Լրահոս
Օրվա լրահոսը

Կարմիր գծերի տուգանքի համար նվազագույն շեմը կսահմանվի 3 հազար դրամ

Ապրիլ 27,2017 15:51

«Ավտոտրանսպորտային միջոցը համայնքային վճարովի ավտոկայանատեղում կայանելու համար տեղական տուրքը կամ, այսպես կոչված, կարմիր գծերի համար չվճարելը, գործող իրավակարգավորմամբ, առաջացնում է ֆիքսված տուգանքի նշանակում՝ 5 հազար դրամ: Մենք առաջարկում ենք սահմանել, որ տուգանքը կարող է կազմել 3 հազարից 5 հազար դրամ»,- ՀՀ կառավարության այսօրվա նիստում, ներկայացնելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ նոր օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը, այս մասին նշեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

Նախարարի խոսքով՝ նոր օրենսգրքի մշակման աշխատանքներին մասնակցել են ինչպես տեղական, այնպես էլ միջազգային փորձագետներ. նախագիծն արժանացել վերջինների բարձր գնահատականին:

«Ընդունված լինելով դեռևս 1985 թվականին՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը ամենաշատն է ենթարկվել փոփոխությունների ու լրացումների, իսկ ոլորտը կանոնակարգող օրենսդրական ակտերում պարբերաբար կատարվել են տարաբնույթ, երբեմն էլ իրարամերժ ու հակասական փոփոխություններ»,- նշեց նախարարը՝ ընդգծելով, որ այս նախագծով վերանայվել են ինչպես իրավախախտումների համար նախատեսված վարչական տույժի տեսակները և դրանց չափերը, այնպես էլ նախատեսվել են կանոնակարգումներ, որոնք, ի տարբերություն գործող օրենսգրքի, հնարավորություն են տալու պատասխանատվություն սահմանելիս, իսկապես, հաշվի առնել անձի գույքային դրությունը, իրավախախտման մեղմացնող հանգամանքները: Մասնավորապես, մի շարք իրավախախտումների դեպքում, ելնելով հանրային վտանգավորության աստիճանից, գործող բացարձակ որոշակի տուգանքի փոխարեն նախատեսվել է նախազգուշացում և հարաբերական որոշակի սանկցիա, իսկ որոշ իրավախախտումների դեպքում տուգանքի չափը նվազեցվել է: «Այսինքն՝ ֆիքսված տուգանքի չափը, որը վարչական մարմինը կիրառում էր իրավախախտման բոլոր դեպքերում՝ անկախ իրավախախտման փաստական հանգամանքներից, մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներից, փոխարինվել է՝ սահմանելով տուգանքի նվազագույն և առավելագույն չափեր, ինչը հնարավորություն կտա յուրաքանչյուր դեպքում հաշվի առնել կոնկրետ իրավախախտման փաստական հանգամանքները»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:

ՀՀ ԱՆ տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930