Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում միջազգային օպերային փառատոն կանցկացվի

Ապրիլ 27,2017 14:15

Մտահղացման հեղինակը Ազգային օպերային
թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանն է

Մալթայում յուրաքանչյուր գարուն անցկացվում է ամենամյա միջազգային երաժշտական փառատոն, որը համարվում է դասական երաժշտության բնագավառում աշխարհում խոշորագույններից մեկը: Այս միջոցառմանը հրավիրված էր նաեւ դիրիժոր, ՌԴ վաստակավոր արտիստ, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը: Մաեստրոն «Առավոտին» տեղեկացրեց, որ ապրիլի 12-ից է սկսվել այդ փառատոնը, որը կշարունակվի մինչեւ 30-ը: Նշեց, որ չսպասելով միջոցառման ավարտին, վերադարձել է ապրիլի 24-ին իր կոլեգաներ Հովհաննես Չեքիջյանի, Էդուարդ Թոփչյանի, Կարեն Դուրգարյանի եւ Սերգեյ Սմբատյանի հետ ղեկավարելու Համահայկական նվագախումբը:
Անդրադառնալով Մալթայի փառատոնին, մաեստրոն ասաց, որ դրա հիմնական նպատակը երիտասարդ տաղանդներին ու դասական երաժշտարվեստի ոլորտում ծագող աստղերի խրախուսումն է: «Փառատոնային ծրագրերը ներառում են ճանաչված երաժիշտների մասնակցությամբ համերգներ, վարպետության դասեր, ինչպես նաեւ մրցույթ: Այս տարի կայացավ դաշնակահարների մրցույթ: Հրճվանք ապրեցի, երբ այս տարի փառատոնին հանդիպեցի ճանաչված հայ երաժիշտների:

Ապրիլի 12-ից սկսվեցին դաշնամուրային վարպետության դասերը, որոնք վարում էին իսկապես անվանի մանկավարժներ Պավել Գիլիլովը, Դմիտրի Բաշկիրովը, Լեւ Նատոչենին, Վալերի Պյասեցկին: Իսկ ապրիլի 21-ին այս խոշոր միջոցառման համերգային մասը բացվեց ամերիկաբնակ ականավոր դաշնակահար Սերգեյ Բաբայանի ելույթով: Փառատոնի շրջանակներում տասը համերգներին ելույթ կունենան նաեւ Ռուսաստանից թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, Հայաստանից՝ Խաչատրյանի անվան տրիոն»,- հայտնեց մեր զրուցակիցը: Պարոն Օրբելյանը հավելեց, որ այս փառատոնը խրախուսում է նաեւ մալթացի կոմպոզիտորներին. «Օրինակ, այլ երկերի թվում միջոցառման ողջ ընթացքում ներգրավված են նաեւ մալթացի Կարլ Ֆիորինիի, Ժոզեֆ Վելլայի եւ Ալեքսեյ Շորի ստեղծագործությունները: Իհարկե, փառատոնը չէր կարող անցկացվել առանց Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի»:


Կոնստանտին Օրբելյանը Մալթայի փառատոնից հետո սահուն անցում կատարեց առաջին անգամ ապրիլի 27-30-ը Ազգային օպերային թատրոնում կայանալիք առաջին միջազգային օպերային փառատոնին, հատուկ շեշտեց, որ այն կանցկացվի ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: Ի դեպ, փառատոնի հայտագրի երեւալուց հետո խոսակցություններ են տարածված, թե ինչու այն չի կրում անվանի տենոր Գեղամ Գրիգորյանի անունը: Այս առիթով մաեստրոն ասաց. «Ոչ միայն փառատոնն է նվիրված Գեղամ Գրիգորյանին, այլեւ տարին: Փառատոնի առաջին համերգին՝ ապրիլի 27-ին ճանաչված օպերային ձայներ, տենոր Սթիվեն Կոստելոյի (ԱՄՆ), բարիտոն Ռոդիոն Պողոսովի (ՌԴ) հետ հայ հանդիսատեսը կհանդիպի Գեղամ Գրիգորյանի դստերը՝ Արեւմուտքում մեծ կարիերա սկսած սոպրանո Հասմիկ Գրիգորյանին»:

«Օպերային փառատոնին կմասնակցի ոչ միայն մեր թատրոնի նվագախումբը, այլեւ Սերգեյ Սմբատյանի ղեկավարած Հայաստանի երիտասարդական նվագախումբը: Միջոցառման երկրորդ օրն էլ է համերգային, ելույթ կունենան իտալացի սոպրանո Բարբարա Ֆրիտտոլին, վրացի բարիտոն Գեւորգի Գագնիձեն: Իսկ եզրափակիչ օրը՝ 30-ին, կցուցադրենք Վերդիի «Տրավիատան», որտեղ գլխավոր դերերգերով մեր թատրոնի մեներգիչներ Հասմիկ Թորոսյանի ու Առնոլդ Քոչարյանի ընկերակցությամբ հանդես կգա ամերիկացի տենոր Սթիվեն Կոստելոն, ներկայացումը կղեկավարի բրիտանացի Քրիս Ռուսանը:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Գլխավոր լուսանկարում` Կոնստանտին Օրբելյանը (ձախից երրորդը)՝ Մալթայի փառատոնում:

 

«Առավոտ»

27,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930