Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը՝ գործադիրի անդամներին տվեց հերթական հանձնարարականները: Ապօրինի անտառահատումներին մասին նա ասաց. «Վերջին ժամանակներս առավել հաճախ են բարձրացվում անտառների կառավարման եւ ապօրինի անտառահատումների հետ կապված մտահոգություններ: Խնդիրն առավել խորքային է, եւ չի սահմանափակվում մի քանի ապօրինի անտառահատումների դեպքերով»:
Վարչապետը նաեւ հավելեց, որ անհրաժեշտ է կատարելագործել անտառների կառավարման ներկա մոդելը եւ համապատասխանեցնել կառավարման ժամանակակից պահանջներին:
«Կարեւորում եմ գիտական եւ տեխնիկական նորագույն միջոցների կիրառումը եւ կառավարման մարմինների փոխկապակցված եւ հետեւողական աշխատանքը»,- ասաց վարչապետը՝ այս պահին կառավարման ներկա մակարդակը գնահատելով անբավարար:
Կարեն Կարապետյանը հանձնարարեց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին՝ երկամսյա ժամկետում «ախտորոշել» անտառների պահպանության բնագավառում հիմնական խնդիրները, հստակեցնել անտառների վերականգնման, եւ պահպանության ոլորտում ներգրաված կազմակերպությունների ցանկն ու դերը եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել ոլորտի կատարելագործման ուղղությամբ հստակ առաջարկություններ եւ գործողությունների ծրագիր:
Կարդացեք նաև
Վարչապետի հաջորդ հանձնարարականը վերաբերում էր ժամանակակից կառավարման մեթոդների, գործիքների, եւ տեխնոլոգիաների ներգրավման գործողությունների ծրագիր ներկայացնելուն: «Սերտ համագործակցելով բնապահպանական տեսչական եւ իրավապահների հետ, մշակել եւ ներկայացնել ապօրինի անտառահատումների դեմ պայքարի գործողությունների ծրագիր, որի արդյունքների վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն ներկայացնել հանրությանը»,- հանձնարարեց Կարապետյանը:
Վարչապետը բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պետին հանձնարարեց մեկշաբաթյա ժամկետում ուսումնասիրել վերջին երեք ամիսների ընթացքում մամուլում եւ սոցիալական ցանցերում բնապահպանական ՀԿ-ների եւ անհատ քաղաքացիների կողմից բարձրաձայնված անտառահատումների հետ կապված խնդիրները, քննարկել դրանք եւ ներկայացնել վերլուծություն:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ