ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկվում են Սահմանադրական դատարանում: Քննարկվում է ընտրությունների արդյունքների մասին ԿԸՀ որոշումն անվավեր ճանաչելու ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի դիմումը:
Դաշինքի շտաբի պետ Լեւոն Զուրաբյանը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին հարցրեց՝ ինչպե՞ս եք բացատրում այն ֆենոմենը, որ տարիներ շարունակ բնակչությունը նվազում է, բայց ընտրությունների մասնակցության թիվը մեծանում է:
Տիգրան Մուկուչյանը պատասխանեց. «Շատ պարզ, բացատրում եմ ընտրողների մասնակցության թվով: Հիմա ընտրողների ցուցակները հրապարակված են: Բացատրությունն այն է, որ մարդը գնացել եւ քվեարկել է: Վե՛րջ, վերջակետ»:
Դահլիճից արձագանքներ էին հնչում Մուկուչյանի հասցեին, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը զգուշացրեց, որ եթե դահլիճից արձագանքեն՝ կկիրառի 50 հոդվածը:
Կարդացեք նաև
Լեւոն Զուրաբյանը հարցրեց՝ ինչո՞վ է պայմանավորված ընտրողների գերբնական ակտիվությունը առավոտվա ժամերին:
Մուկուչյանը պատասխանեց, որ եթե հետաքրքրում է, ցուցակը հրապարակված է, կարող եք հերթով հանդիպել ու հարցնել՝ ինչու եք այդքան շուտ եկել քվեարկության:
Լեւոն Զուրաբյանը եւս մեկ հարց ուղղեց՝ «եթե պարզվում է, որ Արտակ Սարգսյանի ձայները ձեռք են բերվել ապօրինի ճանապարհով, դա կարելի՞ է համարել, որ էական ազդեցություն է ունեցել ընտրությունների արդյունքների վրա»:
Մուկուչյանը պատասխանեց, որ «եթե»-ներով հարցերի չի պատասխանի. «Բերել եք մի ձայնագրության օրինակ եւ օդում փորձում եք վերացական դատողություններ, պատասխաններ ստանալ, չի լինի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ