Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի փոխքաղաքապետ. Մեր հաշվարկներով՝ տրանսպորտի գինը չի թանկանա

Ապրիլ 27,2017 15:37

«Մենք ինքներս գիտակցում ենք, որ տրանսպորտի առկա իրավիճակը բավարար չէ»,- ապրիլի 27-ին «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը:

Նա նշեց, որ Երևանի քաղաքապետարանը 2013 թվականից սկսած մասնակի լուծումներ է տվել որոշ հարցերի՝ ապահովելու համար տրանսպորտի բնականոն աշխատանքը. «Բայց մենք ինքներս գնահատում ենք, որ տրանսպորտը պետք է համակարգային բարեփոխումների ենթարկվի»:

Վահե Նիկոյանը նշեց, որ բոլոր տեսակի վերգետնյա և ստորգետնյա հանրային տրանսպորտի միջոցները պետք է ինտեգրվեն. «Մենք ներդնելու ենք նաև էլեկտրոնային և միասնական տոմսային համակարգ: Խորհրդատուն պետք է առաջարկի միջազգային լավագույն փորձը, և Երևան քաղաքի համար առավել կիրառելի տարբերակները, որոնց արդյունքում մենք մեր հանրության դատին կներկայացնենք տարբերակները և կընտրենք լավագույնը»:

Փոխքաղաքապետը ընդգծեց, որ էլեկտրոնային տոմսային համակարգը նաև հնարավորություն կտա հաշվի առնել սոցիալական բոլոր խմբերի համար արտոնությունների սահմանման հնարավորությունը, ինչը այսօր բացակայում է. «Համակարգը լինելու է էլեկտրոնային բոլոր միջոցների կիրառմամբ, այդ ժամանակ նաև կգործեն էլեկտրոնային չվացուցակներ, մեր շարժակազմը հագեցած կլինի GPS համակարգով, մեր քաղաքացիները հնարավորություն կունենան յուրաքանչյուր կանգառում իրական ժամանակահատվածում տեղեկատվություն ունենալ շարժակազմի ժամանման իրական ժամանակի մասին»:

Անդրադառնալով սակագնին՝ Վահե Նիկոյանը ասաց, որ արդյունավետ ցանցի պարագայում՝ առանց կրկնվող գծերի և մեծ տեղատարողությամբ ավտոբուսների ներդրման պարագայում շարժակազմը կրճատվելու է, և ենթադրվում է, որ շահագործման ծախսերն էլ են կրճատվելու. «Բանակցում ենք համապատասխան հիմնադրամների հետ, որպեսզի կարողանանք ծրագրի ներդրման արժեքի մի մասը՝ որպես դրամաշնորհային միջոցներ ներգրավել, ինչը էապես կկրճատի հետգնման արժեքը: Մեր հաշվարկներով՝ մենք էական փոփոխություններ չենք ունենա, և կարծում ենք՝ սակագինը կշարունակի մնալ հասանելի մեր բնակչության համար: Սակագնի փոփոխություն եթե լինի, կլինի կառուցվածքային, բայց գնային առումով՝ մեր հաշվարկներով, չպետք է ունենանք որևէ թանկացում»:

Նիկոյանը հայտնեց, որ հունիսի վերջին ակնկալում են ստանալ բարեփոխումների փաթեթը, մի քանի ամսում ակնկալում են հանրային քննարկումների լայն շրջանակ, իսկ դրանից հետո նախատեսում են ներդրման գործընթացը. «Ենթադրում եմ՝ դա կլինի 2018 թվականի տարեսկզբին, այսինքն՝ 2018 թվականի ընթացքում նախատեսում ենք ներդնել նոր տրանսպորտային համակարգ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930