Նա որոշ փակագծեր բացեց
Հայաստանում է Ֆրանսիայի «Մեծ Արեւելք» մասոնական օթյակի (Grand Orient de France) ղեկավար, Մեծ վարպետ Քրիստոֆ Հաբբասը: Նա ապրիլի 25-ին դասախոսություն կարդաց Հայաստանում Ֆրանսիական համալսարանում՝ ֆրանկոմասոնների եւ տրանսհումանիզմի վերաբերյալ:
Խոսելով տրանսհումանիզմի մասին, ասաց, որ նպատակը արհեստական բանականության ստեղծումն է` օգտագործելով տեխնոլոգիական առաջընթացը, այդ թվում՝ նանոտեխնոլոգիաները: Նա հայտնեց, որ մարդկությունը միշտ ցանկացել է ստեղծել արհեստական ինտելեկտ, ինչը սկզբում ֆանտաստիկա էր թվում, իսկ այժմ գիտական հիմքերի վրա է դրված` մարդն ունակ է ստեղծել այնպիսի բաներ, որ կարող են փոխարինել իրեն եւ իր որոշակի օրգանների:
Ինչ վերաբերում է ֆրանկոմասոնությանը, եւ մասնավորապես Ֆրանսիայի «Մեծ Արեւելք» մասոնական օթյակին, ասաց, որ այն հիմնադրվել է 1773թ., այժմ 53000 անդամ ունի` կանայք եւ տղամարդիկ: 300-ամյա պատմություն ունի. ծնվել է Շոտլանդիայում եւ Անգլիայում: Քրիստոֆ Հաբբասի խոսքով, մարդիկ ժամանակին հիմնադրեցին մի վայր, որտեղ կարող էին քննարկել բարեգործական գաղափարներ, խոսել փիլիսոփայության, արվեստի մասին, մասնակցել ծեսերի ու պատարագների: Ընդ որում, միասին ճաշելն էլ յուրատեսակ ծես էր: «Մեծ Արեւելք» մասոնական օթյակի Մեծ վարպետը նշեց, որ օթյակը սկզբում միավորում էր քաղաքական ու կրոնական ընդհանուր համոզմունքներ ունեցող մարդկանց, այժմ օթյակում այն մարդիկ են, որոնք աջակցում էին առաջադեմ գաղափարներին, հետաքրքրված են այն հարցերով, որոնցով մտահոգ է ֆրանսիական հասարակությունը:
Կարդացեք նաև
Քրիստոֆ Հաբբասը չթաքցրեց, որ ֆրանկոմասոնները միշտ էլ լայն կապեր են ունեցել քաղաքական աշխարհի էլիտայի հետ ու կարեւոր ներդրում ունեցել դեմոկրատական գործընթացների կայացմանը:
Նա նաեւ տեղեկացրեց, որ օթյակի անդամները շաբաթը երկու անգամ հավաքվում են, խոսում գիտական, տեխնոլոգիական, աշխարհաքաղաքական եւ այլ խնդիրների մասին: Քրիստոֆ Հաբբասի խոսքերով, դա ասես դպրոցի նման մի բան լինի` ծեսերով, արարողակարգերով ու արժեքներով: «Այսօր աշխարհում այլ մասոնական օթյակներ էլ կան, բայց բոլորս նույն արմատից ենք սերում ու նույն գաղափարների կրողն ենք»,-հավելեց «Մեծ Արեւելք» մասոնական օթյակի ղեկավարը:
Ֆրանսիական համալսարանի ուսանողներից մեկը հարցրեց, թե ինչպե՞ս են տեղեկանում, որ եղբայրության բոլոր ներկայացուցիչները հավատարիմ են մնացել ֆրանկոմասոնական ընդունված կանոններին: Ի պատասխան՝ Քրիստոֆ Հաբբասն ասաց. «Երբ նորեկ ֆրանկոմասոնն օթյակ է ընդունվում, մեկ տարվա նախապատրաստական շրջան է անցնում: Նա միայնակ չի լինում, նրան կցում են որեւէ անդամի, որը դառնում է նրա եղբայրը ու սովորեցնում բոլոր կանոնները, ծեսերը, պատմությունը: Նաեւ նոր ֆրանկոմասոնին կցված «հնաբնակը» հետեւում է, թե ինչպես է նորեկը իրեն պահում: Բացի այս ամենից, կա ազգային բյուրո, որը վերահսկում է իր անդամներին, թե ինչքանով են հարգում ընդունված կանոնները»:
Ուսանողներից մեկին հետաքրքրում էր, թե ինչ առաքելությամբ է «Մեծ Արեւելք» մասոնական օթյակի Մեծ վարպետը Հայաստանում: Նա պատասխանեց, որ Ֆանսիան մեծ հարգանք ունի Հայաստանի հանդեպ, իսկ ֆրանկոմասոնները բազմաթիվ հայ բարեկամներ, որոնք ֆրանսիացիների կողքին են եղել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ու մասնակցել են նացիզմի դեմ պայքարին: «Ֆրանսիայի եւ Հայաստանի միջեւ հինավուրց կապեր կան: Մենք բարեկամ ժողովուրդներ ենք ու կիսում ենք ֆրանկոֆոնիական արժեքները: Մեր բարեկամ հայերը, որոնք ապրում են Հայաստանում եւ Ֆրանսիայում, ցանկացան, որ մասոնական օթյակ լինի նաեւ Հայաստանում: Դա մեծ հնարավորություն է մեզ, քանի որ այն կտարածի «Մեծ Արեւելք» օթյակի արժեքները»,-հայտնեց բանախոսը:
Կրկին անդրադարձ եղավ տրանսհումանիզմին: Քրիստոֆ Հաբբասն ասաց, որ իրենք մասոններ են, ոչ թե տրանսհումանիստներ: Հավելեց, որ տրանսհումանիզմի քարոզիչներ չեն, պարզապես հետաքրքրված են տարբեր փիլիսոփայություններով, որոնցից մեկն էլ տրանսհումանիզմն է:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ»
26,04.2017
Կեղտոտ ձեռներդ հեռու՛ պահէք Հայաստանից, կեղծաւորնե՛ր: Ուր մտնում` հարամում էք անասունի՛ պէս:
Ազգուրացների, լրտեսների, համասեռամոլների գործը կթեթեւանա:
Բրավո, բառոն բ.լ. նախագահներ: