Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական խնձորի պիտակները պոկել են` հունականի ու ֆրանսիականի անվան տակ վաճառում են (Տեսանյութ)

Ապրիլ 27,2017 15:12

Ձեռքի մեկ շարժումով սպառողների իրավունքների պաշտպան Բաբկեն Պիպոյանը ադրբեջանական խնձորը դարձրեց հունական կամ ֆրանսիական: Ահա այդպես, պիտակը պոկելով իրացման ցանցում հայտնված ադրբեջանական խնձորը այս օրերին վաճառվում է որպես հունական կամ ֆրանսիական:

Այսօր «Հենարան» ակումբում «Պաշտպանված եւ իրազեկ սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանը մտահոգություն հայտնեց, որ մեր երկրում սննդամթերքի նկատմամբ պատշաճ վերահսկողություն չկա, հակառակ դեպքում արդեն քանի օր աղմուկ բարձրացրած թուրքական լոլիկի ու ադրբեջանական խնձորի հարցը պետք է փակված լիներ:

Պարոն Պիպոյանը գտնում է, որ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ) չի կարողանում կատարել իրեն վերապահված գործառույթը. «Ծառայությունը, հաշվի չառնելով, որ շուկայում առկա է թուրքական լոլիկը, խոսում էր այն մասին, որ սահմանով սա չի անցել: Այս տարի, ամբողջ ձմեռ, եթե տնտեսվարողները մակնշումը չէին էլ գրում, ապա գների տարբերությունն այնքան մեծ էր, որ բոլորն էին հասկանում, որ սա թուրքական է, որովհետեւ չէին էլ թաքցնում. թուրքականը վաճառվում էր 600-700 դրամով, տեղականը` 1500 դրամով:

Այս աղմուկից հետո ՍԱՊԾ-ն ասում է 20 նմուշ լոլիկ ենք վերցրել ստուգելու: Իսկ ինչո՞ւ լոլիկ: Եթե դուք ասում եք, որ սահմանով չի անցել, մաքսանենգ է հայտնվել իրացման ցանցում, մենք ի՞նչ երաշխիք ունենք, դուք գնացել 600 դրամանոցն եք ձեռք բերել, թե 1500 դրամանոցը: Եթե դուք ասում եք, որ հայկական շուկայում տեղական արտադրանքն է դրված թուրքական արկղերի մեջ, հարց է առաջանում, փորձե՞լ եք պարզել Հայաստանի Հանրապետությունում տնտեսվարող սուբյեկտները թուրքական արկղեր պատվիրե՞լ են, որ ներմուծվի երկիր, որովհետեւ ակնհայտ է, որ լրիվ նոր արկղերի հետ գործ ունենք»:

Ըստ Բաբկեն Պիպոյանի, Թուրքիայից կլինի, թե Ֆրանսիայից, եթե անվտանգությունը հավաստող փաստաթղթեր չկան` պարտադիր պիտի ստուգվի:

Բաբկեն Պիպոյանի խոսքերով, ՍԱՊԾ-ի` այս օրերի իրավիճակին անհամարժեք արձագանքելու պատճառով, այնպես եղավ, որ թուրքական ապրանքը 200 դրամով թանկացավ, տեղափոխվեց տեղական արկղերի մեջ եւ քանի որ աղմուկը մեծ էր, խառնելով տեղականին սկսեցին թուրքական ապրանքը վաճառել տեղականի տակ:
«Ավելին, ունեցանք քաոսային իրավիճակ: Մենք, բոլորս գիտենք, որ երկրում կա թուրքական ապրանք, ՍԱՊԾ-ն ասում է` հանգիստ եղեք թուրքական չկա, ո՞նց հանգիստ լինենք: Երբ ՍԱՊԾ-ն մեզ ասում էր հանգիստ եղեք, մենք իրացման ցանցին էլ ենք հետեւում, ամսի 23-ին, մեզ ահազանգում է քաղաքացին: Հարց, եթե դուք եղել եք շուկաներում, գնացել էիք այս ամենը պարզելու, ինչպե՞ս է ստացվում, որ խնձորի մասին խոսում են սպառողները, քաղաքացիները: Ինչպե՞ս եք մտել խանութ եւ չեք տեսել այդ խնձորները»:

Ըստ Բաբկեն Պիպոյանի կողք-կողքի դրված է` թուրքական լոլիկը, վարունգը, ցոգոլը, ադրբեջանական խնձորը. «ինչո՞ւ մի նմուշ չեք վերցրել»:
Մանրամասները` տեսանյութում

Հիշեցնենք, որ արդեն քանի օր է մեր երկրում մեծ աղմուկ է բարձրացրել անհայտ ճանապարհով ներկրված ադրբեջանական խնձորների` իրացման ցանցում հայտնվելու միջադեպը:

ՍԱՊԾ-ն նշում է, որ օրինական ճանապարհով մեր երկիր ադրբեջանական խնձոր մուտք չի գործել, ՊԵԿ-ն էլ ասում է, որ օպերատիվ հետախուզական աշխատանքներ են տանում` պարզելու, թե ինչ ճանապարհով է այն ներկրվել Հայաստան:

ՍԱՊԾ ղեկավարի պարզաբանումները իր ենթակայության տակ գտնվող կառույցի հասցեին արված մեղադրանքների մասին, կարդացեք քիչ անց` մեկ այլ նյութում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930