Քիչ առաջ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի ընթացքում վեհաժողովը հյուրընկալեց Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-րդին:
Տասնյակ երկրներից լրատվամիջոցներ այս պահին գտնվում են ԵԽԽՎ-ում, վեհաժողովի նստավայրում եռուզեռ է:
Կարդացեք նաև
Այսօր վեհաժողով այցելեց նաև ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը. երեկ ողջ օրը նա չէր երևացել ԵԽԽՎ շենքում: Նրա հրաժարականին պատգամավորները ժամ առ ժամ սպասում են: Մինչ թագավորի այցը Ագրամունտը շրջում էր նիստերի դահլիճի նախասրահում, փորձում պատվիրակների հետ որոշ մտքեր փոխանակել, սակայն առանձնապես ջերմ ընդունելության չէր արժանանում:
ԵԽԽՎ-ում քաղաքական խմբերում արդեն վստահություն են հայտնում, որ Իսպանիայի թագավորի այցից հետո` վաղը` ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի վերջին օրը, Ագրամունտը հրաժարական կտա: Ըստ ԵԽԽՎ-ում շրջանառվող խոսակցությունների` նա քաղաքական խմբերի ղեկավարների հետ զրույցում համաձայնել է հրաժարական տալ, բայց միայն Իսպանիայի թագավորին ընդունելուց հետո:
Նշենք նաև, որ Իսպանիայի թագավորի անվտանգության ծառայությունը թագավորի` ԵԽԽՎ-ի շենքի մուտք գործելուց հետո սկսեց ցուցումներ տալ լրագրողներին` հրավիրեց մեկ այլ կողմ, իսկ հարցեր տալն ընդհանրապես արգելված էր, քանի որ թույլ չէին տալիս մոտենալ թագավորին, միայն լուսանկարել ու տեսանկարել:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ