«ԵԼՔ» դաշինքի ավագանու թեկնածու, դաշինքի մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանն այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում անդրադարձավ իրենց քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի խոստմանը, թե իր՝ քաղաքապետ ընտրվելու դեպքում մետրոյի առնվազն մեկ կայարան են կառուցելու: Նա հստակեցրեց, թե ինչպե՞ս է դաշինքը ֆինանսական միջոցներ հայթայթելու:
«Կայարանի կառուցումն անընդհատ գործընթաց պետք է լինի: Ճիշտ չի ասել՝ «եկեք փողը հավաքենք, ամբողջ գումարն ունենանք, նոր կառուցենք»: Ամեն տարի գումար պետք է հատկացվի դրա կառուցման համար: 200 միլիոն դոլարանոց բյուջե ունեցող Երեւան քաղաքը տնտեսելու տեղ ունի»,-ասաց Տիգրան Ավինյանը:
«Հնարավոր է այնպիսի տնտեսում անել, որ հինգ տարում հնարավոր լինի կառուցել մետրոյի մեկ կայարան: Եթե մեզ վստահեն քաղաքային իշխանությունը, մինչեւ 2022թ. կկառուցենք մեկ կայարան՝ ամենայն պատասխանատվությամբ եմ հայտարարում»,-նշեց Տիգրան Ավինյանը:
Կարդացեք նաև
Անդրադառնալով մայրաքաղաքի տրանսպորտային ցանցին՝ նա համոզմունք հայտնեց, որ տրանսպորտը չպետք է լինի բիզնես. «Այն պետք է պատկանի քաղաքապետարանին, մինչդեռ երթուղային գծերը պատկանում են անձանց: Քաղաքային տրանսպորտը փող աշխատելու տեղ չէ»:
Այլ մանրամասները՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ