Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ամենալավը հեծանիվ քշելով խմբովին երգելն է. «Հայոց Աշխարհ»

Ապրիլ 27,2017 13:19

Չգիտեմ՝ դուք ինչպես, թանկագին քույրեր եւ եղբայրներ, բայց ինձ, երբ հետեւում եմ «Ելքի» ու «Երկիր ծիրանիի» քարոզարշավին, անմիջապես համակում է ամֆիբիոտրոֆ ասֆիքսիայի նոպան։ Նախանձն է խեղդում, պարզ ասած։

Օրինակ, հանգելով տրամաբանական եզրակացության, որ երգեցողությունը չափազանց լուրջ զբաղմունք է, որպեսզի վստահես այն կոմպոզիտորներին ու երգիչներին, «Ելքի» ավագանու թեկնածուները գործնականում վերածվեցին փողոցային երաժիշտների։ Քարոզարշավի ողջ ընթացքում երգում են ու երգում։ Դե, եւ խոստումներ տալիս, իհարկե. ո՞նց կլինի առանց դրա։

Կան մարդիկ, որոնց դժվար է հասկանալ, զգալ, կարդալ։ Նրանց վրա ոչինչ գրված չէ։ Բոլորովին։ Դատարկ է։ Կան ուրիշներ, որոնց վրա չափազանց շատ բան է գրված, բայց անընթեռնելի, մանր։ Հանդիպում են նմուշներ, որոնց վրա գրված է խոշոր տառերով, հստակ. «Ես ձեր թայը չե՛մ»։

Բայց կան նաեւ այնպիսիք, որոնք կարիք չունեն ընթերցվելու, որոնց համար կարեւոր չեն բառերը։ Քանզի նրանց ներկայությամբ ամեն մի բառ փոխվում է, կորցնում նախկին իմաստը։ Այդպիսի մարդկանց վրա գրված է՝ «Տաղանդ»։ Ինչպես, օրինակ, «Ելքի» երգիչների ճակատին։

Աստվա՛ծ իմ, ինչպե՜ս են նրանք խմբովին կատարում «Երեւան դարձած իմ Էրեբունի» երգը։ Հատկապես թիվ 22 երթուղու ավտոբուսում։ Հավանաբար հենց այդպես էլ տեղի է ունենում հրաշքը։ Լսելով նրանց՝ զգում ես, որ ամբողջ երգչախումբը շնչում է մի մարդու պես։ Նյարդային, գեղեցիկ։ Այդ պատճառով նույնիսկ դադարում ես լսել երաժշտությունը, քանի որ տեսնո՛ւմ ես այն։ Այնքան էլ Վերդի չէ, իհարկե, բայց, միեւնույն է, լավ է։
Իսկ ինչ վերաբերում է «Երեւան ջան, ելք կա» կարգախոսին, ապա ես դա այնուամենայնիվ կփոխեի։ Քանզի խորհրդարանական ընտրությունների ընթացքում այն արդեն մաշվեց, կորցրեց թարմությունը։ Եվ պետք չէ վախենալ քարոզարշավի ամենաթեժ պահին կարգախոսները փոխելուց։

Այ, ժամանակին Ռուսաստանի կոմկուսը խորհրդարանական ընտրությունների գնաց «Ավելի լավ է լինել կարմիր, քան երկնագույն» կարգախոսի ներքո։ Բայց քարոզարշավի ընթացքում կարգախոսը փոխվեց։ Հավանաբար ԿԿ-ում որոշեցին, որ «կոմունիստը սոդոմականից լավ է» փաստարկը լիակատար չափով չի բացահայտում մարքս-լենինյան ուսմունքի առավելությունները։ Ի վերջո, զբաղեցրին պատվավոր երկրորդ տեղը։
Գովելի օրինակի ուժն իր վարակիչ լինելն է, եւ «Ելքի» երգիչների հետեւից բեմ բարձրացան «Երկիր ծիրանիի» հեծանվորդները։

Ի դեպ, ինչպես նրբագեղ արտահայտվեց քաղաքագետներից մեկը, «Երկիր ծիրանիի» առաջնորդ Զարուհի Փոստանջյանը ոչ թե քաղաքական գործիչ է՝ այդ բառի դասական իմաստով, այլ «արվեստագետ, այն գեղարվեստական ժանրի վարպետ, որը ներկայումս հայտնի է որպես հեփենինգ. արվեստագետ, որն աշխատում է քաղաքական եւ էթիկական նյութով»։

Վարդան Բարսեղյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930