Լրահոս
Օրվա լրահոսը

1000 խոշոր հարկատուների ցուցակի նրբությունները. «Ժամանակ»

Ապրիլ 27,2017 12:22

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2017թ. առաջին եռամսյակի հազար խոշոր հարկատուների ցուցակը, համաձայն որի՝ հանրապետության համար մեկ հարկատուն «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է, առաջին երեք ամիսներին վճարած 16.8 մլրդ դրամ ընդհանուր հարկերով: Նրան հաջորդում են «Գրանդ Տոբակո» հայ-կանադական համատեղ ձեռնարկությունը (5.48 մլրդ), Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (4.7 մլրդ), «Ալեքս Հոլդինգ»‑ը (4.49 մլրդ), ՀԷՑ-ը (4.11 մլրդ), «Սի Փի Էյս Օիլ քորփորեյշն»‑ը (3.48մլրդ), Կապանի լեռնահարստացման կոմբինատը (3.05 մլրդ), Հայկական ատոմային էլեկտրակայանը (2.57 մլրդ), «Ֆիլիպ Մորիս Արմենիա» ընկերությունը (2.34 մլրդ): Առաջին տասնյակը եզրափակում է «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունը՝ վճարած 2.33 մլրդ դրամ հարկերով:

2016թ. առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկատուների առաջին տասնյակը դարձյալ գլխավորում էր «Գազպրոմ Արմենիա»‑ն՝ վճարած 15.6 մլրդ դրամի հարկերով: Հաջորդում էին Արմենիա միջազգային օդանավակայանը, ՀԷՑ-ը, «Ֆլեշ»‑ը, «Արմենիա տելեֆոն կոմպանին», «Ալեքս Գրիգ»‑ը, Հայկական ատոմային էլեկտրակայանը, «Գրանդ Տոբակո» հայ-կանադական համատեղ ձեռնարկությունը, «Սի Փի Էյս Օիլ քորփորեյշն»‑ը, և տասնյակը եզրափակում էր «Ջեյ Թի Այ Արմենիա» ընկերությունը:

Ամենախոշոր հարկատուն շարունակում է մնալ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ 1.2 մլրդ դրամով ավելի հարկեր է վճարել: Անցած տարվա առաջին եռամսյակի 8-րդ հարկատու «Գրանդ Տոբակո»‑ն գրեթե կրկնապատկել է վճարած հարկերի գումարը: 2016թ. առաջին եռամսյակում 11-րդ հարկատու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 2.7 մլրդ դրամով ավելացրել է իր հարկերը: 2016թ. հունվար-մարտին 6-րդ հորիզոնականում հանգրվանած «Ալեքս Գրիգ»‑ը, որ վերակազմավորվում է «Ալեքս Հոլդինգ»‑ի, այս պահին հանդիսանում է հանրապետության չորրորդ խոշոր հարկատուն: Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը, չնայած, որ անցած տարվա համեմատությամբ վճարած հարկերը ավելացրել է 20 մլն դրամով, այդուհանդերձ հարկատուների ցուցակում նահանջել է: «Սի Փի Էյս Օիլ քորփորեյշն»‑ը 2016թ.-ի համեմատությամբ՝ գրեթե 1.2 մլրդ դրամով ավելացրել է իր վճարած հարկերը: 2016թ. առաջին եռամսյակում վճարած 569 մլն դրամի հարկերով 48-րդ հարկատու «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ՓԲ ընկերությունը 2016թ. ապրիլին գնվել է ռուսական «Պոլիմետալ» խմբի կողմից և վերանվանվելով «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի, այս տարվա առաջին եռամյսակում վճարել է ավելի քան 3 մլրդ դրամի հարկ: Հայկական ատոմային էլեկտրակայանը ավելի քան 600 մլն դրամով նվազեցրել է իր վճարած հարկերը: Անցած տարվա 16-րդ հարկատու «Ֆիլիպ Մորիս Արմենիա» ընկերությունը ավելի քան 800 մլն դրամով ավելացնելով վճարած հարկերը, հայտնվել է խոշոր հարկատուների առաջին տասնյակում: «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»‑ն էլ անցած տարի 1.85 մլրդ դրամով 14-րդ հարկատուն էր:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930