Լրահոս
Օրվա լրահոսը

Հիասթափությունից մինչեւ կանխատեսված «առաջ գնալու» ճանապարհը

Ապրիլ 27,2017 13:30

Վերջերս Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի՝ Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայի հերթական ներկայացումից (ռեժիսոր՝ Գեղամ Գրիգորյան) հետո հանդիսատեսի մոտ հիմնականում շրջանառվում էր հետեւյալ խոսակցությունը. վերջապես հանդիպեցինք Անուշի, որը երիտասարդ է ու հմայիչ ոչ միայն կերպարային առումով, այլեւ փայլեց իր վոկալով: Խոսքը թատրոնի մեներգչուհի, սոպրանո Մերի Մովսիսյանի (լուսանկարում) մասին է, որն առաջին անգամ ներկայացավ գլխավոր դերերգով:

Սակայն միայն մասնագիտական նեղ շրջանակներում գիտեն, որ երգչուհու առաջին դերերգը՝ Միքայելան (Բիզե՝ «Կարմեն»), որն արդեն հաստատված էր, Մերին էլ քանիցս բեմական փորձեր էր անցկացրել, հանկարծ չեղյալ հայտարարվեց թատրոնի գեղարվեստական ղեկավար, երջանկահիշատակ Գեղամ Գրիգորյանի կողմից:
«Առավոտի» հետ զրույցում անվանի արվեստագետը պարզաբանել էր. «Մերին հիմա երիտասարդ է, Միքայելան իր տարիքի բանը չէ: Նա դեռ կհասցնի շատ առաջ գնալ: Ես խորհուրդ տվեցի, որ առաջին անգամ երգչուհին բեմ բարձրանա հենց Անուշով: Գուցե հարց ուղղեք՝ ի՞նչ է, պարտադի՞ր է, որ բոլոր սոպրանոներն իրենց կարիերան սկսեն այս դերերգով: Գուցե դժվարանամ պատասխանել, բայց մի բան հաստատ է՝ Հայկանուշ Դանիելյանից մինչեւ Գոհար Գասպարյան ու Հասմիկ Պապյան, այս կերպարով են առաջինը հայտնվել մեծ բեմում: Գուցե դա օրինաչափ է հայ սոպրանոների համար, չգիտեմ… Գուցեեւ վիճելի է: Այ, Մերիին կուզեմ տեսնել Անուշ, հետո Պամինա՝ Մոցարտի «Կախարդական սրինգում»…»:

Սոպրանոն Անուշի կերպարում:

Գեղամ Գրիգորյանը, սակայն, Մերի Մովսիսյանին «Անուշում» այդպես էլ չտեսավ:
«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ երգչուհին փաստեց, թե ինքը վերջինն էր, որ Գեղամ Միհրանիչի ղեկավարությամբ է պատրաստել հիշյալ դերերգը: Հավելեց, որ Գեղամ Գրիգորյանն իրեն տեսնում էր նաեւ Ջուլիետի կերպարում (Գունո՝ «Ռոմեո եւ Ջուլիետ»):

Զրույցի ընթացքում սոպրանոն հայտնեց, թե թատրոնի գեղարվեստական ղեկավար մաեստրո Կոնստանտին Օրբելյանն իրեն վստահել է Պամինայի դերերգը, որը պատրաստել է կոնցերտմայստեր Ելենա Վարդազարյանի հետ: Ասաց նաեւ, թե մինչեւ տարեվերջ հավանաբար «Կախարդական սրինգը» կհանձնվի հանդիսատեսի դատին:
Օպերային բեմում առաջին քայլերն անող երգչուհին, որը թատրոնի մեներգիչների շարքը համալրել է 2015թ. կայացած մրցույթից հետո, հավաստիացրեց, թե ինքը ուսումնասիրում է օպերաների ու կերպարների պատմությունը, որոնցով պատրաստվում է բեմ դուրս գալ եւ, իր խոսքերով՝ «դեռեւս ուսանողական տարիներից դա իմ պրոֆեսոր, անվանի մանկավարժ Աննա Սարաջյանի հորդորն է»:

Մերի Մովսիսյան՝ Անուշ, Սարգիս Աղամալյան՝ Սարո:

Մեզ հետ զրուցած որոշ արվեստագետներ հավաստիացրին, որ Մերի Մովսիսյանը ուսանողական տարիներին էլ աչքի է ընկել, բայց նրան սպասվում էր հիասթափություն. 2012-ին վոկալիստը մեկնել է Իտալիա՝ Միրելա Ֆրենիի անվան ակադեմիայում հայտարարված ամենաամյա մրցույթին մասնակցելու, որի հաղթողները դառնում էին այդ հաստատության ուսանողներ: Ավելի քան 100 մասնակիցներից անցնում են 12-ը, այդ թվում եւ Մերին, բայց նա վերադառնում է հայրենիք, որովհետեւ ուսումը վճարովի էր: Մինչ այդ ուսանող վոկալիստը 2010թ. մասնակցում է Ռումինիայում հեղինակավոր Դարկլեյի անվան միջազգային մրցույթին՝ արժանանալով ոսկե մեդալի, հետո իրար են հաջորդում հաղթանակները` Տաթեւիկ Սազանդարյանի, Մոսկվայում՝ Գլինկայի, Բելգիայում՝ թագուհի Ելիզավետայի անվան մրցույթներում:

Հետաքրքրությանը՝ գուցե մասնակցի նաեւ հունիսին Երեւանում կայանալիք Արամ Խաչատրյանի անվան՝ այս տարի առաջին անգամ վոկալիստների համար նախատեսված միջազգային մրցույթին, Մերի Մովսիսյանի պատասխանը հակիրճ էր՝ հավանաբար:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

26,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930