Ադրբեջանական խնձորները, որոնք հայտնվել են հայկական շուկայում, հնարավոր է, որ մաքսանենգ ճանապարհով են ներկրվել: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում սննդի անվտանգության պետական ծառայության ղեկավար Իշխան Կարապետյանն ասաց՝ «Ենթադրվում է, որ դա ներկրվել է մաքսանենգ ճանապարհով, եթե ՍԱՊԾ-ի բազայում առկա չէ»:
Ըստ Կարապետյանի, ծառայությունը Երեւանում ու մարզերում կատարած շրջայցերի ժամանակ իրացման կետերում արձանագրել է դեպքեր, որ ադրբեջանական ծագման խնձորները չունեն անվտանգությունը հավաստող թղթեր, եւ համաձայն օրենքի՝ դրանք պետք է վերացվեն:
Իսկ թե ինչո՞ւ են այդ խնձորները ծառայության ստուգումներից ու զգուշացումներից հետո նորից հայտնվում շուկայում, Կարապետյանն ասաց, որ ՍԱՊԾ-ն իր ռեսուրսների սահմաններում է աշխատում:
Թե ով է ներկրողը եւ այդ խնձորների իրացնողները ումից, որ ընկերությունից են դրանք ձեռք բերել, պարոն Կարապետյանը հստակ պատասխան չտվեց. «Ներմուծող ընկերություն չկա»:
Կարդացեք նաև
Իշխան Կարապետյանը նաեւ ասաց, որ ՍԱՊԾ-ն ՊԵԿ-ի հետ համատեղ իրականացնում է գործողություններ, որպեսզի Երեւանում ու Հայաստանի մարզերում բացահայտեն վերջնական խմբաքանակը. «Արդյունքներն ամփոփելուց հետո կանդրադառնանք դրան եւ կտեղեկացնենք»:
Թե հայտնաբերված ադրբեջանական խնձորներն ինչ ծավալի են, Կարապետյանը խուսափեց թիվ ասել, նշելով. «Ներկայումս քանակները շուկայում համադրվել են ու կատարվում է վերլուծություն, արդյունքների մասին կտեղեկացնենք»:
Այդ խնձորները, ինչպես նաեւ թուրքական լոլիկների նմուշները փորձաքննության են ենթարկվում, Կարապետյանը վստահեցրեց՝ արդյունքները երկուշաբթի եւ երեքշաբթի կհրապարակեն:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ