Ըստ Ստամբուլի «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանի`
Թուրքիայի քաղաքական շահերից չի բխում ԵՄ-ի հետ հարաբերությունների կտրուկ վատթարացումը:
– Պարոն Գոչունյան, Թուրքիայում ապրիլի 16-ին կայացած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքները մտահոգեցին արեւմտյան փորձագետներին, շատերի կարծիքով` Թուրքիան հետզհետե ավելի է հեռանում եվրոպական արժեքներից: Հետաքրքիր է Ձեր գնահատականը` դեպի ո՞ւր է շարժվում Թուրքիան:
– Հանրաքվեն Թուրքիայում բավական հասունացած պահանջով կազմակերպվեց: 1980-ից ի վեր բոլոր ամուր իշխանություններն իրենց օրակարգում ունեցել են խորհրդարանականից նախագահական կառավարման համակարգի անցնելու նպատակը: 15 տարի այս ամուր իշխանություններից հետո հանրապետության նախագահ Էրդողանի գլխավորած քաղաքական ուժին հաջողվեց կազմակերպել համապատասխան հանրաքվեն եւ Սահմանադրությունը փոփոխությունների ենթարկել, հաստատել կառավարման այդ համակարգը:
Սահմանադրության փոփոխությունները հանրաքվեի արդյունքում բավական նվազ տոկոսային հարաբերակցությամբ անցան, մոտավորապես միլիոնուկես քվեների տարբերության մասին է խոսքը, եթե հաշվի առնենք, որ մոտավորապես 56 միլիոն քվեարկողներ կան Թուրքիայում, հետեւաբար «այո»-ի եւ «ոչ»-ի կողմնակիցների միջեւ տարբերությունը բավական քիչ էր: Բայց մյուս կողմից՝ աշխարհում քաղաքական գործընթացներն այնպիսին են, որ անգամ Մեծ Բրիտանիայի «բրեքսիթի» քվեարկությամբ անգլիացիները 52 տոկոսով որոշեցին դուրս գալ ԵՄ-ից, այսինքն` այսօրվա աշխարհում ճակատագրական որոշումները ձայների բացարձակ մեծամասնությունով չեն իրագործվում:
Կարդացեք նաև
Սակայն բուն փաստն այն է, որ Թուրքիան մինչեւ 2019թ. ընտրությունները պետք է աստիճանաբար անցնի նախագահական կառավարման համակարգի: Սահմանադրական հանրաքվեի արդյունքները պաշտոնապես հաստատվելուն պես` նախատեսված մի քանի փոփոխություններ արդեն պետք է իրականացվեն, մնացածն արդեն աստիճանաբար:
Ինչ վերաբերում է հանրաքվեի արդյունքների վերաբերյալ ներքին եւ արտաքին արձագանքներին, ապա երկար ժամանակ է, ինչ Թուրքիայի ներքին քաղաքական կյանքում բեւեռացումներ կան, եւ այդ բեւեռացման արդյունքն է, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն անցավ «այո»-ի եւ «ոչ»-ի այսպիսի նվազ տարբերությամբ: Այժմ անցնում ենք վերադասավորումների ժամանակաշրջան, բայց աստիճանաբար իրավիճակը կնորմալանա՝ մանավանդ, որ Թուրքիան տնտեսական լուրջ մարտահրավերներ է դիմագրավում այս փուլում: Սպասենք հետագա զարգացումներին:
Ինչ վերաբերում է հանրաքվեի առնչությամբ Արեւմուտքի արձագանքին, ապա արեւմտյան վերլուծաբաններն ընդհանրապես արժեքների եւ այլնի մասին խոսելով` խնդիրներ դնում են, իհարկե, բայց պարզ է, որ շատ հաճախ բազմաթիվ առիթներով ականատես ենք դառնում, որ իրենք էլ կրկնակի չափանիշներով են առաջնորդվում:
Այսինքն՝ աշխարհի ուժային կենտրոնները, Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը, Ռուսաստանի նախագահ Պուտինը եւ Սաուդյան Արաբիայի Սալման թագավորն արդեն իսկ շնորհավորել են Թուրքիային սահմանադրական հանրաքվեի անցկացման առիթով, իսկ նրանք միջազգային բեմահարթակում առանցքային դերակատարներ են, միեւնույն ժամանակ նրանք Թուրքիայի առաջատար գործընկերներն են համարվում:
Ինչ վերաբերում է ԵՄ-ի արձագանքին, ապա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ոչ այդքան արմատական դիրքորոշմամբ արձագանքեց, Եվրոպան, ի համեմատություն աշխարհի, համեմատաբար, մի քիչ ավելի խստապահանջ է ժողովրդավարության տեսակետից, ինչը միանգամայն հասկանալի է: Բոլորովին վերջերս, երբ Թուրքիայի ներսում օրակարգային թեմա դարձավ Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) դիմելու հարցը, կամ այդ դատարանում Թուրքիայի հանրաքվեի արդյունքները վիճարկելու հարցը` Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Յագլանդն անմիջապես արձագանքեց, որ ՄԻԵԴ-ը չի կարող չեղարկել Թուրքիայում ապրիլի 16-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքները՝ հավելելով, որ «ոչ մի միջազգային կազմակերպություն իրավասու չէ չեղարկելու որեւէ երկրում իրականացված հանրաքվեի արդյունքները»:
Հետեւաբար, ընդհանուր առմամբ, միջազգային բուռն արձագանքով հանդերձ` միջազգային հանրությունը հաշտվել է Թուրքիայի հանրաքվեի արդյունքների հետ, որը բնական է, ինձ թվում է՝ դա Թուրքիայի ներքին դինամիկաներից բխած տրամաբանական արդյունք էր, արձագանքներն էլ՝ ե՛ւ դրական, ե՛ւ բացասական, նույնպես տրամաբանական էին: Սպասենք ապագայում գործնական դրսեւորումների:
– Թուրքիայի նախագահ Էրդողանը հանրաքվեից հետո հայտարարել է, որ Թուրքիան կարող է եւս մեկ հանրաքվե կազմակերպել այժմ ԵՄ մուտք գործելու անհրաժեշտության հարցի շուրջ: Հնարավո՞ր եք համարում, որ Թուրքիայի իշխանությունները չհրաժարվեն ԵՄ անդամակցության գաղափարից, մի գործընթաց, որը երկար տարիներ արդեն ձգվում է՝ չնայած այն փաստին, որ հանրաքվեից առաջ բավական լարվեցին Թուրքիայի եւ եվրոպական մի շարք երկրների հարաբերությունները, բավական կոշտ հայտարարություններ, քննադատություններ հնչեցին:
– Թուրքիայի աշխարհաքաղաքական եւ աշխարհագրական դիրքն այս հարցի պատասխանն ինքնին բյուրեղացնում է: Թուրքիան Արեւմուտքի համար դարպաս է դեպի Արեւելք, իսկ Արեւելքի համար դարպաս է դեպի Արեւմուտք, խաչմերուկի վրա է: Հետեւաբար, այդ հանգամանքը հաշվի առնելով, Թուրքիայի առարկայական-քաղաքական շահերից չի բխում ԵՄ-ի հետ հարաբերությունների կտրուկ վատթարացումը: Իրականում Թուրքիան 54 տարի ի վեր ԵՄ-ին անդամակցելու համար սպասում է, բավական երկար գործընթաց է, բայց երկու կողմն էլ այս գործընթացի համայնապատկերի խորքային մանրամասնություններին տեղյակ են:
Ժամանակ առ ժամանակ պոռթկումներ եւ փոխադարձ սպասումների չարդարացման առիթներ երբ որ լինում են` իրար նկատմամբ արձագանքելու տոնը բարձրանում է երբեմն, բայց առավել խորքային եթե դիտարկենք, անսպասելի բան չկա, որովհետեւ Թուրքիան հստակ գիտի, թե ԵՄ-ն ինչ պահանջներ ունի:
Ապրիլի 16-ի հանրաքվեն, բնականաբար, ներքին լսարանին ուղղված լայնածավալ քարոզարշավի միջավայրում ընթացավ, բայց թուրքական մամուլի առաջատար թերթերն արդեն սկսել են գրել, որ գրեթե ամբողջ մայիս ամիսը հանրապետության նախագահ Էրդողանի գլխավոր առաջնահերթությունը պետք է լինի արտաքին քաղաքականությունը: Հաջորդ ամսվա առաջիկա օրերից նախագահն արդեն պետք է այցելի Հնդկաստան, հետո Վաշինգտոն, Սոչի, ի վերջո՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողով, եւ արտգործնախարար Չավուշօղլուի եւ ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ շփումներ են նախատեսված: Այսինքն՝ Թուրքիան աստիճանաբար իր արտաքին քաղաքականությունը պետք է վերաձեւավորի, նոր թափով պետք է ձեռնամուխ լինի իր արտաքին քաղաքականությանը:
Սիրիայի եւ Իրաքի նման սուր կետերի անմիջական հարեւանությամբ է գտնվում Թուրքիան, եւ այսպիսի իրավիճակի մեջ աշխարհի ուժային բոլոր բեւեռների հետ կտրուկ հարաբերություններ վատթարացնելը կամ հակառակը` չափազանց բարելավելը հնարավոր չէ: Շատ իրարամերժ հոսանքներ, հակադիր կեցվածքներ են տարբեր թեմաների վերաբերյալ, եւ միջազգային բեմահարթակի վրա հավասարակշռություններն այնքան հարափոփոխ են, որ անխուսափելիորեն որոշակի անհաղորդ իրավիճակներ են ստեղծվում:
Թուրքական դիվանագիտությունը որոշակի աշխատանք տանելով, որոշ ուղղություններով գնալով, իմ կարծիքով, կփորձի կայուն պահել երկրի դիվանագիտությունը, քանի որ Եվրոպան ու Թուրքիան, այսպես ասած, հազար թելերով իրար կապված են, փոխադարձ շահեր ունեն տարածաշրջանային հարցերում, տնտեսական ուղղություններով, էներգետիկ ծրագրերում համագործակցության իմաստով, այդ իսկ պատճառով, կարծում եմ, այդքան էլ հոռետես չպետք է լինել: Հայտարարությունների մակարդակով արված լարվածությունները շուտով իրենց տեղը կզիջեն ավելի դրական մթնոլորտի: Եվրոպայի առաջատար երկրներում էլ առաջիկայում իրար հաջորդող ընտրություններ են` Ֆրանսիայում, հետո Գերմանիայում: Քանի որ ողջ Եվրոպայում շատ թուրքեր են բնակվում, այս փուլում ողջ Եվրոպայում մթնոլորտը պայմանավորված է գաղթականների նկատմամբ վերաբերմունքով` այս առաջատար երկրների քարոզարշավներին էլ անխուսափելիորեն մաս են կազմում այդ թեմաները: Այդ ընտրությունների ավարտին արդեն առաջնահերթությունները կփոխվեն, եւ Թուրքիայի հարաբերությունները արտաքին աշխարհի հետ ավելի բնականոն հունի մեջ կշարունակվեն:
Հարցազրույցի սկիզբը` այստեղ
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ», 26.04.2017