Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրիլ ամսին Հայաստանում և Սփյուռքի բոլոր համայնքներում կազմակերպվեցին Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված ձեռնարկրներ, արարողություններ

Ապրիլ 27,2017 14:38

Ապրիլի 27-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանի և Համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջումյանի մամուլի ասուլիսը՝ նվիրված նախարարության «Արի տուն», «Սփյուռք» ամառային դպրոց» ծրագրերի, «Երգում ենք Կոմիտաս» փառատոնի և «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» մրցանակաբաշխության ընթացքին, ինչպես նաև «Հույսի և վերածննդի ճանապարհով» խորագրով շաբաթվա շրջանակներում կայանալիք միջոցառումներին:

Սերժ Սրապիոնյանը նշեց, որ նախարարությունն աշխատում է արտակարգ ծանրաբեռնված գրաֆիկով: «Ապրիլ ամսին Հայաստանում և Սփյուռքի բոլոր համայնքներում կազմակերպվեցին Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված ձեռնարկրներ, արարողություններ: Միջոցառումներ տեղի ունեցան նույնիսկ այնպիսի երկրներում, որոնց իշխանությունները չեն խրախուսում դրանց անցկացումը, – նշեց նախարարի տեղակալը՝ հավելելով, – այս շաբաթը մենք անվանեցինք «Հույսի և վերածննդի ճանապարհով» և շաբաթվա շրջանակներում իրականացրինք մի շարք միջոցառումներ: Վաղը տեղի կունենա «Սփյուռքի զորակցությամբ» խորագրով կլոր սեղան-քննարկումը և հանդիպում Տիգրան Մանսուրյանի հետ»:

Անդրադառնալով նախարարության ծրագրերի ընթացքին՝ Սերժ Սրապիոնյանն ընդգծեց, որ տարեցտարի ավելանում է դրանց մասնակցել ցանկացող Սփյուռքի մեր հայրենակիցների թիվը: «Անցած տարիների ընթացքում միայն «Արի տուն» ծրագրով Հայաստան է ժամանել շուրջ 8000 պատանի և աղջիկ: «Արի տուն»-ը կենսունակ ծրագիր է և կարողացավ քննություն բռնել կյանքում: Մեկ անգամ այցելելով Հայաստան՝ նրանք տեսնում, ճանաչում, սիրում և կապվում են Հայրենիքի, իրենց հյուրընկալող ընտանիքների անդամների հետ: Այս ծրագիրը մի կողմից Հայաստան-Սփյուռք իրական կամուրջ է, մյուս կողմից՝ բազմաթիվ արիտունցիներ արդեն իսկ եկել և հաստատվել են Հայաստանում», – ասաց Սրապիոնյանը:

Նա նշեց, որ նախարարությունը հատուկ կարևորություն է տալիս սփյուռքահայ գործարարների՝ Հայաստանում ներդրումներ կատարելու և սեփական գործը սկսելու հարցին՝ հավելելով, որ բազմաթիվ են Հայաստանում արդեն իսկ հաստատված և հաջող բիզնես ունեցող սփյուռքահայերի օրինակները:

Նախարարության ծրագրերի ընթացքը ներկայացրեց նախարարության Համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջումյանը՝ նշելով. «Արի տուն» ծրագրի առաջին մասնակիցներին այս տարի ընդունեցինք ապրիլի 10-ին: Այդ փուլով Հայաստան այցելեց 66 պատանի ու աղջիկ Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի «Ս. Մեսրոպ-Արապեան», Փարիզի «Դպրոցասեր» և Մարսելի «Համազգային» վարժարաններից: Մյուս փուլերը կսկսվեն հունիսից և 2017թ. ևս կընդունենք 1000-ից ավելի երիտասարդ աշխարհի տարբեր երկրներից: Գյանջումյանն ասաց, որ անցած տարվանից արիտունցիներին սովորեցնում են խաչեր փորագրել փոքրիկ քարերի վրա, որոնք վերջիններս առանձնահատուկ հաճույքով են տանում իրենց հետ, նվիրում իրենց սիրելիներին կամ պահում որպես հուշ՝ Հայաստանում անցկացրած ժամանակահատվածից»:

Անդրադառնալով «Սփյուռք» ամառային դպրոցին՝ Գյանջումյանը շեշտեց, որ այս տարի ծրագրի մասնակիցների թիվը նույնպես մեծացել է: «Օրինակ Ռուսաստանից, Ուկրաինայից, Լիբանանից ամեն տարի մեծ է մասնակցել ցանկացողների թիվը, բայց կան որոշ եվրոպական երկրներ, որտեղ համեմատաբար պասիվ է, և մենք ջանքեր ենք գործադրում մեծացնել հենց այդ երկրներից մասնակիցների թիվը», – ասաց նա:

Խոսելով «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնի մասին՝ Գյանջումյանը նշեց, որ 2017թ. փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 24-ից 29-ը, որին կմասնակցեն սփյուռքյան երգչախմբեր, երաժշտախմբեր ու անհատ կատարողներ: Փառատոնին իրենց մասնակցությունը կբերեն նաև ճանաչված կոլեկտիվներ և անհատներ Հայաստանի Հանրապետությունից և Արցախից:

«Սփյուռքի նախարարությունը Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության հետ համատեղ ամեն տարի կազմակերպում է «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» մրցանակաբաշխությունը, որի շրջանակներում այս տարի հայտարարվել են մրցույթների պայմանները հետևյալ անվանակարգերում` «Մայրենիի պաշտպան», «Լավագույն հայկական կրթօջախ», «Երիտասարդական, ուսանողական կազմակերպություն», «Ազատ Արցախ» մանկապատանեկան լավագույն  ստեղծագործությունների մրցույթ: Մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել Սփյուռքում հայ ազգային ինքնության պահպանման ու զարգացման հարցում կազմակերպությունների, տարբեր խմբերի, առանձին անհատների ունեցած ներդրումը, գնահատել և արժևորել այս ուղղությամբ հայկական համայնքների գործունեությունը», -հավելեց Գյանջումյանը:

Ասուլիսի ավարտին բանախոսները պատասխանեցին լրագրողների հարցերին:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930