ՄԻ առիթով վարչապետ Կարեն Կարապետյանը բանանի ներկրմանը խոչընդոտելու մասին լրագրողների հարցին ի պատասխան՝ ասել էր. «Ինձ միլիցա մի սարքեք»: Բայց երբ իրավապահ մարմինները կամ պետական այլ օղակները չեն աշխատում ի շահ քաղաքացու, պարոն վարչապետ, ձեզ միլիցա էլ, դատավոր էլ, հարկային տեսուչ էլ կսարքեն: Հիմա ի՞նչ անի շարքային քաղաքացին, եթե դատարանում չի գտնում արդարություն, պարոն վարչապետ, նամակով ձեզ է դիմում: Բայց մինչ ձեզ դիմելը՝ արդարադատության նախարարությանն էր դիմել, արդարության չհասնելով՝ Վիգեն Տեր-Սիմոնյանը Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանի «ձեռքը կրակն է ընկել», եւ որպեսզի իր բարձրացրած խնդիրը լուծվի՝ ստիպված դիմել է նաեւ վարչապետ Կարապետյանին:
Ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի դասախոս, գիտությունների թեկնածու, ճանապարհաշինարար Վիգեն Տեր-Սիմոնյանը գծագրել եւ ստեղծել է ճանապարհաշինարարական սարք, որը հնարավորություն է տալիս հին ասֆալտ-բետոնը վերամշակել եւ կիրառել ասֆալտապատման համար:
Իր անուն-ազգանունով ստեղծած Ա/Ձ-ի միջոցով պարոն Տեր-Սիմոնյանը պայմանագիր է կնքել շինարարական «Սլոբեր» ՍՊԸ-ի հետ եւ իր ստեղծած հին ասֆալտ-բետոնի վերամշակման սարքը տեղադրել ՍՊԸ-ին պատկանող գործարանում: Ըստ պայմանագրի՝ 6 ամսվա ընթացքում Տեր-Սիմոնյանը «Սլոբեր»-ից պետք է 10,5 միլիոն դրամ գումար ստանար, մինչդեռ ընկերությունը վճարել է ընդամենը 3 միլիոն դրամը, իսկ մնացած գումարը հրաժարվել է վճարել: Ընկերության ղեկավարը, ինչպես Տեր-Սիմոնյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, ասել է. «Չենք ուզում՝ չենք վճարում, ու վերջ»: Տեր-Սիմոնյանը վստահեցրեց, որ այս ընկերության ներկայացուցիչն իրեն այդպես ասաց, քանի որ կապեր ունի գեներալ Մանվել Գրիգորյանի հետ. «Ասում են՝ այս ընկերությունն էլ կապված է գեներալ Մանվելի անվան հետ»:
Տեր-Սիմոնյանը իր վաստակած գումարը ստանալու համար դիմել է Արմավիրի ընդհանուր իրավասության դատարան, սակայն 1,5 տարի տեւող դատական գործընթացը, որը իբրեւ արդարության վերականգնման միջոց է, Տեր-Սիմոնյանի ասած՝ հակառակ ընթացքն է ստացել:
«Առավոտի» հետ զրույցում պարոն Տեր-Սիմոնյանը պատմեց, որ դատական հայցի հիմքում 23 միլիոն դրամի բռնագանձման հայցապահանջն է, այսինքն՝ պայմանագրի պահանջներին համապատասխան՝ չստացված գումարին ավելացել են նաեւ տոկոսներ:
«Հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո դատարանը իմ միջնորդությունը բավարարել էր, եւ հայցագնի չափով արգելանք էր դրվել «Սլոբեր» ՍՊԸ֊ի գույքի վրա։ Բայց հետագայում, անհայտ պատճառներով, դատավորը փոխում է իր դիրքորոշումն ու առանց ինձ, որպես կողմի, ծանուցելու, չունենալով որեւէ փաստական հիմք եւ որեւէ ապացույց, որոշում է հայցի ապահովման միջոցը ձեւափոխել եւ վերացնել «Սլոբեր» ՍՊԸ-ի դրամական միջոցների վրա դրված արգելանքը՝ հայցագնի չափով արգելանքը թողնելով միայն «Սլոբեր» ՍՊԸ-ի անշարժ գույքի վրա։ Հետո դատավորը բավարարում է «Սլոբեր» ՍՊԸ-ի ներկայացուցչի միջնորդությունը եւ ընդհանրապես վերացնում է կիրառված հայցի ապահովման միջոցը»,- պատմեց Տեր-Սիմոնյանը։ Նրա կարծիքով՝ դատավորն ակնհայտորեն գործել է «Սլոբեր»-ի շահերից եւ, շեղվելով օրենքի պահանջներից, վտանգի տակ է դրել քաղաքացիական գործի քննության արդյունքում հայցվորի օգտին կայացվելիք հնարավոր դատական ակտի կատարման հնարավորությունը։ «Ներկայումս գումարի բռնագանձման վերաբերյալ իմ հայցը քննվում է առանց որեւէ հայցի ապահովման կիրառման: Այսինքն՝ ես երաշխիք չունեմ, որ սույն գործի քննության արդյունքում իմ օգտին կայացվելիք հնարավոր դատական ակտը կկատարվի եւ հայցի ապահովման վերացման պատճառով անկատար չի մնա»,- վրդովված ասաց Տեր-Սիմոնյանը։
Կարդացեք նաև
Փաստորեն, քաղաքացին դատարան է դիմել գումարի բռնագանձման պահանջով, սակայն դատավորը վերացրել է գումարի բռնագանձման միջոցը, եւ անհասկանալի է, թե դատարանում էլ ի՞նչ են շարունակում քննել:
Պարոն Տեր-Սիմոնյանն ասաց, որ 13 ամիսների ընթացքում դատարանը բազմաթիվ դատական նիստեր է հետաձգել պատասխանող կողմի դատարան չներկայանալու եւ «Սլոբեր»-ի ներկայացուցչի անհիմն միջնորդությունների հիման վրա։
Եվ այն օրը, որը վճիռը հրապարակելու օր էր հայտարարված, դատարանը հայտարարել է քաղաքացիական գործի քննությունը վերսկսելու մասին՝ «Սլոբեր» ՍՊԸ-ի ներկայացուցչի կողմից դատարան ներկայացված դիմումի հիման վրա, իբր պատասխանողը հայտնել է, թե դատական նիստի ծանուցագիրը ուշ է ստացել, ուստի չի մասնակցել այդ օրը նշանակված դատական նիստին։ «Բայց 05.09.2016 թվականի դատական նիստի ժամանակ արձանագրվել էր կողմերի, այդ թվում նաեւ «Սլոբեր» ՍՊԸ-ի պատշաճ ծանուցված լինելու փաստը, ինչը, սակայն, հաշվի չի առել դատարանը եւ գործի քննությունը վերսկսել է հենց այդ հիմքով»,- ասաց Տեր-Սիմոնյանը։ Նրա վստահեցմամբ՝ գործի քննությունը վերսկսելուց հետո «Սլոբեր» ՍՊԸ-ի ներկայացուցչի միջնորդության հիման վրա դատարանը հայցվորից պահանջեց դատարան ներկայացնել «Սլոբեր»֊ին պատկանող ասֆալտ-բետոնի գործարանի կողմից արտադրված ասֆալտի նմուշ՝ պարզելու համար Տեր-Սիմոնյանի՝ պայմանագրով «Սլոբեր»-ին հանձնած սարքավորման պատշաճ որակի լինելու հանգամանքը։
«Սարքավորումն իրականացված է համաձայն գործող ստանդարտների, բայց դատարանը հիմք չի ընդունում ՀՀ-ում գործող նորմատիվային ակտերը։ Ես ներկայացրել եմ ՌԴ-ի պետական գերատեսչության նորմատիվներն ու ստանդարտները, որոնցով հաստատված է, որ գծագրած սարքը համապատասխանում է չափանիշներին: «ՀՏրՊՏՐվՌՌ» գիտահետազոտական ինստիտուտի ստեղծած բոլոր նորմատիվային փաստաթղթերը ընդունված են ՀՀ կառավարության եւ Ազգային ինստիտուտի կողմից: Դրանք ԵԱՏՄ-ի շրջանակներում էլ գործող են, եւ այս բոլոր հիմնավորումներն ու փաստաթղթերը ներկայացրել եմ, բայց դատարանում հիմք չեն ընդունում»: Պարոն Տեր-Սիմոնյանի խոսքով՝ դատարանը ասֆալտի նմուշ պահանջել է այն ժամանակ, երբ գործը վաղուց գտնվում էր դատաքննության փուլում, իսկ ապացույցները պետք է ներկայացվեն եւ պահանջվեն գործի քննության նախապատրաստման փուլում՝ նախնական դատական նիստերի ժամանակ, որոնց ընթացքում «Սլոբեր» ՍՊԸ-ն նման միջնորդությամբ հանդես չէր եկել: Բացի այս, ըստ հայցվորի, այս դատական նիստում սարքավորման որակը ստուգելու հանգամանքը չէր կարող քննարկման առարկա դառնալ, քանի որ դա որեւէ կապ չունի «Սլոբեր»-ից գումարի բռնագանձման պահանջի հետ. «Գործում առկա են մի շարք գրավոր ապացույցներ՝ իմ եւ «Սլոբեր» ՍՊԸ-ի միջեւ կնքված հանձնման-ընդունման ակտեր, որոնցով ակնհայտ հիմնավորվում է, որ իմ կողմից «Սլոբեր» ՍՊԸ-ին հանձնվել է պատշաճ որակի սարքավորում: Դատարանն ինձ ծանրաբեռնել է գործնականում անիրագործելի պարտականությունով, եւ անհարկի ձգձգվում է գործի քննությունը, որը բխում է բացառապես պատասխանող «Սլոբեր»-ի շահերից»։
Տեր-Սիմոնյանը պնդեց՝ դատավոր Ն. Գրիգորյանի վարույթում քննվող իր գործը անհիմն եւ դիտավորյալ է ձգձգվում՝ այդպիսով խախտելով հայցվորի իրավունքները: Տեր-Սիմոնյանն այս խնդրի առնչությամբ նամակով դիմել է ՀՀ նախագահին, վարչապետին եւ արդարադատության նախարարությանը, սակայն միայն արդարադատության նախարարությունից է պատասխան ստացել, որով նրանք դատավորի՝ նիստերի անհարկի ձգձգումը օրինաչափ են համարել:
«Եթե գործի քննությունն ավարտվի արդար վճռով, ես իմ օգտին բռնագանձվելիք 10,5 միլիոն դրամն ու տույժի գումարները փոխանցելու եմ Արցախյան պատերազմում զոհվածների ընտանիքներին»,- վստահեցրեց Վիգեն Տեր-Սիմոնյանը:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ»
26,04.2017