Տոնավաճառների առեւտրականների դժգոհություններն այսօր քննարկեցին կառավարության նիստում: Մասնավորապես վարչապետ Կարեն Կարապետյանը Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանից հետաքրքրվեց, թե ինչ նորություն կա այդ խնդրի լուծման ուղղությամբ:
Հարությունյանն ասաց, որ ՊԵԿ-ի տեսուչները շրջայցեր էին կատարում տոնավաճառներում, իրականացվող հսկողական այդ աշխատանքները զուտ նախազգուշացման բնույթ են ունեցել:
Վարդան Հարությունյանը վստահեցրեց, որ որեւէ տնտեսվարող մինչեւ այժմ չի տուգանվել: Ըստ նրա՝ «Տոնավաճառ կազմակերպողները սկսած նոյեմբեր ամսից պարբերաբար զգուշացվել են, որ պետք է հստակեցնեն փաստաթղթաշրջանառությունը եւ ՀԴՄ-ների կտրոնների տրամադրումը: Արդյունքում՝ դրական միտում կա, միջին ու փոքր բիզնեսը հասկացել է, որ այդ ամենն ուղղված չէ իրենց դեմ, այլ ուղղված է խոշոր բիզնեսի կողմից շրջանառությունն ավելի հստակեցնելուն»:
ՊԵԿ ղեկավարն ասաց, որ կազմվել է համատեղ աշխատանքային խումբ, ՊԵԿ-ը սպասում է, որ մի քանի օրվա ընթացքում առեւտրականները պետք է ներկայացնեն առաջարկություններ, որոնք պետք է համատեղ քննարկեն:
Կարդացեք նաև
Վարչապետ Կարեն Կարապետյանն էլ ասաց՝ «Շատ հստակ էդ շարունակում եք: Մեր քաղաքականությունը հետեւյալն է՝ փոքր ու միջին բիզնեսի բեռը չի ավելանալու: Բայց փոքր ու միջին բիզնեսը հաշվառելով, իր բեռը չավելացնելով, մենք պետք է հասկանանք, որ բոլոր խոշոր բիզնեսի շրջանառությունը եւ հաշվառումը ունենալու ենք: Պետք է պարզ իրենց հետ խոսենք, պարզ խոսելու ժամանակ իրենք ամեն ինչ հասկանալու են»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ