևավորված և բեմում արտիստը շրջապատված է լինելու վարդագույնի երանգներով:
«Իսկ ինչ վերաբերում է շոուին, ապա նշեմ, որ Արծվիկը հնարավոր է նաև թռչի՝ կախված բեմի տեխնիկական հնարավորություններից: Համենայնդեպս մենք թռչելու ենք և թռչելու ենք հնարավորինս բարձր»:
Եվրատեսիլը բոլորիս հայտնի է, որ ինչ-որ չափով քաղաքականացված մրցույթ է և հայերիս վրա ինչ-ինչ պատճառներով իր ազդեցությունը ունենում է: Անդրադառնալով այս թեմային՝ Արծվիկն ասաց, որ ի վերջո սա երգի մրցույթ է և յուրաքանչյուր արտիստի համար լայն հնարավորությունների դաշտ է.
«Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանի մասնակցին, ապա ասեմ, որ նա էլ իր երազանքն ուներ և ի վերջո պետք չէ արտիստներին խառնել քաղաքականությանը»:
Լիլի ԽԱՉԱՏՐՅԱՆ